ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կենտրոն-Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարանը հրաժարվեց քննության ընդունել Դալմայի այգիներին վերաբերող կառավարական հինգ որոշումներն անվավեր ճանաչելու մասին հայցը: Այն ներկայացրել էին հասարակական կազմակերպությունների մի խումբ, այդ թվում «Տրանսպարենսի Ինթերնեյշնլ»-ը, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը եւ Հայկական բուսաբանական ընկերությունը:
Դատավոր Վազգեն Լալայանը մերժումը հիմնավորեց նրանով, որ հայցը ենթակա է քննության Սահմանադրական դատարանում, այլ ոչ թե 1-ին ատյանի դատարանում:
Հայցում հիշատակվող կառավարական առաջինՙ 2003թ.-ի մարտի 27-ի N 503/ա, որոշմամբ «Ֆրանկ Մյուլլեր Արմենիա» ՍՊԸ-ն եւ «Ռենկո Արմստեյդ» ՍՊԸ-ն 50 տարով վարձակալության են ստանում, համապատասխանաբար, 3 հա եւ 5 հա հողատարածք: «Ֆրանկ Մյուլլեր Արմենիա» ՍՊԸ-ին հողամասը հատկացվում է ժամացույցի մեխանիզմների արտադրության գործարանի շինարարության համար, իսկ «Ռենկո Արմսթեյդին»ՙ դիվանագիտական ներկայացուցչություններ կառուցելու համար: Նույն օրվա երկրորդՙ N 1141/ա, որոշմամբ փոխվում է հատկացված հողերի կարգավիճակը եւ կատարվում է նոր սահմանագծում: 2003թ.-ի հունիսի 5-ի N 845/ա երրորդ որոշմամբ Դալմայի այգիների 5000 քառ.մ տարածք (հողերի կարգավիճակի փոփոխմամբ) հատկացվում է Տավրոս եւ Սիրանուշ Գալշոյաններին` բնակելի զանգվածի կառուցման համար: 2003թ.-ի սեպտեմբերի 11-ի N 1281/ա չորրորդ որոշմամբ 5 հա հող վարձակալության է հանձնվում մինչ այդ սնանկացած «Հայկական ավիաուղիներ» («ՀԱՈւ») ընկերությանը հողի սեփականության իրավունքով: «ՀԱՈւ»-ից հողը ձեռք է բերել «Միկա լիմիթեդ» ընկերությունը: Իսկ կառավարության հինգերորդՙ 2004թ.-ի մարտի 31-ի N 395/ա, որոշմամբ առհասարակ փոխվում է Դալմայի այգիների գոտեւորման նախագիծը, ինչպես նաեւ դրանց նպատակային նշանակությունը:
Այսպիսով, ինչպես ընդգծում է Սախարովի անվան կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանը, խախտվել են մի շարք օրենքներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի, ՀՀ հողային օրենսգրքի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթներ:
Դատավորի մերժումը ոչ կառավարական կազմակերպությունները համարեցին չհիմնավորված, եւ վճռաբեկ բողոք ներկայացրին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատ: Այն դեպքում, եթե եւ այս բարձրագույն դատական ատյանը հրաժարվի հայցը քննության առնել, ոչ կառավարական կազմակերպությունները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: