Ազգային անվտանգության աշխատակիցները սեպտեմբերի 7-ին կաշառք ստանալու պահին ձերբակալել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի տարածաշրջանը սպասարկող առաջին ատյանի դատավոր Համլետ Մաթեւոսյանին եւ ՀՀ զինվորական դատախազության Գուգարքի կայազորի դատախազի օգնական Գառնիկ Չախմախչյանին:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, դատարանի վարույթում գտնվող գողության մեղադրանքով հարուցված քրեական գործով ամբաստանյալին հովանավորելու նպատակով Մաթեւոսյանն ու Չախմախչյանը 800 ԱՄՆ դոլար կաշառք են ստացել եւ միմյանց միջեւ բաժանելու պահին ձերբակալվել են: Կաշառքի գումարը հայտնաբերվել եւ առգրավվել է: Մաթեւոսյանին եւ Չախմախչյանին պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար նյութերը հանձնվել են ՀՀ գլխավոր դատախազություն: