ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաքվի իշխանությունների ղարաբաղյան քաղաքականությունը մասնավորապես եւ հայկականն ընդհանրապես չի ենթարկվում որեւէ տրամաբանության: Խոսքը մարդասպան Ռամիլ Սաֆարովի մասին չէ, որը փետրվարին գիշերով կացնահարեց իր հայ գործընկեր սպային, երբ վերջինս քնած էր: Նման սահմռկեցուցիչ դեպքերը կարող են կրկնվել նաեւ ապագայում, քանի որ պետական մակարդակի հասցված հայատյացությունն Ադրբեջանում ծնում է հենց նման «սաֆարովներ»:
Խոսքը հայատյացության մասին է ընդհանրապես: Ի՞նչ է շահում Ադրբեջանը: Հարեւան երկրի արտգործնախարարը հայտարարել է. «Ադրբեջանի ԱԳՆ-ի ու ՊՆ-ի ներկայացուցիչների եւ ՆԱՏՕ-ի պաշտոնյաների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Բաքվում սեպտեմբերի 13-26-ը կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին կարող են մասնակցել երեքից ոչ ավելի հայեր: Մենք թույլ չենք տա հայ սպաների մասնակցությունն առանձին դասակի կազմով»: Էլմար Մամեդյարովը չի բացառել, որ հայ սպաները ընդհանրապես չեն մասնակցի այդ զորավարժություններին:
ՆԱՏՕ-ն այդ զորավարժություններին մասնակցելու համար Հայաստանի ՊՆ է ուղարկել յոթ հրավեր: Եթե հավատանք Մամեդյարովին, ապա Բաքու-Բրյուսել բանակցությունների արդյունքում հնարավոր է, որ հայ սպաների մուտքը Բաքու կանխվի: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասել էր, որ Հայաստանը «Համատեղ լավագույն ջանք-2004»-ին կամ կմասնակցի լրիվ կազմով, կամ չի մասնակցի ընդհանրապես:
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը եւս դեմ է հայ սպաների Բաքու ժամանելուն, քանի որ «մեր երեխաներին սպանողները չպետք է Ադրբեջանի հողին ոտք դնեն»: Ըստ ադրբեջանական մամուլի, հայ սպաների մասնակցությանը դեմ են կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, մի խոսքովՙ Ադրբեջանի բոլոր քաղաքացիները: Իլհամ Ալիեւը հրապարակավ չի արտահայտվում, սակայն ակնհայտ է, որ առաջին հերթին հենց նա է դեմ:
Բաքվի հովանավորությամբ խրախուսվող հակահայ հիստերիան անհասկանալի է ղարաբաղյան կարգավորման ենթատեքստում: Մի քանի օր հետո տեղի են ունենալու Մամեդյարով-Օսկանյան, ապա Քոչարյան-Ալիեւ հանդիպումները: Հարեւան հանրապետության ղեկավարությունը հայտարարում է, որ պատրաստ է շարունակել կարգավորման խաղաղ բանակցությունները, սակայն, մյուս կողմիցՙ հայ ժողովրդի դեմ գրգռում է ադրբեջանցիներին: Որտե՞ղ է տրամաբանությունը: ԼՂ հարցի լուծումը ենթադրում է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ գոյակցություն, մինչդեռ Բաքուն ցանկություն է հայտնում մի կողմից լուծված տեսնել հարցը, մյուս կողմիցՙ թունավորում սեփական ժողովրդին:
Բաքվի հակահայկական հիստերիան անուղղակիորեն բխում է ԼՂ շահերից: Ստեփանակերտի եւ Բաքվի իշխանությունները եւ որ շատ կարեւոր էՙ արցախահայությունը, որեւէ կերպ չեն պատկերացնում Ադրբեջանի գերիշխանության տակ ապրելու հնարավորությունը: Այս առումով Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ Ադրբեջանում հայատյացություն սերմանելու քաղաքականությունն ամրապնդում է «Ղարաբաղը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում» թեզը: