Թուրք դիվանագետը նախազգուշացնում է իր կառավարությանն ու ընդգծում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը
Օգոստոսի 21-ին «Ազգը» «Թուրքիայի հայկական քաղաքականության վերանայումն անհրաժեշտություն է» խորագրով ընթերցողի ուշադրությանն է ներկայացրել Իլթեր Թուրքմենի «Հյուրիեթի» օգոստոսի 7-ի համարում հրապարակված հոդվածը, որտեղ հեղինակը մատնանշում էր, որ թուրքական պետության համար նախընտրելի միակ քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումն է: Թուրքմենը միաժամանակ ցավով էր ընդգծում, որ այդ քաղաքականության հետ չեն համակերպվել թուրքական կառավարություններից թերեւս ոչ մեկը:
Իլթեր Թուրքմենը շարքային հեղինակ չէ: 1980 թ. սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջումից հետո գլխավորել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը, այնուհետեւ Մոսկվայում եւ Փարիզում վարել արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոններ: Այս ամենն առանձնակի նշանակություն էր հաղորդում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման Թուրքմենի տեսակետին:
Բարելավման հարցում Իլթեր Թուրքմենի բարենպաստ մոտեցումը միանգամայն կարելի էր վերագրել Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսի 23-ի նիստում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթին, որն անհանգստություն էր պատճառել Թուրքիայի քաղաքական շրջանակներին: Սակայն Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը Թուրքիայի համար անհրաժեշտություն է դիտում նաեւ հայտնի թուրք դիվանագետ, նախկին դեսպան Յալըմ Էրալփը: Ընդ որում, նա, ի տարբերություն Թուրքմենի, այս տեսակետն արտահայտել է մինչ Քոչարյանի ելույթը «Դյունդեն Բուգյունե Թերջուման»-ի մայիսի 30-ի համարում:
Թերեւս կարելի էր չանդրադառնալ 4 ամսվա վաղեմությամբ արտահայտված տեսակետներին, եթե Էրալփը Թուրքիայի հայկական քաղաքականության համար թուրքական իշխանություններին քննադատելիս նրանց չքննադատեր նաեւ ադրբեջանական քաղաքականության համար եւ ցույց չտար «Հայ-թուրքական հարաբերությունները ազերի եղբայրների քմահաճույքով պայմանավորելու սնանկությունը»:
Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Էրալփի «Ահազանգ. Եվրոմիություն-Ֆրանսիա եւ Հայաստան» խորագրով հոդվածին, որտեղ հեղինակը գրում է. «Երբ ժամանակին ճիշտ քայլեր չես կատարում, գործը մշտապես բարդանում է: 1991 թ. կարելի էր կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Սակայն այդ ժամանակվա կառավարությունն ու նրա հաջորդները պարզապես մեր ազերի եղբայրների (քմահաճույքին) թողեցին Հայաստանի հետ հարաբերությունների ընթացքը: Նույնիսկ սահմանի բացման հարցը պայմանավորվեց ազերիների ցանկությամբ: Այս մոտեցումը էությամբ սխալ էր: Թուրքիան չի կարող առանց Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու նպաստել որեւէ հարցի կարգավորման կամ աջակցել Ադրբեջանին: Ինչպես ազերի խորհրդարանականները, չմասնակցելով Եվրոխորհրդում Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության կարգավիճակի առնչությամբ քվեարկությանը, իրավացիորեն նախապատվությունը տվեցին իրենց շահերին, այնպես էլ Թուրքիան պետք է առաջնորդվի սեփական շահերով: Ադրբեջանի հետ մեր եղբայրությունը չի ենթադրում, որ բոլոր հարցերին մոտենանք նույն տեսանկյունից: Մանավանդ որ մեր դիրքորոշումը ոչ մի կերպ չի հանգեցնում Ադրբեջանի գրավյալ տարածքներից Հայաստանի դուրսբերմանը: Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար բոլորովին պարտադիր չէ նրան որպես նախապայման առաջադրել ադրբեջանական գրավյալ տարածքների ազատումը»:
Հոդվածում Էրալփը բացի հետեւություններից, ուշագրավ տեղեկություններ է հայտնում: Դրանցից թերեւս կարելի է առանձնացնել 1995թ. վարչապետ Թանսու Չիլլերի հետ նրա Բաքու կատարած այցը, որի ընթացքում թուրքական կողմն Ադրբեջանին առաջարկում է Ադրբեջանի գրավյալ 5 շրջանները հայերից ազատելու դիմաց Թուրքիայի հայկական սահմանի բացումը, սակայն առաջարկը մերժում է Հեյդար Ալիեւը:
Ուշագրավ է նաեւ մեկ այլ առաջարկ, որն արել է հայկական կողմը: Թե որքանով է հավաստի առաջարկի մասին Էրալփի վկայությունը, դժվար է ասել: Բայց որ նա վկայելիս միաժամանակ հանգում է խոստովանության բնույթի եզրակացություններին, իսկ դրանք ավելի քան ուշագրավ են, ակնհայտ է: Ահա թե ինչ է գրում Էրալփը. «Հայաստանն այլեւս չի կարող հրաժարվել Ցեղասպանության պնդումներից: Մենք էլ մեր հերթին շարունակելու ենք պնդումներին հակադրել մեր թեզը: Պնդումների հարցում Թուրքիան կարող է առաջարկել իրավաբաններից եւ պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծում, պայմանով, որ նա միջազգային հեղինակություն վայելի: Ի դեպ, դեռեւս 1999 թ. Քոչարյանը Դեմիրելին առաջարկել էր ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով: Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով Դեմիրելը չէր ընդունել: Եթե ընդուներ, ապա Դեմիրելն ի վիճակի էր լինելու ասել, թե «հարցի լուծումը հանձնարարել ենք պատմաբաններին», իսկ Քոչարյանն իր ժողովրդին ցույց կտար, որ «հարցը քննարկվում է Թուրքիայի հետ»: Երբ Դեմիրելը մերժեց այս առաջարկը, հայերն աշխարհով մեկ թափ հաղորդեցին Ցեղասպանության ճանաչման աշխատանքներին: Անձամբ ես համոզված չեմ, որ Հայաստանը կընդունի իմ վերոհիշյալ առաջարկն այն ձեւով, ինչ մատնանշել եմ: Երանի թե ընդունեին: Դա իրենց տեսանկյունից «պատմական իրողության վիճարկումն է»: Սակայն մենք էլ նման հարցերում, չգիտես ինչու, չափից դուրս զգուշանում ենք: Չմոռանանք, որ Կոֆի Անանի ծրագիրը մերժեցին Կիպրոսի հույները, որոնք մինչ այդ հաշտության կողմնակցի համարում ունեին: Հունաստանը, որ էգեյան խնդիրները միջազգային դատարան ներկայացնելու պատրաստակամություն էր հայտնում, հիմա արդեն կտրականապես հրաժարվում է դրանիցՙ բախվելով Թուրքիայի համանման պատրաստակամությանը:
Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ժամանակը վաղուց է եկել»:
Եթե ամփոփելու լինենք նախկին դեսպան Յալըմ Էրալփի գրածները, ապա կստացվի, որ նա ոչ միայն երեւան է հանում Թուրքիայի հայկական քաղաքականության սնանկությունը, այլեւ հայ-թուրքական հարաբերություններն Ադրբեջանի քմահաճույքով պայմանավորելու համար թուրքական կառավարությանը քննադատելիս միաժամանակ նախազգուշացնում է, որ հարաբերությունները չի կարելի պայմանավորել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նախաձեռնություններով: Թերեւս այդ առումով պատահական չէ կառավարությանը հասցեագրած Էրալփի նախազգուշացումը. «Հայաստանը չի կարող հրաժարվել Ցեղասպանության պնդումներից»:
Այս ամենը նշանակում է, որ Թուրքիայի հայկական քաղաքականության պարագայում հարցը սոսկ դրա սնանկությունը կամ թուրքերի Քոչարյանի վերոհիշյալ ելույթից բխող անհանգստությունը չէ, այլ այդ քաղաքականությունը վերանայելու անհրաժեշտության գաղափարի ամրապնդումը թուրք դիվանագետների ենթագիտակցության մեջ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ