«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2004-09-08 | #157, 2004-09-09 | #158, 2004-09-10


Ե՞ՐԲ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԸ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼՈՒ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄՆԵՐԻՑ

Կահիրեում (Եգիպտոս) լույս տեսնող «Արեւ» օրաթերթում գրախոսելով Օսման Քյոքերի խմբագրությամբ «Արաս» հրատարակչատան լույս ընծայած հեղինակ Գեւորգ Փամուքչյանի 249 էջանոց «Գրություններ Ստամբուլի մասին. տեղեկություններ հայկական աղբյուրներից» (Istanbul Yazilari: Ermeni Kaynak/arindan Tarihe Katkilar) գիրքը, բժիշկ Սարգիս Գարայանը նախ ուղղում է մտցնում հեղինակի ազգանվան մեջ, որը պետք է լինի Փամպուքչյան, եւ որն առավելաբար ծանոթ անուն է Ստամբուլի հայկական շրջանակներում: Նա ծնվել է Սկյուտարում 1923 թվին: 1940 թ. սկսած պատմասիրական հոդվածներ է գրել հայկական եւ թուրքական թերթերում, ինչպես նաեւ բրիտանական եւ թուրքական հանրագիտարաններում: Հայ համայնքին լավ ծանոթ է եղելՙ լինելով գլխավոր դիվանապետը Հայոց պատրիարքարանի (1967-1982 թթ.): Մահացել է 1996 թ. սեպտեմբերի 23-ինՙ ականատես չլինելով իր գրքերից որեւէ մեկի տպագրությանը:

«Արաս» հրատարակչատունը բարոյական պարտականություն է համարում Գեւորգ Փամպուքչյանի Ստամբուլի մասին հայ գրողների հոդվածները հրապարակելն առանձին հատորով, դրանք կարեւոր նկատելով հայ եւ թուրք պատմագիտության համար», գրում է գրքի խմբագիրը նախաբանում: Հատորը պարունակում է Փամպուքչյանի կենսագրությունը, նրա գրած Ստամբուլի հայության հակիրճ պատմությունը, այլ հայազգի հեղինակների (Մխիթարյան հայր Ղուկաս Ինճիկյանի, Երեմիա Չելեպի Քյոմուրջյանի եւ այլոց) գրությունները Ստամբուլի պատմության, երկրաշարժերի, հրդեհների, հեղեղումների եւ համաճարակների մասին:

Չորրորդ դարից մինչեւ ներկա ժամանակները Ստամբուլի հայերի մասին գրած Փամպուքչյանի հոդվածում գրախոսողն անճշտություններ է հայտնաբերել, որը վերագրել է խմբագրին եւ ոչ թե հեղինակին. «Ես վստահ եմ, որ Փամպուքչյանը նման սխալ արտահայտություն չէր կարող ըրած ըլլալ», գրում է նա, մեջբերելով 9-րդ էջում տեղ գտած պարբերությունը, որտեղ ասվում է. «Պատմության մեջ առաջին անգամ հայերը որպես զինվոր ընդունվեցին օսմանյան բանակի շարքերը Բալկանյան պատերազմի ընթացքում 1912-13 թթ.: 1915 թ. առաջին ամիսներին Գերմանիայի կառավարության թելադրությամբ օսմանյան կառավարությունը սկսեց հայերի զանգվածային տարագրությունը, իսկ նույն տարվա ապրիլի 24-ին ձերբակալվեցին եւ աքսորվեցին դեպի Այաշ եւ Չանղըրը 250 մտավորականներ Ստամբուլից: Այս աքսորված մտավորականներից մի քանիսն ազատ արձակվեցին Աբդուլ Մեջիդ խալիֆայի կողմից: Մնացյալների ճակատագիրն ի՞նչ եղավ, չգիտենք»:

Նենգափոխված նախադասություններն ակնհայտ են: «Գրքին խմբագիրը հերյուրած է այդ տողերը եւ զանոնք վերագրած Փամպուքչյանին: Այս է իմ համոզումն», գրում է Սարգիս Գարայանըՙ թելադրելով Օսման Քյոքերին եւ նրա ընկերներին վերցնել Թուրքիայի քարտեզը եւ այցելել այն բոլոր վայրերը, որտեղ հայ մտավորականները վայրագորեն ջարդվեցին: Ապա այցելել հարավում սիրիական անապատները, որտեղ աշխարհի ամենամեծ անշիրիմ գերեզմանատունն է գտնվումՙ 1,5 միլիոն հայերի դիակներով: Նա հույս է հայտնում, որ Գեւորգ Փամպուքչյանի հաջորդ 3 գրքերը, որ նախատեսված են հրատարակության («Հայերեն տառերով թրքերեն գրություններ», «Ժամանակներ, վայրեր եւ մարդիկ», «Կենսագրություն հայերի») զերծ կլինեն նման խեղաթյուրումներից:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4