«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2004-09-08 | #157, 2004-09-09 | #158, 2004-09-10


ՀԱՅԱՍՏԱՆԻՆ «ՄԱՐՏՆՉՈՂ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐ ԵՆ» ՊԵՏՔ

ԱԺԴ-ն զբաղվելու է նրանց հայթայթմամբ

«Արեւմուտքը ժողովրդավարություն չի ընծայելու Հայաստանին: Պետք է ժողովուրդն այդ պահանջն ունենա», իրավացիորեն հավատացած է Արշակ Սադոյանը եւ հենց նշված պահանջը ձեւավորելու, Հայաստանը վերջնականապես ժողովրդավարացնելու համար դեռ հուլիսին առաջարկել էր երկրի բոլոր բնակավայրերում 1850 շտաբներ հիմնել եւ «բիլակակռվի պատրաստ» հայորդիների մի քանի հազարանոց խումբ ստեղծել: Ազգային ժողովրդավարների դաշինք (ԱԺԴ) կուսակցության նախագահը հայաստանյան քաղաքական անդաստանը մինչեւ բակային տաղավարներ ընդլայնելու եւ թաղի տղերքին կարեւոր դեր տալու իր առաջարկը եւս մեկ անգամ հրապարակեց երեկ խորհրդարանում հրավիրած ասուլիսում: Այս անգամ «բիլակակռվի պատրաստ տղերքին» Արշակ Սադոյանն անվանեց «մարտնչող ժողովրդավարներ»: Ըստ Սադոյանի, երկրին անհրաժեշտ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու, բարոյահոգեբանական մթնոլորտը շտկելու, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, մի խոսքովՙ մեր բոլոր դարդ ու ցավերից ազատվելու համար անհրաժեշտ են 15-20 հազար «պինդ տղերք»ՙ մարտնչող ժողովրդավարներ: Վերջիններիս հավաքագրման եւ մյուս քաղաքական ուժերից ավելի նպատակահարմար առաջարկներ ստանալու ակնկալիքով հուլիսի 31-ին ԱԺԴ հրավիրած համագումարն արդյունքներ չի տվել:

«Մարտնչող ժողովրդավարներ» ծրագրի իրականացման հարցում ԱԺԴ-ն, «Արդարություն» դաշինքից ակնկալիքներ չունենալով, ձեռնամուխ է լինելու շտաբներ հիմնելու եւ «պինդ տղերքից» մարտնչող ժողովրդավարներ սարքելու գործին: Բացառվելու է «հրացանակռիվը», քանի որ դրանից հետո յուրաքանչյուր մարտնչող ժողովրդավար կարող է հարցնել. «Բա ես գոնե զամմինիստրացու էլ չե՞մ»: Անզեն մարտնչող ժողովրդավարների հնարավոր համարժեք հարցին Արշակ Սադոյանը երեկ արդեն պատասխան ուներ. «Ի վերջո կազմակերպության մեջ կլինեն արժանավոր մարդիկ, եւ հետո մենք փորձում ենք ստեղծել նաեւ դպրոց, որի մեջ ընդգրկվածները կսովորեն հասարակության կառավարման բարդ արվեստը»: Դրանից հետո մարտնչող ժողովրդավարներից ոչ միայն փոխնախարարներ, այլեւ նախարարներ կստացվեն: ԱԺԴ նախագահն իր առաջարկը համարում է նաեւ երրորդ ուժի հայտնաբերման միջոց:

Մարտնչող ժողովրդավարները, Սադոյանի հավաստմամբ, մինչ 2005-ի մարտ-ապրիլ ապահովելու են սահմանադրական փոփոխությունների առնչությամբ հանրաքվե, որին հետեւելու է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություն-հավաստիացումը, որ ինքն այլեւս նախագահական ընտրություններում սեփական թեկնածությունը չի առաջադրի: Դրան էլ հաջորդելու են նախագահական եւ խորհրդարանական նոր ընտրություններ:

ԱԺԴ նախագահի առաջարկի իրականացումը մեկնարկում է այսօր Արտաշատի բնակչության հետ հանդիպմամբ: Ընդգծելով, որ մեծ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է միավորել երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց ուժերը, Արշակ Սադոյանը կարեւորեց վերկուսակցական շահեր հետապնդող մարմնի ստեղծումը եւ հավաստիացրեց, որ ինքն ամեն ինչ անելու է «Արդարություն» դաշինքի երկարակեցության համար:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4