Մեկ տարի առաջ Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Հակոբ Ղազանչյանը նախաձեռնեց «Մոնո թատրոնների փառատոնը», որին մասնակցեցին 9 երկրներից ներկայացուցիչներ: Առաջին փառատոնի հաջողությունն էլ հիմք հանդիսացավ այն անցկացնել ամեն տարի: Ինչպես տեղեկացրեց փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը, այս անգամ փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 19.00-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքումՙ Կարինե Խոդիկյանի «Երկրորդ կտակը» ներկայացումով, որի բեմադրիչն է Հակոբ Ղազանչյանը: Ներկայացմանը մասնակցում են Էլիզաբեթ Հեսը (ԱՄՆ) եւ Բեատե Էհլերը (Գերմանիա): Մինչ պաշտոնական բացումը (խտացված գրաֆիկի պատճառով) թատրոնի փոքր բեմում կլինեն Հայաստանը ներկայացնող երկու ներկայացում:
Փառատոնին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել 13 երկրներիցՙ ՌԴ, Ուկրաինա, Սլովենիա, Սերբիա, Լեհաստան, Իրան, Հնդկաստան, Ֆինլանդիա, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա, Լատվիա: Մեկ շաբաթ տեւող փառատոնի ընթացքում թատերասերների դատին կհանձնվի 29 ներկայացում, որոնցից միայն մեկն է լինելու Մ. Մկրտչյանի անվան թատրոնի շենքում, իսկ մնացածներըՙ ՊՀԹ-ի բեմում, ամեն օր մինչեւ հինգ ներկայացում, փոքր ընդմիջումներով, սկսած ժամը 13.30-22.00-ը երկու դահլիճներում:
Բոլոր ներկայացումները ընթանալու են տվյալ երկրի մայրենի լեզվով, իսկ փառատոնի կազմակերպիչները հոգ են տարել նրանց թարգմանական տեքստերի տրամադրման համար: Հայերեն լեզվով ներկայացումներն էլ, բնականաբար, կթարգմանվեն ռուսերեն եւ անգլերեն: Փառատոնը հովանավորում են ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանի թատերական գործիչների միությունը: Ինչպես անդրանիկ փառատոնին, այնպես էլ այս, ընտրվել է 5 հոգուց բաղկացած հեղինակավոր հանձնաժողովՙ նախագահությամբ Վալերի Խազանովի, ովքեր էլ կորոշեն փառատոնի մրցանակակիրներին ու սեպտեմբերի 20-ին փառատոնի հանդիսավոր փակման արարողության ժամանակ ի հայտ կգան հաղթողները:
Տարօրինակ է, որ փառատոնին մասնակցելու հրավեր չեն ստացել սփյուռքում գործող այնպիսի արվեստագետներ, ինչպես Նորա Արմանինի է, Անահիտ Թոփչյանը եւ Գրիգոր Սաթամյանը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ