«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2004-09-08 | #157, 2004-09-09 | #158, 2004-09-10


ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՐՑԱԽՈՒՅԶԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՄԲ

Համբերության բաժակը զգալիորեն լցվել է: Խոսքը հայ հասարակության համբերության բաժակի մասին է: Հեղինակել են ասվածը «Հայ հասարակության ժողովրդավարացումը. իրողություններ եւ միտումներ» գրքի հեղինակ մասնագետները:

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան», «Ժողովրդավարության եւ խաղաղության» կենտրոնը «Հայ հասարակության ժողովրդավարացումը. իրողություններ եւ միտումներ» գրքում ներկայացնում են 2003 թ. վերջին եւ 2004 թ. սկզբին համազգային ընտրանքով անցկացված հարցախույզի վերլուծությունը: Վերլուծությունների հինգ հեղինակները միմյանց լրացնելով գրքում քննարկում են ժողովրդավարական փոփոխությունների միտումները, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների, հիմնական ժողովրդավարական ինստիտուտների լեգիտիմության, գենդերային հարաբերությունների, ժողովրդավարական վերափոխումների տնտեսական հիմքերի հիմնահարցերը: Գիրքը հայերեն եւ ռուսերեն տարբերակներով առաջարկվում է բոլոր նրանց, ովքեր կոչված են աջակցելու երկրի ժողովրդավարացմանը: Հեղինակները գիրքը նախատեսել են քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների համար:

Գիրքը կարող է մեծապես նպաստել երկրի ժողովրդավարացման խոչընդոտների վերջնական բացահայտմանը եւ հաղթահարմանը:

1000 հայաստանաբնակի շրջանում կատարված հարցախույզի արդյունքներով հարցվածների 51,9 տոկոսը հստակ նշել է սահմանադրականության ավանդույթների եւ փորձի բացակայությունը, 42,5 տոկոսը գտնում է, որ Հայաստանում սահմանվել է խառը վարչակարգ, 46,4 տոկոսը գտնում է, որ ժողովրդավարության կարեւոր նախադրյալներից մեկըՙ հանդուրժողականությունը, մեզանում շատ փոքր չափով է առկա, 50,6 տոկոսը համոզված է, որ բազմակարծությունը «նշանակալի չափով» առկա է մեզանում:

Հարցախույզի վերլուծությամբ պարզվել է, որ մեծ աճ է գրանցվել գենդերային խնդիրների ընկալման հարցում. կանանցՙ 56,6, տղամարդկանց 42,8 տոկոսները գենդերային խնդիրները կարեւոր են համարում:

Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցած գրքի շնորհանդեսին ներկա տարբեր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգծեցին կատարված հարցախույզի անհրաժեշտությունը եւ մատնանշեցին դրաՙ առանց միջազգային որեւէ կառույցի պատվերի անցկացումը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4