Անթիլիասիցՙ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվության բաժնից ստացված լրատվությունը գուժում է մահը Տանն Կիլիկիո միաբանության երեց անդամներից Վարդան արքեպիսկոպոս Դեմիրճյանի, որը պատահել է երեկ, սեպտեմբերի 9-ի վաղ առավոտյան:
Սրբազանի վերջին օծման եւ հուղարկավորության կարգը տեղի է ունենալու վաղը, սեպտեմբերի 11-ին, հընթացս սուրբ պատարագի, Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ: Վախճանյալ սրբազանի մարմինն ամփոփվելու է կաթողիկոսության միաբանական դամբարանում, Անթիլիասի վանքի շրջաբակում:
Մեր կողմից հիշեցնենք, որ հանգուցյալ սրբազանը հանդիսանում էր Անթիլիասի միաբանության մտավորական անդամներից: Հեղինակ է մի շարք գրքերի, վերջին տարիներին ղեկավարում էր կաթողիկոսության մատենադարանն ու թանգարանը:
Վարդան արք. Դեմիրճյանի անհետացումով Տանն Կիլիկիո միաբանությունն այս տարվա ընթացքում կորցնում է իր չորրորդ արքեպիսկոպոսին, նրանցից առաջինը Սահակ արք. Այվազյանն էր, երկրորդըՙ Մեսրոպ արք. Աշճյանը, իսկ երրորդըՙ Զարեհ արք. Ազնավուրյանը: