Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի շենքում հանձնվեցին Եվրոպական միության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ֆինանսավորած «Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի» (ԱԹՊԾ) շրջանակներում ձեռք բերված համակարգչային սարքավորումները: Շուրջ 35.000 ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումների խմբաքանակը ձեռք է բերվել ՀՀ բոլոր մարզերի դատարանների, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցների համարՙ նպատակ ունենալով բարձրացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը, տեղեկացրեց ԱԹՊԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Մալինցյանը: Ըստ նրա, ծրագրի հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ տարանցիկ փոխադրումների դեպքերը: Միջոցառմանը ներկա էր եւ իր ելույթի խոսքում ՀՀ ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիս Գրանդեն նշեց. «Թմրամիջոցների շարժը եւ թմրամոլությունը կանխարգելելու նպատակով ՄԱԶԾ-ի համագործակցությունը ԵՄ-ի եւ Հայաստանի դատաիրավական համակարգի հետ սկսվել է 2001 թ.-ին ԱԹՊ ծրագրի առաջին փուլով: Ծրագրի կարեւոր առանձնահատկություններից է այն, որ վերջինս նպաստում է Անդրկովկասի երեք երկրների համագործակցությանը»: Ծրագրի իրականացման համար 2004-2006 թթ. Եվրոպական միության եւ ՄԱԶԾ-ի կողմից միայն Հայաստանին հատկացվել է 608.000 եվրո ֆինանսական օգնություն: Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը կարեւորեց ծրագրի իրագործումը, սակայն դեռեւս քիչ համարեց աշխատանքները եւ պարզաբանեց, որ «պետք է հաշվառում տարվի նաեւ թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրի, տեսակի, քաշի, այն կատարող սուբյեկտի վերաբերյալ»: Պրն Խաչատրյանը գտնում է, որ ամեն մի դատարան պետք է ունենա մասնագիտացված դատավոր, որն էլ կքննի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ