Որոնց իրականացման երաշխիքներն անհայտ են
«Սննդի անվտանգության մասին» օրենքում երեկ կառավարությունը կատարեց մի շարք փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, եւ որոնք կարեւոր նշանակություն ունեն սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից: Այդ փոփոխությունները լրագրողներին ներկայացրեց գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման եւ սննդի անվտանգության վարչության պետ Միքայել Գրիգորյանը:
Սննդի անվտանգության ապահովման կարեւոր պայման է համարվում արտադրության տեխնոլոգիաների նկարագրության պահանջը, ինչը հնարավորություն կտա դիտարկելու արտադրության ամբողջ գործընթացըՙ հումքի ստացումից մինչեւ պատրաստի արտադրանքի թողարկումը, եւ հայտնաբերելու սկզբնական շրջանում չհայտնաբերված անորակությունը:
Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) վերաբերյալ նույնպես որոշակի պահանջներ են դրվել ինչպես արտադրողների, այնպես էլ ներմուծողների առջեւ: Նրանք պետք է նշեն ԳՄՕ-ների պարունակությունը, որպեսզի սպառողն ընտրելու հնարավորություն ունենա գնել, թե՞ չգնել տվյալ ապրանքը: Այսուհետեւ ապրանքի մասին տվյալները հայերեն պետք է նշեն ոչ միայն արտադրողները, այլեւ ներմուծողները: Այդ դրույթը կգործի օրենքն ընդունելուց հետո երեք ամսյա ժամկետում: Ինչպես ներմուծողները, այնպես էլ արտադրողները պարտավոր են նշել ընկերության անվանումը, վայրը, հասցեն եւ այլ տվյալներ: Նույնը վերաբերում է նաեւ պիտանելիության ժամկետին: Ընդ որում, պետք է նշվի ոչ միայն պահպանման ժամկետը, այլեւ արտադրության օրը, ամիսը եւ տարեթիվը: Այս նշումները կատարելու համար սահմանվելու է վեցամսյա ժամկետ օրենքի ընդունումից հետո:
«Ազգի» այն հարցին, թե ո՞վ է վերահսկելու, որպեսզի օրենքի այս պահանջները կատարվեն, Միքայել Գրիգորյանը պատասխանեց, որ դա կատարելու է կառավարության լիազորած մարմինը: Սննդի անվտանգության պահանջների դեպքում դա առողջապահության նախարարությունն է, ստանդարտների հարցումՙ որակի տեսչությունը եւ այլն: Այս պատասխանից, սակայն, պարզ չդարձավ, թե ինչո՞ւ մինչ այժմ վերոնշյալ մարմինները դա չէին կատարում, երբ այս պահանջներն առկա էին թեկուզ կանոնակարգերի տեսքով եւ ի՞նչ երաշխիք, որ կկատարեն օրենքի փոփոխությունների ընդունումից հետո:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ