Հավաստում են ուսումնասիրության հեղինակները
Հավանաբար մեկ շաբաթից «Նոր Հայաստան» հասարակական կազմակերպությունը ՀՀ դատախազություն կներկայացնի մի շարք փաստեր, որոնք ի հայտ են եկել վերջերս կազմակերպության իրականացրած ուսումնասիրությամբ: Կազմակերպությունը ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ստացել է 2001-2003 թթ. պետբյուջեի երիտասարդական տողով հատկացված գումարների բաշխման ցուցակը: «Երեք տարվա ընթացքում հատկացվել է 457 մլն դրամ, որի ընդամենը 1.5 տոկոսն է տրամադրվել համեմատաբար անկախ կազմակերպություններին եւ մարդկանց, մնացածը մեջ-մեջ են արել յուրայինները», երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանը: Ըստ նրա` կան անհատներ եւ կազմակերպություններ, որոնք ոլորտին տրամադրված գումարների հիմնական տերերն են: «Հաճախ կրկնվում են այն ժամանակ փոխնախարար, այժմ նախագահի վերահսկողության ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Խաչիկյանի, ՀՀ նախագահի առաջին օգնական Արմեն Գեւորգյանի եւ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի քարոզչական շտաբի ղեկավար Վահագն Մկրտչյանի (որն, ի դեպ, «Վալեմ պլազայի» ղեկավարն է) անունները: Նախարարությունում աշխատում են այս մարդկանց ծանոթները, մտերիմները, որոնք ունեն հասարակական կազմակերպություններ եւ ստանում են գումարները», ասաց նա:
Այս ընթացքում, ըստ կազմակերպության ուսումնասիրության, ամենից շատ գումարներ ստացած կազմակերպություններն են Համահայկական երիտասարդական հիմնադրամը (99 մլն դրամ), Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն հիմնադրամը (76.5 մլն դրամ), որի նախագահն է Անդրանիկ Մարգարյանը, եւ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմում գործող երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը:
«Կան կազմակերպություններ, որոնք գումար են ստացել, սակայն պարզել ենք, որ այդ ժամանակ գոյություն չեն ունեցել», ասաց Էլեոնորա Մանանդյանը: Նա ավելացրեց, որ ունեն այլ փաստեր եւս, որոնք չեն ներկայացնի մինչ դատական գործ սկսելը:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ