Եվրոպայում ԱՄՆ միացյալ զինված ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ Չարլզ Վալդը ժամանել է Բաքու, հաղորդում է ադրբեջանական «Ենի զաման» օրաթերթը: Վերջին հինգ ամիսներին սա ամերիկացի գեներալի երրորդ այցն է Բաքու: Թերթը նշում է, որ Վալդի այս այցելության պատճառը սեպտեմբերի 13–26-ը Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժություններն են: «Ենի զամանը» հավելում է, որ ամերիկացի գեներալի Ադրբեջան հաճախակի այցելության գլխավոր նպատակը երկրի տարածքում ամերիկյան ռազմակայաններ տեղակայելու հարցով բանակցություններն են:
Ըստ Բաքվի «Էքսպրես» շաբաթաթերթի, Վալդը Բաքու է ժամանելՙ Ադրբեջանի իշխանություններին համոզելու, որ զորավարժություններին հայ սպաների մասնակցությունը կարեւոր է: «Էխո» թերթն իր հերթին գրում է, որ սեպտեմբերի 11-ից «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» (ՂԱԿ) ակտիվիստները երկրի ազդեցիկ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ սկսելու են զանգվածային ցույցեր ընդդեմ հայ սպաների Բաքու ժամանելու:
ՂԱԿ-ի փոխնախագահ Շամիլ Մեհտին ցավով նշել է, որ իրենց հայտնի չէ, թե որտեղ են գիշերելու հայ սպաները: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերենի դասընթացների ընթացքում Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել էր իր հայ գործընկերոջը: Այս սահմռկեցուցիչ ոճրագործությունը ՆԱՏՕ-ն դատապարտեց, սակայն մի քանի ամիս անց, երբ Բաքու մեկնած երկու հայ սպաների նկատմամբ ոտնձգություն իրականացվեց, Հյուսիսատլանտյան դաշինքը չտեսնելու տվեց: Ավելին, ըստ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի, Բաքուն Բրյուսելի հետ բանակցություններ է վարումՙ հայ սպաների մասնակցությունը «Համատեղ լավագույն ջանք-2004»-ին թույլ չտալու համար: