ԽԱԼՔԱԼԱՔ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 6-ին հայերի եւ վրացիների միջեւ հերթական ընդհարումն է տեղի ունեցել Ջավախքում: Վրաստանի ազգային անվտանգության նախարարության Նինոծմինդայի շրջանային բաժնի նորանշանակ պետը, Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահի տեղակալը (երկուսն էլ ազգությամբ վրացի) Բորժոմի շրջանային վարչության մի քանի աշխատակիցների հյուրընկալել են Նինոծմինդայում, ուր հարբելուց հետո սկսել են անվայելուչ խոսքեր ասել հայերի հասցեին: Ռեստորանում նրանք հայտարարել են, թե հայերը պարտավոր են իրենց առաջ միայն ծառա լինել: Այնուհետեւ բենզալցակայանում տեղի աշխատողներին ստիպել են ձրի բենզին տալ, հայտարարելով, թե Նինոծմինդան վրացական հող է եւ այնտեղ ամեն ինչ վրացիների համար պետք է ձրի լինի: Բենզալցակայանի աշխատողը հրաժարվել է անվճար բենզին տալ, ինչի համար անմարդկային ծեծի է ենթարկվել: Հարբած վրացիներին հանգստացնելու համար միջամտել է Նինոծմինդայի ոստիկանությունը: Կռիվը, սակայն, ավելի է բորբոքվել, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի պատճառով հայ ոստիկանների մեջ կան վիրավորներ:
Ոստիկանության աշխատակիցներն, այնուամենայնիվ, կարողացել են զինաթափել եւ ձերբակալել վրացական անվտանգության աշխատակիցներին:
Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, ձերբակալված վրացիները տեղափոխվել են Ախալցխա: Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Ռաիկ Արզումանյանը նշում է, որ Թբիլիսիում արդեն տեղյակ են կատարվածի մասին, մասնավորապես Նինոծմինդայում պաշտոնավարող երկու վրացիներն այլեւս Նինոծմինդա մտնելու փորձ չպետք է անեն, այլապես, նրա խոսքերով, հնարավոր են նույնիսկ սպանության դեպքեր: Թբիլիսիում Ռ. Արզումանյանին խոստացել են պատժել հանցագործներին:
Իսկ վիրավոր հայ ոստիկանները եւ բենզալցակայանի աշխատողը տեղափոխվել են Հայաստանի Աշոցքի հիվանդանոց: Հիվանդանոցի տնօրինության հավաստմամբ, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: