«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2004-09-09 | #158, 2004-09-10 | #159, 2004-09-11


ԲԵՍԼԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՎԱՐԿԱԾ

Առաջինը տանում է Վրաստան, երկրորդըՙ օս-ինգուշական արյունահեղություն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե չի բացառվում Բեսլանի դպրոցի գրավման եւ Հարավային Օսիայի իրավիճակի լարվածության կապը, անմիջապես արձագանք գտավ Թբիլիսիում: Պետանվտանգության նախարար Վանո Մերաբիշվիլին նշել է. «Ռուսաստանն այդ ողբերգության մեջ փնտրում է «վրացական հետք», բայց չի գտնում»: Արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին ասել է. «Մեզ շատ զարմացրեց պրն Լավրովի հայտարարությունը, եւ եթե Հարավային Օսիան ու Բեսլանի ահաբեկչությունն ինչ-որ բան նշանակում են, ապա դա այն է, ինչի մասին մենք վաղուց ենք ասում. երբ սահմանը եւ ողջ շրջանը թողնում ես անվերահսկելի, ապա կարող է տեղի ունենալ ամեն ինչ»:

Զուրաբիշվիլին ասել է, որ Հարավային Օսիայում իշխում է հանցավոր վարչախումբ, որը կարող է ամեն պահի ռուսական զենքը վաճառել ում պատահի: «Դա իրոք խնդիր է, եւ հնարավոր էՙ Հարավային Օսիայում կա ինչ-որ հետք: Ռուսաստանն այնտեղ պետք է փնտրի իր պատասխանատվությունը», նշել է արտգործնախարարը: Ավելի վաղ հակամարտությունների կարգավորման հարցով պետնախարար Գեորգի Խաինդրավան ասել էր. «Բեսլանը Ռուսաստանի երկակի չափանիշների քաղաքականության հետեւանքն է»:

«Պուտինամերձ» լրատվամիջոցները եւ քաղաքական գործիչները ողբերգությունից անմիջապես հետո շրջանառության մեջ դրեցին Բեսլանի դեպքերի հնարավոր կապը Վրաստանի հետ: Առաջինն ահաբեկչության վայր հասավ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության նկարահանող խումբը եւ մի քանի ժամ անց ապօրինի ձերբակալվեց: ՌԴ Պետդումայի փոխնախագահ Սերգեյ Բաբուրինը հայտարարեց, որ չի զարմանա, եթե պարզվի Վրաստանի մեղսակցությունը Բեսլանի ողբերգությանը: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թենգիզ Կիտովանին ավելացրեց. «Բեսլանում պատանդների գերեվարումն ուղղակիորեն կապված է Հարավային Օսիայի եւ ողջ Հյուսիսային Կովկասի հակամարտությունների հետ... Չեչեն գրոհայինները ճամբարներ են ունեցել Պանկիսի կիրճում: Այն ժամանակ նրանց համարում էին հարգարժան հյուրեր: Շեւարդնաձեն բացահայտորեն հաճոյանում էր ավազակներին»:

Շեւարդնաձեի իշխանության վերջին տարիներին Պանկիսի կիրճը դարձել էր չեչեն գրոհայինների անվտանգ ապաստանավայր, ինչի մասին գրվել է վրացական, ռուսական, արտերկրի լրատվամիջոցներում: Մասնավորապես 2001 թ. հոկտեմբերին վրացական ուժային կառույցների մեքենաներով Ռուսլան Գելաեւի ավազակախումբը Պանկիսից ուղեւորվեց Աբխազիայի Կոդորի կիրճ եւ հետ շպրտվեց աբխազական զինուժի կողմից: Միխայիլ Սաակաշվիլու իշխանության գալով Պանկիսը մոռացության մատնվեց: Եթե իրոք ռուսները մտադրություն ունեն Բեսլանի ողբերգությունն ինչ-որ ձեւով կապել Վրաստանի հետ, ապա այնքան էլ կարեւոր չէՙ չեչեն գրոհայինները նախկինի նման ազատ ելումուտ ունե՞ն Պանկիս: Երկու տարի առաջ ռուսական օդուժը կանխարգելիչ հարվածներ է հասցրել կիրճում ապաստան գտած չեչեն գրոհայինների ենթադրյալ հենակետերին:

Բեսլանի ողբերգության մեղավորներ եւ պատվիրատու Մոսկվան համարում է Ասլան Մասխադովին եւ Շամիլ Բասաեւին: Նրանց ոչնչացմանն օգնելու համար ռուսները կարեւոր տեղեկություն տվողին խոստանում են 10 մլն դոլար: Նախագահ Պուտինի տեսակետներն արտահայտող «Ստրանա» էլեկտրոնային թերթը երեկվա վերլուծականում, վկայակոչելով մի անանուն հետախույզի, գրում է. «Մասխադովը Չեչնիայում է»: Իսկ որտե՞ղ է Բասաեւը. «Նա կամ Չեչնիայում է կամ հարեւան կովկասյան հանրապետություններից մեկում»: Բասաեւի ծննդավայրը Վեդենոյի շրջանն էՙ սահմանակից Դաղստանին եւ Վրաստանին: Եթե Պուտինի համար Բեսլանի ողբերգությունը «սեպտեմբերի 11-ն» է, ինչպես գրում է բրիտանական «Թայմսը», ապա Բասաեւին կարելի է որոնել նաեւ Պանկիսում:

Ռուսաստանը հայտարարել է, որ ահաբեկիչների հենակետերին կանխարգելիչ հարվածներ կհասցնի նաեւ երկրի սահմաններից դուրս: Եթե ռուսների մտադրությունը մտահոգել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ապա ԱՄՆ-ը հավանություն է տվել: Պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն պարտավոր են «փնտրել, գտնել, ձերբակալել կամ ոչնչացնել ահաբեկիչներին»: Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ալեքսանդր Վերբշոուն իր հերթին նշել է. «Այն երկրները, որոնց սպառնում է ահաբեկչությունը, իրավունք ունեն ահաբեկիչներին հարվածներ հասցնելու անգամ երկրի սահմաններից դուրս»:

Արեւմտյան մամուլը Բեսլանի ողբերգության մեջ հակված է «ինգուշական հետքի» հավանականությանը: BBC-ն նկատում է, որ օսերի եւ ինգուշների միջեւ վերարթնանում է թշնամանքը: 1992 թ. մեկշաբաթյա արյունալի բախումների հետեւանքով սպանվեցին ավելի քան երեք հարյուր օսեր եւ ինգուշներ Հյուսիսային Օսիայի Պրիգորոդնիի շրջանում, մի քանի տասնյակ հազար ինգուշներ դարձան փախստական: Օսերը չեն կարող մոռանալ, որ Բեսլանի դպրոցի գրավման առաջին օրերին անընդհատ նշվում էր ահաբեկիչներից մի քանիսի ազգությամբ ինգուշ լինելը: Մասնավորապես նշվում էր, որ ահաբեկիչների ղեկավարը ինգուշ Մոհամեդ Եվլոեւն է:

Օսերը Հյուսիսային Կովկասի միակ քրիստոնյա ժողովուրդն են եւ ի տարբերություն մահմեդական ինգուշների, չեչենների, այս տարածաշրջանի մյուս ազգերի, համարվել են Կրեմլի ամենավստահելի տարրը: «Ռեգնում» գործակալությունը կարծիք է հայտնում, որ Բեսլանի ահաբեկչության պատվիրատուները նպատակ են ունեցել բախումներ հրահրել քրիստոնյա օսերի եւ մահմեդական ինգուշների միջեւ: «Պատահակա՞ն է, որ ահաբեկիչներին օսական դպրոց է բերել Գրոզնիում մեծացած ինգուշ Եվլոեւը: Պատահակա՞ն է, որ քիչ թե շատ հաջողակ բանակցողն ահաբեկիչների հետ Ինգուշիայի նախկին նախագահ Ռուսլան Աուշեւն էր, իսկ ահաբեկիչները որպես միջնորդների պահանջում էին Հյուսիսային Օսիայի եւ Ինգուշիայի նախագահներ Ալ. Ձասոխովին եւ Մուրադ Զյազիկովին»:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4