Զիմբաբվեի դատարանը երեկ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սայմոն Մանին դատապարտեց 7 տարվա բանտարկությանՙ նրան մեղադրելով Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման նպատակով զենք ձեռք բերելու մեջ, հաղորդում է «Ռոյթերը»: Ինչպես հայտնի է, Հասարակածային Գվինեայում նախագահ Նգուեմայի դեմ հեղաշրջում իրականացնելու ամբաստանությամբ մարտի 8-ին ձերբակալվել են Հայաստանի քաղաքացի վեց օդաչուներ, որոնց եւ մյուս 18 կասկածյալների դատավճիռը նախատեսված է հոկտեմբերի սկզբին: Զիմբաբվեում դատարանը մեկական տարվա դատավճիռ է արձակել 65 քաղաքացիների նկատմամբ (հիմնականում հարավաֆրիկացիներ են), որոնք եղել են Սայմոն Մանի վարձած օդանավում: Իսկ օդանավի անձնակազմի անդամների համար որոշվել է 16 ամսվա բանտարկություն:
Ըստ Հասարակածային Գվինեայի դատախազության, նախագահ Նգուեմայի դեմ ձախողված հեղաշրջման փորձի կազմակերպիչը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի որդին է: 51-ամյա Մարկ Թետչերը ձերբակալվել էր Քեյփթաունում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) եւ ազատ արձակվել 300 հազար դոլար գրավի դիմաց: