«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2004-09-09 | #158, 2004-09-10 | #159, 2004-09-11


«ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՑՔԻ ԵՏԵՎՈՒՄ»

Այսօր լրանում է արվեստագետ, մտածող, մշակութաբան Արա Գուրզադյանի ծննդյան 51 տարին: Հիմա նա մեզ հետ չէ: Ճակատագիրն անողոքաբար հեռացրեց նրան ուժերի ծաղկման բուռն շրջանում, երբ այնքան երազանքներ ու ազնիվ մտահղացումներ ուներ, երբ իր հոգու լույսն այնքան անհրաժեշտ էր մեզ... Մեր ինտելեկտուալ-մշակութային աշխարհն աղքատացավՙ զրկվելով անհավանականորեն հարուստ իր ստեղծագործ ներկայությունից:

Այսօր «Ակադեմիա» պատկերասրահում կբացվի Արա Գուրզադյանի գեղանկարչական աշխատանքների «Հայացք հայացքի ետեւում» ցուցահանդեսը:

Ստորեւ նույնությամբ ներկայացնում ենք արվեստաբան Պողոս Հայթայանի դիմանկար-հոդվածըՙ տպագրված Արա Գուրզադյանի ծննդյան օրվա առթիվ «Փրինթինֆո» հրատարակչատան լույս ընծայած պատկերագիրք-ալբոմում:

Արա Գուրզադյանին ես հանդիպեցի բավականին ուշ. գուցե տարիքային տարբերությո՞ւնն էր, սակայն բանաստեղծի արտահայտությամբ` ոչ ուշացած: Մեզ` 60-ականների սերնդիս, բախտ էր վիճակվել աճել ու զարգանալ տաղանդների բազմերանգ դաշտում, զրնգուն անունների կողքին, որոնք ներկայացնում էին մշակույթի եւ գիտության գրեթե բոլոր ոլորտները, որոնց վաստակն ու համբավը արդեն իրողություն են ոչ միայն տեղային առումով:

Տոտալիտարիզմի տապալումը եւ անկախության ծանր երկունքը մեր ժողովրդի հոգեւոր դաշտը ենթարկում է դաժան փորձության, եւ քչերին է միայն հաջողվում ճիշտ կողմնորոշիչներ գտնել այսօրվա եւ ապագայի համար: Ինձ համար այդ տեսանողներից մեկը եղավ Արա Գուրզադյանը` ծայր աստիճան առաքինի (մեր օրերում սակավ հանդիպող), իմացական բազում բարեմասնություններով օժտված ազատական մարդ. շնորհալի գեղանկարիչ, հրաշալի մանկավարժ, փնտրված հրատարակիչ, թարգմանիչ ու խմբագիր եւ վերջապես անփոխարինելի ընկեր:

Ամենազարմանալին հայի իր տեսակն էր: Ազգային եւ համաշխարհային գիտության, մշակույթի, փիլիսոփայության հրաշալի գիտակը նախնյաց օրինակով իր առջեւ խնդիր էր դրել թարգմանաբար իր ժողովրդի սեփականությունը դարձնել այն ամենը, ինչը փակի տակ է եղել տոտալիտար համակարգում: Եվ ահա ծնվում է մեր օրերում նախադեպը չունեցող «Ռուբիկոն» բազմանշանակ եռամսյա հանդեսը` գեղարվեստական բարձր ճաշակով ձեւավորված, նյութերի էլիտար ընտրությամբ, առանց չափազանցության` արդի եվրոպական մակարդակով: Արայի հետագա հրատարակչական ծրագրերն ապշեցուցիչ էին, ինչ-որ տեղ աներեւակայելի մեր այսօրվա հոգեզուրկ իրականության ֆոնին: Ոչ միայն Հայաստան ներբերել արդի մարդկային մտքի նվաճումները, այլեւ դրանք յուրացնելով ստեղծել սեփականը, ազգայինը, որը կհաստատագրվի համամարդկային արժեքների համակարգում: Մարդկայնորեն տառապում էր, որ մեր անփութության եւ ապաշնորհության պատճառով աշխարհը մեզ վատ է ճանաչում: Նա իր շուրջը համախմբել էր ապագայի տեսիլքներով օժտված մտավորական կարող հայերի, որոնց ջանքերով մեր ազգային երկարատեւ նիրհը իր տեղը պիտի զիջեր նոր գաղափարներով հարստացված գոյաբանական հայեցակարգերի: Նա կտրականապես դեմ էր պասսիվ, հայեցողական, ժխտողական տրտունջներին, անիմաստ արդարացումներին, անելանելիության մարմաջով տառապող «մարգարեներին»: Եվ վերջապես Արան շնորհաշատ գեղանկարիչ էր, որի համար զոհել էր շատ բան` տարիներ, առողջություն, ֆիզիկոս գիտնականի կարիերա:

Երբեք չեմ մոռանա այն հոգեպարար ժամերը, երբ առաջին անգամ, մոտ վեց ժամ շարունակ դիտում էի նրա մտքի եւ երեւակայության արգասիք գեղանկարչական աշխատանքները, որոնց մեջ ժամանակը, տարածությունը, մշակութային տարբեր ինֆորմացիաները, տիեզերական անհունը, աստղաբույլերը ներբերված էին մեկ հարթության վրա` մուգ ֆոների եւ դրանց հակադրվող արծաթափայլ ներթափանցումների դաշնությամբ: Այս ինտելեկտուալ գեղարվեստական «խտանյութերը» (կարծես մեծաչափ նկարների յուրաքանչյուր հատված արդեն ավարտուն, իսկական գործ էր) զարմանալիորեն ներթափանցված են լուսեղեն երազների հարաշարժ փոփոխակներով, նկարիչը դիտողին կարծես ձգում է իր ստեղծած մեդիտացիոն դաշտի սահմաններից ներս: Արվեստագետի ներքին հուզական եւ մտավոր հոսքը, տեղափոխվելով պատկերային դաշտ, վերածվում է «կազմակերպված» նկարաշարերի, մեկը մյուսին փոխանցելով լեյտմոտիվային թեմաներ, մոտիվացիաներ, նշաններ եւ նշանային համակարգեր: Այս տարածությունները ձգում են մարդուն, հաղորդականության մեջ պահում նրան: Կասկածից վեր է, նրա հետմահու (ձեռքս «պապանձվել» էր այս բառը գրելիս) ցուցահանդեսը` «Հայացք հայացքի ետեւում», դիտողին մասնակից կդարձնի այս երկխոսությանը, որի հոգեւոր բարձր ոլորտները կպոկեն առօրյա տաղտուկից, նրան կտանեն արծաթալույս ճանապարհներով:

Սերունդների համար Արա Գուրզադյանի անձը եւ վաստակը զուգորդվելու են լույսի, առաջընացի, ոգեկանության բարձր երեւույթների հետ:

ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4