ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երեկ Երեւանում բացված Armenia expo-2004-ը չորրորդ տարածաշրջանային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսն է, որին այս տարի մասնակցում են ավելի քան 170 ընկերություններ Հայաստանից եւ մի շարք այլ երկրներից: Նրանք 6 առանձին բաժիններում ներկայացնում են իրենց արտադրատեսակները: Այդ տաղավարներն ենՙ արդյունաբերություն, շինարարություն, համակարգչային տեխնիկա, տպագրություն, խմիչքներ եւ սնունդ, օտարերկրյա ընկերություններ: Վերջիններիս թվում միավորված տաղավարով ներկայացված էին Իրանի, Գերմանիայի, Բելառուսի եւ առանձին ցուցասրահներովՙ Ռուսաստանի, Սիրիայի եւ այլ երկրների ձեռնարկությունները:
Ցուցահանդեսում ներկայացված էին բազմաթիվ նոր ընկերություններ, որոնք իրենց գործունեությունը սկսել էին վերջին երկու-երեք տարիներին: Օրինակՙ Սեւանի շաքարի գործարանը հիմնադրվել է 2003 թ. հունվարին եւ արտադրում է օրական 12 տոննա շաքարավազ: Ճիշտ է, դա Հայաստանի պահանջարկի մոտ 3 տոկոսն է բավարարում, բայց առաջին արտադրության հիմնումը ամբողջությամբ ներմուծվող ապրանքատեսակի համար, կարծում ենք, արժանի է հիշատակման: «ՍՍՕ պլաստն» սկսել է գործել 2000 թ.-ից եւ զբաղվում է պոլիմերային տարաների արտադրությամբ, որի գրեթե կեսն արտահանվում է: Հաճելի նորույթ էր «Բահագս» նորաստեղծ ընկերության յոգուրտների տեսականին: Այս ընկերությունն արտադրում է «Պուշո» սերուցքները, յոգուրտները, հյութ յոգուրտները, յոգուրտային կաթնաշոռները, սերուցքները: Չրերի արտադրության «Քաջ Մանո» ձեռնարկության արտադրանքը հիմնականում արտահանվում է: Սննդի եւ խմիչքների բաժնում իրենց տեսականիով ու ձեւավորմամբ առանձնանում էին «Գրանդ տոբակոյի» (ներառյալ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը») եւ «Գրանդ քենդիի» տաղավարները: «Արդյունաբերություն» տաղավարում ներկայացված էր հոլդինգի մյուսՙ «Գրանդ սան» ձեռնարկությունը: Ինչ վերաբերում է կենցաղային տեխնիկային, ապա այստեղ գերակշռում էր արտասահմանյան երկրներից ներմուծված արտադրանքը: Օրինակՙ «Թերմոռոս-Ար» ընկերությունը Հայաստան է ներմուծում եվրոպական արտադրության ջեռուցման համակարգեր: Ջեռուցման, ջերմամատակարարման, լուսավորման եւ կենցաղային անհրաժեշտության այլ սարքավորումների եւ դրանց բաղադրիչների ներմուծմամբ են զբաղվում նաեւ ցուցահանդեսում ներկայացված մի շարք այլ ընկերություններ: «Բիտկոմպ» ընկերությունը այցելուներին ցուցադրում էր ինքնապաշտպանության միջոց «Գյուրզա» էլեկտրաշոկերը: Այցելուներին մեկ ընդհանուր փաթեթում տրամադրվում էին «Պրեմիեր» սուրճի, «Բիելլա» մսամթերքի արտադրության, SFC արագ պատրաստման ուտեստների եւ «Օմեգա» գիշերային ակումբի գովազդային բուկլետները, ինչից պարզ դարձավ, որ դրանք նույն ձեռնարկատիրոջը պատկանող ընկերություններ են:
Ցուցահանդեսին, որը կազմակերպել էր այս ոլորտում մասնագիտացած Logos expo center կազմակերպությունը, նախատեսվում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասնակցությունը եւ ելույթը: Սակայն նախ հայտարարվեց, որ վարչապետը կայցելի նախատեսվածից մեկ ժամ ուշացումով, բայց մեկ ժամ հետո էլ նա չժամանեց: Փոխարենը ցուցահանդեսը բացեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, իսկ ելույթ ունեցավ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: Վերջինս ուրախություն հայտնեց, որ ցուցահանդեսին ներկայացված են հիմնականում արտահանման ուղղվածության արտադրանքները եւ որ ավելացել են ներկայացված օտարերկրյա ընկերությունները:
Armenia expo 2004-ի մեկ այլ կազմակերպիչ կառույցիՙ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ միջոցառումը դարձել է ավանդական: Նա նմանատիպ ցուցահանդեսները միանշանակորեն գնահատեց որպես դրական երեւույթ, ասելով, որ չի եղել մի ցուցահանդես, որի արդյունքում չլինեն նոր պայմանագրեր ներքին կոոպերացիայի եւ արտահանման ուղղությամբ:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը նույնպես ողջունեց ցուցահանդեսի բացումը, ասելով, որ պետք է ավելի հաճախ հանդիպել, շփվել ու ցույց տալ, թե ինչ ենք արտադրում արդեն նորՙ շուկայական հարաբերությունների ժամանակաշրջանում:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 13-ը: Այդ շրջանակներում կանցկացվեն արտասահմանյան բիզնեսի օրեր: Դրանցից առաջինը նվիրված կլինի ԱՄՆ-ին, երկրորդըՙ Չինաստանին, երրորդըՙ Ռուսաստանին: