«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2004-09-09 | #158, 2004-09-10 | #159, 2004-09-11


«ԱՌՈՂՋ Է ԿԻՆԸ, ԱՌՈՂՋ Է ԸՆՏԱՆԻՔԸ, ՈՒՐԵՄՆ ԵՎ ԱՌՈՂՋ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

ՀՀ առողջապահության նախարարությունը եւ հայ-ամերիկյան առողջության կենտրոնը հոկտեմբերը հայտարարում են միամսյակՙ «Զգաստությո՛ւն կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ», կոչ անելով բոլորին մասնակցել այդ շարժմանը: Կենտրոնը 8-րդ անգամ դիմում է հասարակությանըՙ խնդրելով եւ պահանջելով ուշադրություն դարձնել քաղցկեղի վտանգին:

Հայ-ամերիկյան կենտրոնում հետազոտվել է 45 հազարից ավելի մարդ, որից պարզ է դարձել, որ Հայաստանում կանայք շատ վատ են հետեւում իրենց առողջությանը: Նրանց մոտ հաճախ են հանդիպում կրծքագեղձի քաղցկեղի ծանր դեպքեր, իսկ բժշկի են դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Բացի այդ, ուսումնասիրված կանանց 12 տոկոսի մոտ հայտնաբերվում են չարորակ գոյացություններ: Այս է պատճառը, որ վերոհիշյալ նախարարությունն ու կենտրոնը դիմում են բոլոր կանանց, ովքեր 40 տարեկանն անց են, եւ խնդրում տարին գոնե մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն անցնելՙ սեփական անձի, ընտանիքի եւ ողջ հասարակության առողջության համար: Կենտրոնը տեղեկացնում է նաեւ, որ ամսվա ընթացքում դասընթացներ են կազմակերպվելու եւ բոլոր հնարավոր ձեւերով փորձ է արվելու կնոջը սովորեցնել կրծքագեղձի ինքնազննման մեթոդները, իսկ մամոգրաֆիկ եւ կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտությունները հոկտեմբերի 1-31-ը կիրականացվեն 50 տոկոս զեղչով:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4