ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկության զոհերի հիշատակին էր նվիրված շաբաթ օրը Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում կազմակերպված միջոցառումը, որին ներկա էին Հայաստանի պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ: Ամերիկացիները գիտեն, որ ահաբեկչության սկիզբը բնավ էլ սեպտեմբերի 11-ը չէր, եւ բազմաթիվ երկրներ տարիներ շարունակ հանդուրժել են ահաբեկչության սարսափելի հարվածները,- հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Նա ընդգծեց, որ ներկաները հարգանքի տուրք են մատուցում ահաբեկչության բոլոր զոհերի հիշատակին, այդ թվում նաեւ Ռուսաստանի Դաշնության Բեսլան քաղաքում տեղի ունեցած ահաբեկության զոհերի, որոնք իրենց մահկանացուն կնքեցին ընդամենը մի քանի օր առաջ: Ջոն Էվանսի խոսքերով, ԱՄՆ-ը եւ նրա դիվանագիտական ներկայացուցչություններն աշխարհի բազմաթիվ երկրներում փորձում են ճանապարհ հարթել խաղաղության համար:
Հայաստանում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովը նշեց, որ ահաբեկչությունը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, եւ նրա դեմ պետք է պայքարել միասնական եւ համատեղ ջանքերով: Ելույթներից հետո ներկայացվեց «Օվազիս» թատրոն-ստուդիայի «Այդ օրը» բեմադրությունըՙ նվիրված ահաբեկչության բոլոր զոհերի հիշատակին: