«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2004-09-10 | #159, 2004-09-11 | #160, 2004-09-14


ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՄԵԶ ՀԵՏ

Սեպտեմբերի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի լեցուն դահլիճը Հասմիկ Պապյանի մենահամերգի ունկնդիրը եղավ:

Ես մտադիր չեմ ձեզ ներկայացնել այդ համերգի գրախոսությունը, քանզի այն ավելի հեղինակավոր եւ բանիմաց լինել չի կարող, քան այն, ինչ այսօր գրվում, ասվում է նրա մասին աշխարհի առաջադեմ ու խստապահանջ մամուլում. «Լիարժեք հեքիաթ է... Աստվածային Հասմիկ Պապյան... Թատերաշրջանի հայտնությունը..... Լավագույնը հնարավոր Նորմաներից... Նեղոսի իսկական աստղը... Ձայն, որ կյանք տվեց Բելլինիի «Նորմային»... Վերջապես նորից մեծ վերդիյան սոպրանո, Թատերաշրջանի ամենամեծ հաջողությունը... Համաշխարհային դրամատիկ կոլորատուրային սոպրանո մրցույթից դուրս......» եւ այլն, եւ այլն:

Ես պարզապես նրան կուզեի անվանել ամբողջական նկարագրի հայուհի:

Լսում ես աշխարհահռչակ երգչուհուն, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երբեմնի սանուհուն, հիանում, զարմանում, իր հետ ընկղմվում երաժշտության աներեւույթ աշխարհի խորքն ու մտածում, թե որչափ հզոր են մեր ժողովրդի ստեղծագործական ուժն ու կարողությունները: Որչափ վեհ ու արժանապատիվ են նրա բարոյական հատկանիշները:

Հիմա` Հայաստանում եղած օրերին, երբ շփվում, զրուցում ես մեծահամբավ երգչուհու հետ, ակամա մտաբերում ես կոնսերվատորիայի լսարաններից մեկում, պատուհանին կից նստարանին նստած (սկզբում լարային, ապա երգեցողության բաժնի) ուսանողուհուն, նրա կենտրոնացած, ամեն ասված խոսքը լսող եւ ըմբռնող հայացքը, նրա առաքինի, համեստ կեցվածքը եւ, ամենակարեւորը, մտածում արվեստի դժվար ու փշոտ ճանապարհը հաղթահարելու նրա նպատակասլացության, կազմակերպվածության, կամքի եւ ուժի մասին: Զրուցում ես աշխարհի համբավավոր բեմերում հաղթանակ տարած, օպերային դժվարագույն դերերգերը շքեղորեն մարմնավորած մեծ արվեստագիտուհու հետ ու ներքին խորունկ բավարարվածությամբ տեսնում նույն աղջնակին, համեստ, սնափառությունից իսպառ զուրկ Հասմիկ Պապյանին: Լսում ես մայրական հոգու նրա թրթիռը, քանզի խոսակցության հիմնական թեման իր դստեր, փոքրիկ Սիրանուշի պատմություններն են, լսում երախտագիտության հուզական արտահայտություններն իր մոր, հարազատների, իր ամուսնու` գերմանացի դրամատուրգ Քոնրադ Քուհնի մասին: Իսկ երախտագիտության զգացումը մարդկային բարոյականության բարձր արտահայտություններից է: Երախտագիտության նման արտահայտություն էր նաեւ մենահամերգի նվիրումն իր ուսուցչի` Տաթեւիկ Սազանդարյանի հիշատակին:

Մեր օրերում հատկապես արժեքավոր է նաեւ իր էության մեջ Հայաստան աշխարհն ունենալու իրողությունը: «Ես ինձ ամենից լավ զգում եմ այստեղ` իմ տանը, Հայաստանում», հաճախ է սիրում ասել աշխարհի ամենամեծ պահանջարկն այսօր ունեցող երգչուհիներից մեկը` Հասմիկ Պապյանը: Սրա իրական արտահայտությունը մենահամերգի ավարտին «Հայաստան, երկիր դրախտավայր» հանրահայտ երգի Պապյանի հուզական, գեղարվեստորեն ներգործուն կատարումն էր:

Այսպիսի անհատների գոյությունն է, որ հույս ու հավատ է ներշնչում դեպի վաղվա օրը, դեպի քո երկիրը, դեպի մարդը, նրա բարոյականությունը:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4