«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2004-09-10 | #159, 2004-09-11 | #160, 2004-09-14


ՋԵՌՈՒՑՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԼԻՈՎԻՆ ՓՈԽՎԵԼՈՒ Է

«Այս տարի Երեւանում կենտրոնացված ջեռուցում չի լինի: 13 կազմակերպություններ եւ անհատ ձեռներեցներ ներգրավվելու են ջեռուցման կազմակերպման մեջ: Նրանք բիզնես ծրագրեր են ներկայացրել, համաձայն որոնց վարձակալելու եւ տնօրինելու են կաթսայատները: 5 կազմակերպությունների հետ արդեն պայմանագրեր են կնքվել, մոտ օրերս նաեւ մնացածի հետ կկնքվեն, եւ Ավանում, Դավիթաշենում, Աջափնյակում ու Կենտրոնում ջեռուցումը կկազմակերպվեն մասնավոր կազմակերպությունները», երեկ այսպիսի հայտարարություն արեց քաղաքապետարանում շինարարության, բարեկարգման եւ կոմունալ վարչության պետ Աշոտ Սարգսյանը:

Միայն չնչին թվով շենքեր ջերմաէլեկտրակայանի միջոցով կենտրոնացված ջեռուցում կստանան, իսկ քաղաքապետարանը էլի սպասելու է ջեռուցման վերաբերյալ անհատների եւ կազմակերպությունների նոր բիզնես ծրագրերի:

Փաստացի անցումը բացառապես տեղային ջեռուցման համակարգի, ինչի մասին նախորդ տարիներին պնդում էին պաշտոնատարները, չի լինի: «Նոր համակարգը կլինի եւ տեղային, եւ մի քիչ ավելի լայնածավալ: Այս տարի միայն 2-3 շենքի ջեռուցում ապահովելը չի նշանակի, թե կազմակերպությունը կավարտի իր անելիքը: Պայմանագրի եւ բիզնես ծրագրի համաձայն տվյալ կաթսայատունը վարձակալած անհատը կամ միությունը պարտավորվում է 2-3 տարում վերականգնել կաթսայատնից ջեռուցվող շենքերի նախկին քանակն ամբողջությամբ:

Ինչպես միշտ, արդեն աշնան սկզբից, լրագրողների հետ հանդիպումների ժամանակ քաղաքապետարանում սկսում են խոսել ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին: Սովորաբար այդ խնդիրներն այնքան շատ են, եւ բնակֆոնդի մեծ մասի քայքայվածության պայմաններում այնքան սրված, որ ոչ իշխանություններն են հավատում, թե մեր բնակչության համար ցուրտ ձմռանը դիմանալու տանելի հնարավորություններ են ապահովելու, ոչ էլ բնակիչներն այդքան միամիտ են, որ հավատան ամեն ձմեռնամուտի տեղական իշխանությունների հերթապահ խոստումներին: Վարչության պետն այս տարվա համար էլ ներկայացրեց դրանք: Թաղային համայնքներում, ինչպես կարգն է, տանիքների նորոգումների, դռների, պատուհանների ամրացման կամ նորերի տեղադրման, վերելակների աշխատանքը կանոնակարգելու նոր ծրագրեր են մշակվում: Աշոտ Սարգսյանի ասելով, այդ աշխատանքների 90 տոկոսն արդեն իրականացվել է: Դրանք կատարվում են հիմնականում թաղապետարանների ֆինանսական միջոցներով, (վերջինս շինանյութեր է տրամադրում) համատիրությունների ու բնակիչների ներգրավմամբ:

Հատկապես բնակելիների տանիքների խնդիրը մեր քաղաքային տնտեսության ամենացավոտ կողմերից է: Դրանց նորոգման համար հսկայական գումարներ են պետք, որ վեր են թաղապետարանների, համատիրությունների ու բնակիչների ուժերից: Թե քանի տանիք է հաջողվել նորոգել Երեւանում այս ձմռան հանդիման, քանի դուռ ու լուսամուտ նորոգվել ու ամրացվել, վարչության պետը, համենայն դեպս, չասաց եւ խոստացավ ներկայացնել ամսվա վերջին:

Մայրաքաղաքում ավարտին են մոտենում ե՛ւ քաղաքապետարանի, ե՛ւ թաղապետարանների ուժերով կատարվող ասֆալտապատումները: Նախատեսվում են լրացուցիչ աշխատանքներ նաեւ փոսային նորոգումների համար: Հընթացս շարունակվում է քաղաքապետարանի հակամարտությունը ջրմուղ-կոյուղու, գազա եւ էներգամատակարարման այն կառույցների հետ, որոնք վթարների վերացումից հետո ասֆալտը թողնում են քարուքանդ վիճակում եւ հեռանում:

Քաղաքապետարանը հերթական պարտադրանքն է դրել նրանց առջեւ, ըստ որի մինչեւ տարեվերջ պիտի լցնեն ու բարեկարգեն դեռ նախորդ տարվանից մնացած խրամուղիները:

Ամեն տարի առաջին ձյունը եւ դրան հաջորդած օրերը բառացիորեն կաթվածահար են անում քաղաքային տրանսպորտը: Հատկապես առավոտյան ու երեկոյան ժամերին աշխատավայր հասնելը կամ վերադառնալը դառնում է օրվա գլխավոր խնդիրը:

Թերեւս այսօրվանից քաղաքային իշխանությունները ձյան մաքրման ու փողոցներն անցանելի դարձնելու պլանների հետ պիտի մտահոգվեն նաեւ երթուղային քարտեզներում հնարավորինս սրբագրումներ անելու մասին: Խոսքը վերաբերում է հատկապես անանցանելի դարձող հատվածներին (օրինակ, Նորքի զանգվածներին), ուր այդ օրերին երթուղայինները` հին թե նոր, մաշված թե չմաշված, խուսափում են վեր ու վար անելուց:

Ցանկության դեպքում միշտ էլ լուծումներ լինում են, սակայն քաղաքապետարանի տրանսպորտային եւ կոմունալ վարչություններում այս հարցը երբեք համատեղ քննարկման թեմա չի դարձել:

Աշոտ Սարգսյանը միայն հավաստիացրեց, որ ձյուն մաքրող նոր տեխնիկայի համալրման միջոցառումներն ընթացքի մեջ են, իսկ թաղային համայնքներում մոտ 270 տ աղ ու ավազ է կուտակվել փողոցների վրա ցանելու համար:

«Ազգի» նկատողությանն ի պատասխան, թե հնարավոր չէ՞ արդյոք հրաժարվել աղապատումից, որ շարունակաբար փողոցների խորդուբորդությունների, փոսերի ու փոսորակների խրոնիկական առատություն է առաջացնում, եւ դիմել նոր միջոցների, ինչպես արվում է այսօր Ռուսաստանում, Աշոտ Սարգսյանը ի զարմանս պարզապես ժխտեց աղի վնասակարությունը: Ինչը, ի դեպ, իբրեւ ասֆալտածածկույթի քայքայման գլխավոր պատճառ, ամեն անգամ նշել են նույն քաղաքապետարանի պաշտոնյաները: Մի բան հաստատ է, այնուամենայնիվ, ասֆալտապատումը թե՛ գարնանը, թե՛ ամռանն ու ձմեռնամուտին, քաղաքային իշխանությունների ամենասիրած զբաղմունքն է:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4