«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2004-09-11 | #160, 2004-09-14 | #161, 2004-09-15


ԳՅՈՒԼԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. «ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐՋ ԿՏԱ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ»

Նախազգուշացման պատճառաբանությունը Թալ Աֆարում թուրքմենների վրա ամերիկյան ուժերի հարձակումներն են

«Ազգը» նախորդ համարում «ԱՄՆ-ն Իրաքում թուրքմենների միջոցով պատժում է Թուրքիային» հոդվածով կարծիք էր հայտնել, որ պատիժը հակազդեցություն է ենթադրում, իսկ հակազդեցությունըՙ թուրք-ամերիկյան հարաբերությունների սրում: Այդ կարծիքի հիմքում Մոսուլի շրջանի գյուղաքաղաքներից Թալ Աֆարի դեմ ամերիկյան ուժերի ձեռնարկած ռազմական գործողություններն էին:

Սեպտեմբերի 4-ին սկսված այդ գործողությունները շարունակվում են, մեծապես թուրքմեններով բնակեցված Թալ Աֆարը դեռեւս պաշարված է, չեն դադարում գյուղաքաղաքի վրա ամերիկյան ռազմական ինքնաթիռների օդային հարվածները: Վերջին տվյալներով, Թալ Աֆարի վրա ամերիկյան ուժերի հարձակումները հանգեցրել են շուրջ 200 թուրքմենի սպանության, ավելի քան 300-ը վիրավորվել է: Տասնյակ հազարավոր թուրքմեններ ստիպված լքել են գյուղաքաղաքը: Ինչպես «Հաբերանալիզի» սեպտեմբերի 13-ի համարում վկայում է պրոֆ. Ջեմալեթդին Թաշքըրանը, ամերիկյան ուժերն արգելում են թուրքմեններին վերադառնալ իրենց բնակարանները, քրդերը ձգտում են Թալ Աֆարը վերաբնակեցնել Սիրիայից Հյուսիսային Իրաք ներգաղթած քրդերով, գյուղաքաղաքի դեմ ձեռնարկվող ռազմական գործողություններին ամերիկացիների հետ ուս-ուսի մասնակցում են նաեւ քուրդ փեշմարգաները:

Այլ կերպՙ ամերիկացիները նաեւ թուրքմենների հարցում են համագործակցում քրդերի հետ, ինչը Հյուսիսային Իրաքի հարակից շրջանների ազգագրական քարտեզը հօգուտ քրդերի փոխելուց զատ հետապնդում է հեռագնա նպատակներ, որոնցից թերեւս կարելի է առանձնացնել Իրաքի թեկուզ դաշնային հիմունքներով մասնատումը քրդական եւ արաբական հատվածների: Պայմանով, որ արաբական հատվածն էլ իր հերթին մասնատվի սուննիների ու շիաների հատվածների, իսկ թուրքմենները դուրս մնան մասնատման գործընթացից առանց որեւէ կարգավիճակի:

Թուրքիան գուցե հանդուրժեր Իրաքի մասնատումը, եթե ամերիկացիները առանձին որեւէ հատված ամրագրված կարգավիճակով նախատեսեին նաեւ թուրքմենների համար: Քանի որ նա իրաքյան գործընթացներին փորձում է մասնակցել թուրքմենական գործոնի միջոցով, ուստի այդ գործոնի չեզոքացումը, այն էլ քրդերի մասնակցությամբ, նրան կանգնեցնում է Իրաքից վերջնականապես դուրս մղվելու փաստի առջեւ: Հետեւաբար Սիրիային սահմանամերձ Թալ Աֆարի պարագայում թուրքական իշխանությունների խնդիրը Հյուսիսային Իրաքը հարակից արաբաբնակ կամ թուրքմենաբնակ բնակավայրերի հաշվին ընդարձակելու եւ ընդարձակվող տարածքը միատարր քրդական դարձնելու միտումները չեն միայն, այլեւ իրաքյան գործընթացներից վերջնականապես դուրս մղվելը:

Ահա թե ինչու Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի սեպտեմբերի 12-ին թուրքական մամուլում հրապարակված հայտարարությանը, թե իր երկիրը չի կարող անտեսել Հյուսիսային Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները եւ անտարբեր մնալ թուրքմենների ճակատագրի նկատմամբ, հետեւեց նոր հայտարարություն, որը սեպտեմբերի 13-ի հաղորդագրությամբ տարածել է կիսապաշտոնական «Անատոլու» գործակալությունը:

Վերջին հայտարարությամբ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը Թալ Աֆարի վրա ամերիկյան ուժերի հարձակումների առնչությամբ նախազգուշացնում է Վաշինգտոնինՙ մասնավորապես ասելով. «Ամերիկյան իշխանությունների հետ անմիջական շփումների մեջ ենք, ես անձամբ դիմեցի պետքարտուղար Քոլին Փաուելին: Նրան պարզորոշ ասացի, որ եթե այսպես շարունակվի, ապա Թուրքիան վերջ կտա ԱՄՆ-ի հետ համագործակցությանն Իրաքի հարցում: Կարծում եմ, պետք է խնայել խաղաղ բնակիչներինՙ խուսափելով նրանց դեմ բիրտ ուժի գործադրումից: Այս ամենի մասին նրան ասել ենք: Շարունակելու ենք ասել: Իհարկե, միայն խոսքով բավարարվել չենք կարող, անհրաժեշտության դեպքում խոսքից կանցնենք գործի»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4