Անգամ Բաքվում Թուրքիայի դեսպանն է դժգոհ Իլհամ Ալիեւից
Իշխանությունը հորից ժառանգելուց եւ 2003 թ. հոկտեմբերին կասկածելի եւ արյունոտ ընտրություններով Ադրբեջանի նախագահ դարձած Իլհամ Ալիեւը կրում է արտաքին քաղաքական առաջին լուրջ ձախողումը: 42-ամյա Ալիեւը չկարողացավ մի կողմից ապահովել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների Բաքվում անցկացումը, մյուս կողմիցՙ խոչընդոտել այդ զորավարժություններին հայ սպաների մասնակցությանը: Եթե դա հաջողվեր, ապա, անկասկած, Ալիեւը «չոր» դուրս կգար. ե՛ւ ՆԱՏՕ-ն գոհ կլիներ, ե՛ւ ադրբեջանական հասարակությունը:
Սակայն ամեն ինչ լավ է, երբ լավ է ավարտվում: Ալիեւի համար ամեն ինչ ավարտվեց կատարյալ ձախողմամբ: ԱՄՆ պետքարտուղարությունը քննադատել է Բաքվի իշխանություններին, որոնք խախտել են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի հիմնարար սկզբունքը, համաձայն որիՙ զորավարժությունները պետք է բաց լինեն բոլոր գործընկեր երկրների համար: Պետքարտուղարությունը պաշտպանել է ՆԱՏՕ-իՙ Բաքվի զորավարժությունները չեղյալ հայտարարելու որոշումը եւ իր «խոր ափսոսանքը» հայտնել Ադրբեջանի իշխանություններին:
Ավելի վաղ Ադրբեջանին քննադատել էին ՆԱՏՕ-ն եւ այդ կառույցի գլխավոր քարտուղարը:
«Լավագույն համատեղ ջանք-2002»-ն անցկացվել է Վրաստանում: Անցյալ տարի զորավարժությունները կայացան Հայաստանում: Ադրբեջանը, հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը, հրաժարվեց սպաներ ուղարկել Երեւան: Թուրքիան, որը նույնպես դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ եւ արդեն 11 տարի շրջափակման մեջ է պահում մեր հանրապետությունը, մասնակցեց զորավարժություններին: Ի դեպ, Բաքվում Թուրքիայի դեսպան Չեւիքոզն Ադրբեջանի իշխանություններին հորդորել էր չխոչընդոտել հայ սպաների Բաքու այցելությունը:
Այն սխալը, որ թույլ տվեց Իլհամ Ալիեւը, դժվար էր պատկերացնել հորՙ Հեյդար Ալիեւի օրոք: Վերջինս Ադրբեջանում հիմնելով ավտորիտար եւ կլանային վարչակարգ, կարողանում էր հավասարակշռել հարաբերությունները մի կողմից ժողովրդավար Արեւմուտքիՙ ի դեմս ԱՄՆ-ի եւ Եվրոմիության առաջատար պետությունների, մյուս կողմիցՙ ցեղակից Թուրքիայի եւ պուտինյան Ռուսաստանի հետ: Բացի այդ, հայր Ալիեւը, թեկուզ ձեւականորեն, թույլ էր տվել ընդդիմության գոյությունը երկրում:
Իլհամ Ալիեւը հենց հոկտեմբերյան ընտրություններում նախ ջարդուփշուր արեց ընդդիմությանը, ապա, ստանձնելով նախագահի պաշտոնը, սկսեց ակնհայտորեն թեքվել դեպի Ռուսաստան, ինչը չէր կարող արժանանալ ԱՄՆ-ի հավանությանը: Հեյդար Ալիեւի օրոք բարձր մակարդակի էին հասել հարաբերությունները «նավթով հարուստ» Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ, Բաքվի իշխանությունները խոսում էին «մոտ ապագայում» ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին:
Բաքվի զորավարժությունների չեղյալ հայտարարելն, անկասկած, հարցականի տակ է դնում Ադրբեջան-ՆԱՏՕ եւ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները: Բաքվի թերթերը եւ քաղաքական գործիչներն արդեն քննադատում են իշխանություններին: Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «Զերկալո» թերթին ասել է, որ բարձրացված աղմուկը որեւէ կապ չունի հայրենասիրության եւ Ղարաբաղի համար պայքարի հետ: «Հայերը կարող էին գալ եւ չգալ, բայց դա որեւէ կերպ չէր ազդի ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա: Ադրբեջանական հասարակությունը չպետք է աղմկեր եւ ուռա-հայրենասիրական դիրքորոշում որդեգրեր: Սա բացարձակապես հիմար եւ ապակառուցողական դիրքորոշում է», ասել է Ալիզադեն:
Քաղաքագետ Էլդար Նամազովը ցավով նշել է, որ ստեղծված փակուղային վիճակի հետեւանքներն անխուսափելիորեն ազդել են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հեղինակության վրա: Նամազովը «Ռեգնում» գործակալությանն ասել է, որ Հայաստանը փորձում է միջազգային հանրության առաջ Ադրբեջանին ներկայացնել սեւ գույներով, թե «տեսե՛ք, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ համագործակցել բոլոր ոլորտներում, իսկ Ադրբեջանը հրաժարվում է»:
Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը կարծում է, որ Ադրբեջանի համար տհաճ հետեւանքներն անխուսափելի են: «Նմանօրինակ պատահարն առաջին դեպքն է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ողջ պատմության ընթացքում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարիՙ զորավարժությունները չեղյալ հայտարարելու որոշումը խոսում է Ադրբեջանի դեմ լուրջ մտադրությունների մասին», ասել է Ջաֆարովը:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ՆԱՏՕ-ի որոշումը որակել է «սուբյեկտիվ» եւ «սխալ», սակայն նկատել, որ դա Ադրբեջանի համար տհաճ իրադարձություն էր եւ չպետք է բացառել Բաքվի հարաբերությունների վատթարացումը ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ:
Սեպտեմբերի 14-ին Իլհամ Ալիեւը պետք է մեկներ Դուշանբեՙ մասնակցելու Տնտեսական համագործակցություն կազմակերպության (ՏՀԿ) գագաթաժողովին: Երեկ հայտնի է դարձել, որ Ալիեւի փոխարեն Տաջիկստան է մեկնել վարչապետ Ռասիզադեն: «Թուրան» գործակալությունը չի մանրամասնում Ալիեւիՙ գագաթաժողովին չմասնակցելու շարժառիթները:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ