Հայտնագործություն կլինի դրանց կիրառումը հայկական աշխատաշուկայում
ԱԺ գարնանային նստաշրջանում առաջին ընթերցմամբ ներկայացված ՀՀ աշխատանքային նոր օրենսգրքի վերաբերյալ շուրջ 350 առաջարկներ են ստացվել կառավարության, անհատ պատգամավորների եւ խմբակցությունների կողմից: Դրանց մի մասը ներառվել է օրենսգրքի նախագծում, այնպես որ երեկ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկում էին նախագծի որոշակիորեն սրբագրված տարբերակը: Դրանք, ինչպես ներկայացրեց արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը, ինչպես եւ սպասվում էր, հիմնականում վերաբերում են գործատու-աշխատող փոխհարաբերություններին:
Աշխատանքային պայմանագրի բովանդակային էությունը փոխվում է այն առումով, որ հակառակ խորհրդային օրենսգրքի, չի կազմվելու մեկ հրամանի ու համահարթեցման, այլ յուրաքանչյուր աշխատողի անհատականության հետ հաշվի նստելու, կոնկրետ պարտավորություններ ու աշխատավարձ որոշելու սկզբունքով: Չարաշահումների եւ շահարկումների առիթ չտալու համար սրբագրվել եւ ավելի հստակ է ձեւակերպվել աշխատանքային պայմանագրի այն դրույթը, որի համաձայն աշխատողին գործատուն կարող է աշխատանքից ազատել նրա հանդեպ վստահությունը կորցնելու կամ նրա կողմից անվայել արարք թույլ տալու դեպքում:
Պայմանագրային դրույթներում հիշատակվում է շատ կարեւոր մի խնդիր եւս: Աշխատանքային օրենսգրքի բացակայությունից օգտվելով, հատկապես սպասարկման ասպարեզի մեր գործատուները անպատիժ շարունակում են ճորտատիրական համայնավարությանը արժանի բարքեր: Օրինակ, փորձաշրջանով աշխատանքի ընդունելու եւ ամիսներով չվճարելու ավանդույթը: Նոր նախագիծը, հրաժարվելով բանավոր պայմանագրեր կնքելու սկզբունքից, ինչն այսօր առկա է աշխարհի շատ երկրներում, գրավոր պայմանագրի առկայություն է պարտադրում նաեւ ամեն մի տեւողության փորձաշրջանի համար: Դրա ընթացքում աշխատողը պետք է անպայման վճարվի` նույնիսկ 2 ժամի համար:
Փոփոխված նախագծի համաձայն աշխատանքային շաբաթվա համար սահմանվում է 40 ժամի առավելագույն տեւողություն, այսինքն` 8-ժամյա աշխատանքային օր, ինչը սահմանվում է աշխատանքի վերաբերյալ միջազգային փաստաթղթերով: Սրանք, իհարկե, նորություն չեն, նորությունը կլինի դրանց կիրառումը մեր աշխատաշուկայում:
Օրենսգիրքը անդրադարձել է նաեւ համատեղության կարգով մի քանի տեղ աշխատող մարդկանց: Զբաղվածության ցածր մակարդակի պայմաններում Հայաստանի աշխատաշուկային հատկանշական է մի հետաքրքրական երեւույթ եւս. նա, ով աշխատանք չունի, այդպես էլ տարիներով չի կարողանում ունենալ, նրանք, ովքեր ունեն, նույնպես տեւական ժամանակով հաճախ մի քանի գործատեղ են զբաղեցնում: Պատգամավորները որոշեցին, որ ազատական տնտեսության պայմաններում հարկ չկա սահմանափակել մի քանի տեղ աշխատելու անձի ցանկությունը: Այլ տեղ համատեղությամբ աշխատելու վերաբերյալ հիմնական գործատուի համաձայնությունը հարցնելու առաջարկը մերժվեց: Կարեւորը տվյալ գործատուի հետ կնքած աշխատանքային պայմանագրի դրույթները սրբորեն կատարելն է: Առավել եւս, եթե աշխատողը աշխատանքային պայմանագիր է կնքել միայն որոշակի ժամաքանակի սահմաններում:
Օրենսգիրքը փորձ է անում հակադրվել մեր աշխատաշուկայում տնօրինող մի արատի եւս` աշխատանքային տարիքի սահմանափակմանը մինչեւ 25-30 տարի: Նոր օրենսգրքի համաձայն, աշխատունակության տարիք համարվում է 16-ը: Նախորդ ընթերցման ժամանակ աշխատանքային առավելագույն տարիք սահմանվել էր կենսաթոշակայինը, հիմա որոշվեց այս առթիվ որեւէ պարտադրանք չձեւակերպել: Թոշակի անցած անձի աշխատել-չաշխատելու նպատակահարմարությունը թող գործատուն որոշի:
Մինչեւ 18 տարեկան երեխաների համար աշխատանքային այլ ռեժիմ է սահմանվում` գիշերային աշխատանքն անթույլատրելի է նրանց համար, արտաժամյա ծանր աշխատանքըՙ եւս:
Աշխատաշուկայում ներգրավվելու եւ օրենքով աշխատելու հնարավորություն է տրվել նաեւ 14, 15 տարեկաններին, խոսքը դարձյալ վերաբերում է ոչ ծանր աշխատանքներին: Աշխատաժամանակի տեւողությունը նրանց համար 4-6 ժամ է:
Աշխատանքային նոր իրականության մեջ օրենքի տառի պաշտպանությանը կոչվելու են աշխատանքային պետական տեսչությունները, որոնք նոր կառույց են այս համակարգում:
Զարմանալիորեն մանրամասն քննարկման արժանացավ նաեւ այնպիսի խնդիր, ինչպիսին է ամուսնության դեպքում 3 օր չվճարովի արձակուրդ հատկացնելը: Չգրված ավանդույթով, հայաստանյան աշխատավայրերում դա թերեւս եզակի իրողություն է, որի հանդեպ հանդուրժողականություն են ցուցաբերում գործատուները եւ առանց տհաճության հարցը վճռում նորափեսայի կամ նորահարսի համար ընդունելի տարբերակով: Ի վերջո, որոշվեց 3 օրվա սահմանումը վերջնական չհամարել եւ լուծումը թողնել նաեւ գործատուի հայեցողությանը:
ԱԺ երեկվա նիստում երկրորդ ընթերցմամբ (դարձյալ արդարադատության փոխնախարարի ներկայացմամբ) քննարկվեց նաեւ ընտանեկան օրենսգիրքը: Սրա վերաբերյալ եւս բազմաթիվ առաջարկներ են ստացվելՙ 116, որոնցից միայն 32-ն է մերժվել:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ