«Սայփրս ուիքլի» կիպրական շաբաթաթերթն իր սեպտեմբերի 10-ի համարում տեղեկացնում է, որ Մելգոնյան կրթական հաստատությունը փրկելու համընդհանուր պայքարը նոր թափ է ստացել, երբ Լոնդոնում վերջերս ընթացող վճռորոշ ժողովում վարժարանի հիմնադիրների եղբորորդինՙ Ջեկ Մելգոնյանը, հայտնվել եւ զորակցություն է հայտնել այնտեղ հավաքված սանուց միության պատվիրակներին եւ համախոհներին: Լոնդոնյան ժողովը որոշել է համատեղ ջանքերով պայքարել վարժարանի փակման դեմ: Ժողովին մասնակցել են վարժարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներ Կիպրոսից, Մեծ Բրիտանիայից, Մ. Նահանգներից, Կանադայից եւ Լիբանանից: Իսկ Ջեկ Մելգոնյանը ներկայացնում էր վարժարանի հիմնադիրների ընտանիքը:
«Չափազանց հետաքրքրական հանդիպում էր: Պրն Մելգոնյանը լիովին համաձայն է մեր իրավական եւ մարտավարական քայլերին», նշված է սանուց միության հայտարարության մեջ, որտեղ նաեւ երախտագիտություն է հայտնվում Կիպրոսի կառավարության անսակարկ օժանդակության համարՙ ինչպես հայկական համայնքին ընդհանրապես, այնպես էլ Մելգոնյան կրթական հաստատությանը մասնավորապես: