«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2004-09-11 | #160, 2004-09-14 | #161, 2004-09-15


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ Է ՍՏԱՑԵԼ 76 ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ

Ժամանակավոր ապաստան ստանալու նպատակով, օգոստոսի 31-ի տվյալներով, միգրացիայի եւ փախստականների վարչություն է դիմել 111 օտարերկրյա քաղաքացի (63 ընտանիք), որից 110-ը Իրաքի քաղաքացիներ են: Բացառությամբ 2 արաբի եւ 1 պարսկուհու, ապաստան հայցողները իրաքահայեր են: Ժամանակավոր ապաստան արդեն տրվել է 46 քաղաքացու, իսկ 23-ը սպասում է որոշման: 12-ը հրաժարվել է դիմումներից: Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան խնդրելու պատճառը մեկն էՙ Իրաքում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով իրենց կյանքին վտանգ է սպառնում:

- 2003 թ. իրաքյան պատերազմի ընթացքում ժամանակավոր ապաստան էր խնդրել 63 քաղաքացի (30 ընտանիք): Պատերազմի ավարտից հետո տեղի ունեցող ամենօրյա արյունալի դեպքերի պատճառով ապաստան հայցողների թիվը գրեթե կրկնապատկվեց,- նշում է միգրացիայի վարչության իրավաբանական եւ արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ Ռուզաննա Պետրոսյանը:

Միգրացիայի եւ փախստականների վարչությունը վերջիններիս 3 ամսով տալիս է ապաստան հայցողի վկայական, որից հետո 1 տարի ժամկետովՙ ապաստանի վկայական: Այդ փաստաթուղթը նրանց տալիս է Հայաստանում օրինական ապրելու իրավունք: Իրաքահայերի համար առաջնային խնդիրը աշխատանքի եւ բնակարանի հարցն է: Դրանց բացակայությունը պատճառ է դառնում, որ նրանք վերադառնան Իրաք:

- 6 քաղաքացի վերադարձել է Իրաքՙ տունն ու ունեցվածքը վաճառելու, որից հետո նրանք ցանկություն են հայտնել մեկնելու եվրոպական որեւէ երկիր, ուր հույս ունեն աշխատանք գտնել: Այդ 6 քաղաքացիներից մեկը պարսկուհի է, որը Հայաստանում ամուսնացել է իրաքահայի հետ եւ արդեն ընտանիքի հետ մեկնել Իրան,- ասում է Ռուզաննա Պետրոսյանը:

Ապաստան հայցողներին, Ռուզաննա Պետրոսյանի հավաստմամբ, վարչությունը բնակարանով եւ աշխատանքով չի ապահովում: Սակայն առավել կարիքավորներին 3 ամսով ապաստան է տրամադրում հատուկ կացարանում, որը, սակայն, ընդամենը 10 մահճակալ ունի: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ այժմ կացարանը վերանորոգելու եւ մահճակալները կրկնապատկելու ծրագիր է մշակվում:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4