Այս անգամ խմբագրություն էին զանգահարել Լոռու մարզի ինսուլինակախյալ հիվանդներից: Շաքարախտով տառապող հիվանդները արդեն սովորել են, որ որպես կանոն տարվա մեջ 1-2 անգամ այսպիսի լարվածություն առաջանա: Հայտնի է, որ առանց ինսուլինի հիվանդը նույնիսկ 1 օր չի կարող դիմանալ, եւ դեղորայքի պարբերական ուշացումները մշտապես տագնապի ու զայրույթի պատճառ են դառնում հիվանդների եւ նրանց հարազատների համար: Տարեսկզբին դեղորայքի ուշացումները կանխարգելելու նոր կարգ մշակվեց. ձգձգումների մի օղակ վերացնելու համար այժմ ինսուլինը բաշխվում է անմիջապես պոլիկլինիկաներին, սակայն ինչպես երեւում է, դա էլ փրկություն չդարձավ: Թեեւ առողջապահության նախարարությունում հավատացրին, թե բոլոր մարզերն արդեն ապահովվել են ինսուլինով, մեզ հաջողվեց պարզել, որ երեկվա դրությամբ դեղորայքը չէր ստացվել ոչ միայն Լոռու, այլեւ Շիրակի, Սյունիքի ու Տավուշի մարզերում: Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը մեզ հավատացրեց, թե մեղավորը մարզային առողջապահական կառույցներն են, քանի որ ինսուլին ստանալու վերաբերյալ իրենք բոլորին տեղեկագրեր են ուղարկում, սակայն մարզերից հապաղում են գալ եւ ստանալ իրենց հասանելիք դեղորայքը: Թե իսկապես որ օղակում է այս անգամ եղել թերացումը, չկարողացանք հաստատապես իմանալ: Մարզերից հակառակն էին պնդում: Մի բան պարզ է. ինսուլինի անընդմեջ, առանց ուշացումների մատակարարումը տարիներ չի հաջողվում կարգավորել: Տեղեկատվության սխալ կազմակերպման, թե դեղորայքի հայթայթման խնդիր է, հիվանդի համար կարեւոր չէ: Տարբեր հաշվարկներով, այսօր հանրապետությունում 20-25 հզ. ինսուլինակախյալ հիվանդներ կան, եւ պարբերաբար նրանց նյարդային վիճակում պահելն անխղճություն է:
Առողջապահության նախարարության դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարգարյանի հավաստմամբ, կենտրոնացված գնումների միջոցով Երեւանի էնդոկրինոլոգիական դիսպանսերին եւ Հայաստանի 10 մարզերին արդեն բաշխվել է անհրաժեշտ քանակի` 2815 սրվակ ինսուլին, 4962 եւ 1876 սրվակ 2 տեսակ հումուլին: Ուշացումը Է. Մարգարյանը եւս բացատրեց դեղորայքը մարզեր տեղափոխելու ձգձգումներով:
Ասենք, որ այս տարի պետբյուջեից 898 մլն 600 հզ. դրամ է տրամադրվել պետպատվերի շրջանակներում կենտրոնացված գնումներով դեղորայք ներկրելու համար: Այդ գումարի 661 հազարը առանձնացվել է ինսուլինային գնումներին:
Այս տարվանից Հայաստան բերվում է բացառապես մարդկային ինսուլին: Տարիներ շարունակ հանրապետություն ներկրվել է միայն կենդանական ինսուլին: Շաքարախտից առաջացող բարդությունները մասնագետները հակված են բացատրելու նաեւ կենդանական ինսուլինի օգտագործմամբ: Թե կենդանականից մարդկայինին կտրուկ անցումը ինչ հետեւանքներ կունենա հիվանդների համար եւ մինչ այժմ քանի հիվանդ է տուժել կենդանական ինսուլինի օգտագործումից, հարց է: Մարդկային ինսուլինն ավելի թանկ է, եւ նոր անկախացած մեր աղքատ երկրի համար ավելի մատչելի էր կենդանական ինսուլինը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ