Առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսների կազմակերպումը Հայաստանում ավանդույթ է դառնում: Ուրախալի է, որ այդ ավանդույթը ձեւավորվել է ոչ միայն ունիվերսալ, այլեւ ճյուղային ցուցահանդեսների համար: Ընդ որում, այդ ժամանակ ներկայացվում են ինչպես տնտեսության, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտները (առողջապահություն, կրթություն եւ այլն): Օրերս ավարտված Armenia expo 2004-ում, նախորդ տարվա համեմատ, ավելացել էին եւ տեղական ընկերությունները, եւ արտասահմանյանը, ընդլայնվել էր ցուցադրման տարածքը:
Ապրանքների եւ ծառայությունների այս ցուցադրումը ինչ-որ առումով առանձնանում էր նախորդներից: Այս անգամ ցուցահանդեսից բացակայում էին մեր սննդարդյունաբերության մի շարք հայտնի ընկերություններ, որն ավելի շատ դրական երեւույթ էր, քան բացասական: Այդ ընկերությունները ներքին շուկայում արդեն հայտնի են բոլորին, եւ նրանց ներկայությունը հերթական ցուցահանդեսին արդեն ձանձրալի էր դառնում սպառողների եւ անօգուտՙ իրենց համար: Դա հավանաբար գիտակցեցին նաեւ ընկերությունների ղեկավարները: Փոխարենը կային նորաստեղծ ընկերություններ, որոնց գործունեության մասին այցելուները տեղեկացան միայն ցուցահանդես այցելելով: Ճիշտ է, բացառված չէ, որ այդ ընկերություններից ոմանք հաջորդ ցուցահանդեսին չլինեն: Նման բան տեղի է ունեցել նախորդ ցուցահանդեսներին մասնակցած, բայց շուկայի փորձություններին չդիմացած մի շարք ընկերությունների դեպքում:
Այս երեւույթը նույնպես պատահական չենք համարում, քանի որ բացառություն չէին այն ընկերությունները, որոնց ներկայացուցիչները այցելուների, այսինքնՙ ապագա սպառողների կամ գործընկերների հետ վարվելու տարրական կանոնները չգիտեին: Ավելի հաճախ դա անտարբեր կեցվածքն էր հետաքրքրություն դրսեւորած այցելուների նկատմամբ կամ գովազդային բուկլետների բացակայությունը: Տպավորությունն այնպիսին էր, կարծես այցելուները պարտավոր էին իմանալ տվյալ ընկերության կամ նրա ապրանքի մասին: Կամ, ինչն առավել զարմանալի էր, երբ քաղցրավենիքի արտադրության ընկերություններից մեկն արգելում էր իր արտադրանքի համտեսումը: Հասկանալի է ցուցահանդեսի հաշվին սնվելու վիճակին հասած մարդկանց դիմակայելու հանգամանքը, բայց նման մոտեցումն ուղղակի ծիծաղաշարժ էր: Տարակուսանք հարուցող մեկ այլ մոտեցում էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփվելուց, ըստ էության անվճար գովազդվելուց ոմանց հրաժարվելը: Սրանք, իհարկե, համատարած դրսեւորումներ չէին:
Ընդհանրապես ցուցահանդեսների եւ մասնավորապես այս ցուցահանդեսի վարկանիշի վրա բացասաբար է անդրադառնում, երբ հրավիրվածների թվում նշվում են երկրի ղեկավարները, որոնք, սակայն, չեն ժամանում միջոցառման բացմանը: Այս անգամ ցուցահանդեսի բացումը վերապահված էր վարչապետին, որը չներկայացավ: Ապագայում կազմակերպիչները հարկ է, որ խուսափեն ցուցահանդեսի հեղինակությունը արհեստականորեն բարձրացնելու այս գործելաոճից, որն իրականում հակառակ արդյունքն է տալիս:
Այդուհանդերձ, Armenia expo 2004-ը, չնայած վերոնշյալ թերություններին, կարելի է հաջողված համարել: Հուսանք, որ տարեցտարի այն ավելի կազմակերպված կդառնա եւ իսկապես կհամապատասխանի իր «տարածաշրջանային» անվանմանը: Ներկայումս, չնայած արտերկրի կազմակերպությունների ներկայացվածությանը, հայկական Expo-ն մի շարք առումներով չի կարելի տարածաշրջանային համարել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ