«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2004-09-14 | #161, 2004-09-15 | #162, 2004-09-16


«ԻՐԱՔԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԳՆԱՀԱՏԵԼԻ Է»

«Մենք հասկանում ենք, որ հանրությունը դեռ պետք է քննարկի հարցը»

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Մարշալ Էվանսը լրագրողների հետ իր առաջին հանդիպմանը ներկայացել էր դեսպանատան դիվանագիտական ծառայության ողջ շքակազմով: Նա մեկ առ մեկ ներկայացրեց ամենատարբեր առաքելություններ իրականացնող իր թիմի անդամներին, որից հետո փոխանցեց հանդիպման գլխավոր նորույթը. հոկտեմբերի 4-ին Վաշինգտոնում կայանալու է հայ-ամերիկյան տնտեսական համաժողովի նիստ, ուր Հայաստանի կողմից նախագահելու է ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը: Ըստ դեսպանի, համաժողովի նպատակը Հայաստանի տնտեսական աճը խթանելուն ուղղված երկկողմ ռազմավարությունների մշակումն է, Հայաստանին ամերիկյան աջակցությունն ավելի հասցեական դարձնելը: Կքննարկվեն նաեւ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի շրջանակներում ֆինանսավորման ներկայացված առաջարկները:

Ջոն Էվանսը հիշեցրեց, որ 1992 թվականից ի վեր ԱՄՆ կառավարությունը մեր երկրին 1,5 մլրդ դոլարի օգնություն է տվել: Այս տարվա աջակցության ծավալը կկազմի 90 մլն դոլար: Հիմա ԱՄՆ-ի իշխանությունները մտածում են ոչ թե ավելի մեծաքանակ, այլ ավելի որակյալ օգնություն տրամադրելու մասին:

Լրագրողների հարցերը, բնականաբար, վերաբերում էին տարածաշրջանային շիկացող իրադարձությունների համատեքստում Հայաստանի դերակատարման ու Արցախի հարցի վերաբերյալ Ջոն Էվանսի դիտարկումներին: Նոր դեսպանը դիվանագիտական ամենափայլուն պատասխաններ տվեց, որ ամեն ինչ ասելու հետ որեւէ մանրամասն չառանձնացրին: Անկասկած, Ջոն Էվանսի առաջին հաղորդակցումը ընդամենը լրագրողներին տնտղելու նպատակ ուներ:

Անդրադառնալով Ադրբեջանի պատճառով ՆԱՏՕ-ի զորավարժությունների տապալմանը, Ջոն Էվանսը հավանություն հայտնեց ՆԱՏՕ-ի ղեկավարության որոշմանը: «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը մասնակից երկրների ռազմավարական ու խաղաղասիրական մարտավարության կոորդինացման խնդիր ունի, եւ եթե որեւէ մեկը բացակայի, այդ աշխատանքները չեն արդարացվի: Զորավարժությունները դադարեցնելու փաստը ցավալի է, բայց դա ոչ ոք հաղթանակ չպետք է համարի, դա բոլորի համար էլ վատ իրողություն է», ասաց նա: Իսկ թե այս իրողությունը ինչ-որ կերպ կանդրադառնա՞ Ղարաբաղյան հարցի վրա, դեսպանը ուղղակի կարծիք չհայտնեց` «Այդ հարցով իմ գործընկեր Սթիվեն Մանն է զբաղվում»:

«Ազգի» հարցին, թե ինչքանո՞վ է անհրաժեշտ համարում հայկական ներկայությունը Իրաքի կոալիցիոն ուժերի կազմում եւ ինչպես է գնահատում Հայաստանի գործողությունները հակաահաբեկչական տեսանկյունից, Ջոն Էվանսը պատասխանեց. «Մենք ողջունում ենք սակրավորներ եւ բժշկական անձնակազմ Իրաք ուղարկելու Հայաստանի նախաձեռնությունը: Իրաքում տեղակայված բազմազգ ուժերը բավականին դժվարություններ ունեն, եւ Հայաստանի աջակցությունն այս հարցում չափազանց գնահատելի է: Սակայն մենք նաեւ հասկանում ենք, որ այս հարցը դեռ պետք է քննարկեն հասարակությունը, պառլամենտը: Ողջ միջազգային հանրույթի շահերից է բխում Իրաքում կայունության ու ժողովրդավարության հաստատումը: Միջազգային հանրության ջանքերին Հայաստանի ներդրումը մենք շատ ենք կարեւորում»:

Մամուլի ասուլիսին ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ նոր հյուպատոս Մերի Սթիքլսը: Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե ԱՄՆ մուտքի վիզաների տրամադրման հարցում որեւէ փոփոխություններ սպասվո՞ւմ են: «Բաց դռներ եւ անվտանգ սահմաններ. մենք ուզում ենք լայն ընդգրկումով շարունակել մեր շփումները, բայց սեպտեմբերի 11-ից հետո լրացուցիչ փոփոխություններ ենք մտցրել վիզաների տրամադրման հարցում: Մենք ուզում ենք մեր երկիրը պաշտպանել այն մարդկանցից, ովքեր կգան ու վնաս կպատճառեն մեզ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4