Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցների օրենսդրության վերլուծությունն ու լրագրողների դեմ վերջին 3 տարիներին կիրառված բռնությունների ուսումնասիրությունն ամփոփվել է «Հարավային Կովկասի զանգվածային լրատվամիջոցների օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին» գրքում, որն օրերս լույս է տեսել Բաքվի «Ենի նեսիլ» հրատարակչությունում: Ուսումնասիրությունն իրականացրել են Հայաստանի խոսքի ազատության կոմիտեն (նախագահ Աշոտ Մելիքյան), Վրաստանի երիտասարդ իրավաբանների ընկերակցությունը (Մալխաս Գուդունիշվիլի) եւ Բաքվի մամուլի ակումբը (Գամիլ Հասանով)ՙ «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ եւ ԱՄՆ միջազգային գործակալության ֆինանսավորմամբ: Հիշեցնենք, որ նույն թեմայով հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը համաժողով անցկացվեց Աջարիայի Չաքվի կուրորտային կենտրոնի «Օազիս» հյուրանոցային համալիրում:
Հայաստանի խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ու փորձագետ Մեսրոպ Հարությունյանը երեկ Երեւանի Ժուռնալիստների միությունում լրագրողներին հակիրճ ներկայացրին գրքի բովանդակությունն ու նախագծի իրականացման ընթացքը: Ինչպես նշեց պրն Մելիքյանը, երեք երկրների լրատվամիջոցների օրենսդրությունը վերլուծելու նպատակով նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է դրա բարելավմանը նպաստող սեփական առաջարկները, ինչպես նաեւ մոնիտորինգի միջոցով պարզել լրագրողների եւ զանգվածային լրատվամիջոցների իրավունքների խախտումների իրական պատկերը 2001-2003 թթ. ընթացքում: Ընթերցողների առավել լայն շրջան ունենալու նպատակով նախագծի հեղինակները գիրքը հրատարակել են ռուսերեն եւ անգլերեն: Փորձագետ Մեսրոպ Հարությունյանը խոսեց օրենսդրական անկատարությունների մասին, մանրամասնելով, որ 3 երկրների օրենսդրությունների համեմատությունը ցույց է տվել, որ մեր օրենսդրությունը ինչ-ինչ առումներով առաջ է մեր հարեւաններից, օրինակ, տպագիր մամուլի առանց պետական գրանցման ու ծանուցման գործունեությունը, իսկ որոշ առումներովՙ հետ, ինչպես վիրավորանքների եւ զրպարտության մասին հստակ օրենքի բացակայությունը:
Երեք երկրների փորձագիտական խմբերի առաջարկները փորձաքննության են ենթարկվել նաեւ Մոսկվայում, որից հետո հիշյալ խմբերը դրանք վերանայելով, վերստին խմբագրել են: Նրա դիտարկմամբ, Հայաստանի համար այսօր ամենակարեւոր օրախնդիրը հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավումն ու կատարելագործումն է, Ադրբեջանում խիստ հրատապ է տեղեկատվության ազատության նոր օրենքի ընդունումը, իսկ Վրաստանում շրջանառության մեջ է տեղեկատվության ոլորտը կարգավորող խոսքի եւ ինքնարտահայտման իրավունքի օրենքը, որը կհաստատվի այս օրերին:
Պրն Մելիքյանը անհրաժեշտ համարեց նշել, որ իրենց առաջարկները սոսկ գրքում ամփոփելու նպատակ չեն ունեցել, այլ առաջիկայում դրանք կներկայացնեն Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովինՙ զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող բոլոր օրենքները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նկատառումով:
Թեեւ լրագրողների բռնության դեպքերը Հայաստանում եւ Վրաստանում անհամեմատ քիչ են Ադրբեջանից, որտեղ հատկապես ներքաղաքական իրավիճակի սրման պատճառով բռնության մեծ ալիք գրանցվեց, սակայն մեզանում լրագրողների բռնության ոչ պակաս կոպիտ դեպքեր արձանագրվեցին այս տարի, ապրիլյան եւ ծաղկաձորյան դեպքերի ժամանակ: Դրանք, անկասկած, տեղ կգտնեն Խոսքի ազատության կենտրոնի հաջորդ տարվա զեկույցում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ