Ազգամիջյան համագործակցության մոսկովյան կենտրոնի (ԱՀՄԿ) տնօրեն Աշոտ Հայրապետյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 13-ին Կրասնոդարումՙ Ազգային մշակույթների կենտրոնում կայացավ մամլո ասուլիս Կրասնոդարի երկրամասի վարչակազմի, ՆԳԳՎ-ի, ազգային համայնքների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Թեման («Ազգային միավորումների փոխգործողությունն իշխանության եւ իրավակարգի մարմինների ներկայացուցիչների հետ») Կրասնոդարի երկրամասում առանձնապես հրատապ է: Ռուսաստանի այդ տարածաշրջանն առավել բազմազգ է. ՆԳԳՎ պաշտոնական տվյալներով, այսօր այնտեղ ապրում են 124 ազգությունների ներկայացուցիչներ:
Կրասնոդարում դեռ 1992 թ. ստեղծված Ազգային մշակույթների կենտրոնը (ԱՄԿ) այժմ միավորում է 30 ազգամշակութային համայնք-կազմակերպությունների: ԱՄԿ-ն Ռուսաստանում ունի եզակի կարգավիճակ, ՄԱԿ-ի ազատ անդամ է, գործակցում է ռուսաստանյան եւ միջազգային բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ: Դրանցից մեկը ԱՀՄԿ-ն է:
Աշոտ Հայրապետյանն իր ելույթում ընդհանուր բնութագիր տվեց Ռուսաստանի միջէթնիկական իրավիճակին: Նրա խոսքերով, Ռուսաստանի տարածաշրջաններից մի քանիսումՙ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Կրասնոդարի երկրամասում ազգամիջյան իրավիճակը շատ ավելի լարված է, քան ընդհանուր առմամբ երկրում: Հայրապետյանը նաեւ հայտարարեց «Կրասնոդարի երկրամասի ազգային միավորումների, իրավապահ մարմինների եւ իշխանության մարմինների համագործակցություն» նախագծերի հերթական մրցույթի մասին: Մրցույթն անցկացվում է Եվրոմիության եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ընդհանուր հնարավորությունների հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Էթնիկական փոքրամասնությունները եւ արդարադատության մատչելիությունը» նախագծի շրջանակներում: Տվյալ մրցութային ծրագրով նախատեսված է առավելագույնը 100 հազար ռուբլի: Մասնակցել կարող է երեք կազմակերպությունից բաղկացած որեւէ կոալիցիա: Պարտադիր պայմաններից մեկն այն է, որ նախագծի իրականացմանն անպայման պետք է մասնակցեն իրավապահ մարմինները եւ իշխանությունները:
Միլիցիայի գնդապետ Ալեքսանդր Մոզգովոյը ներկաներին հայտնեց, որ այսօր երկրամասի վարչակազմի ղեկավարին առընթեր երկրամասում գործում է ազգամիջյան հարաբերությունների հարցերի միջգերատեսչական հանձնաժողով, իսկ առավել բարդ ազգամիջյան եւ միջդավանանքային պայմաններ ունեցող շրջաններում 26 պաշտոն է ստեղծվել ազգամիջյան հարաբերությունների ոլորտի պատասխանատու տեսուչների համար: Հակամարտությունները կանխելու նպատակով ՆԳԳՎ աշխատակիցները մշտական կապ են պահպանում երկրամասի տարածքում գործող 140 ազգային համայնքների, 728 կրոնական կազմակերպությունների եւ կազակների 400 ընկերությունների հետ:
Միջազգային ահաբեկչությունը Ռուսաստանին բացահայտորեն հասկացրել է, որ մտադիր է ազգամիջյան պատերազմ հրահրել Հյուսիսային Կովկասում: Այնպես որ, միայն Կովկասի ժողովուրդների համատեղ ջանքերով հնարավոր կլինի դիմակայել այդ համապարփակ սպառնալիքին: Կրասնոդարում անցկացված մամլո ասուլիսն այս առումով կարելի է անվանել նաեւ խորհրդաժողով, որտեղ կլոր սեղանի շուրջը հայտարարվեց, որ տվյալ նախաձեռնությունը Հյուսիսային Կովկասի խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված հերթական քայլն է:
Հ. Գ. Աշոտ Հայրապետյանը ծնվել է Երեւանում 1953 թ. հունվարի 16-ին: 1975 թ. ավարտել է Երեւանի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1986 թ.ՙ Մոսկվայի Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտի ասպիրանտուրան:
1973 թ. Կոնստանտին Վոյեվոդսկու եւ Վլադիմիր Զոլոտավկինի հետ Հայրապետյանը հիմնել է «Նովիյ Վավիլոն» հանդեսը, որն զբաղվում էր ազգամիջյան հարցերով: 1997 թ. հոկտեմբերին հանդեսի հիման վրա ստեղծվեց Ազգամիջյան համագործակցության կենտրոն, որի խնդիրն է տեղեկատվական եւ տեխնիկական աջակցություն ցույց տալ ազգային փոքրամասնություններին, Ռուսաստանում արմատավորել արտերկրի դրական փորձը:
ՎԻԿՏՈՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ, Կրասնոդար