ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը
Խորհրդարանի երեկվա նիստը 2 ժամով խափանվեց տեխնիկական խնդիրների պատճառով, դրան նախորդել է մի քանի օրինագծերի քննարկում: Խոսափողերի եւ էլեկտրական ցուցատախտակի անսարքությունը շտկելուց հետո ճիշտ ժամին 14 պատգամավորներ իրենց հարցերն ուղղեցին կառավարության ներկայացուցիչներին: Հարցերի մեծ մասը սոցիալ-տնտեսական ուղղվածության էր: Պարզվեց, որ հակակարկտային մի քանի հրանոթներ են ձեռք բերվել եւ շուտով կփորձարկվեն Աշտարակում: Արդեն կատարվել են մայրուղին Օձունի, Սանահինի, Հաղպատի, Ախթալայի հետ կապող ճանապարհների եւ Ախթալան 5 բնակավայրերի հետ կապող վթարային կամրջի հիմնանորոգման նախագծային աշխատանքները: Իսկ 2005-ին կսկսվի ու կավարտվի բուն նորոգումը:
Վերջերս կառուցված ռազմավարական մեծ նշանակության Սելիմի լեռնանցքի ճանապարհը, որը կապում է Մարտունին ու Եղեգնաձորը, ձմռան ամիսներին պահպանման ու շահագործման կարիք ունի, եւ չնայած դա հնարավոր կլինի ներառել միայն հաջորդ տարվա բյուջեում, կարեւորելով ճանապարհային պահպանումը, կառավարությունն իրականացնելու է 2004 թ. նոյեմբերից:
Լոռու մարզում ուսանողների ուղեվարձի բարձրացման օրինականությունը պարզելու հարցը պատգամավոր Վռամ Գյուլզադյանը հնչեցրեց բազմաթիվ բողոք-նամակները եւ իր իսկ տեսած-գիտցածը (երբեմն օգտվում է Երեւան եկող երթուղային տաքսիներից) հիմք ընդունելով: Տրանսպորտի եւ կապի նախարարն ի պատասխան հայտնեց, որ չնայած չի կասկածում պատգամավորի ներկայացրած տվյալների հավաստիությանը, սակայն իրողությունը պարզելուց հետո, եթե խնդիրն առկա լինի, ապա արագ լուծում կստանա: Վերջում, ի դեպի կարգով, Անդրանիկ Մանուկյանն ընդգծեց, որ հարկավոր էր ոչ թե խնդիրը հրապարակել, այլ պարզապես տեղեկացնել իրեն, քանի որ Վռամ Գյուլզադյանի հետ աշխատանքի փորձ կա:
Պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն էլ հայտարարեց. «Ոչ երեւանցի քաղաքապետ Երվանդ Զախարյանը սեփական երթուղագծերով անձնական շահույթ հետապնդելով զբաղված չի էլ փորձում հասկանալ հնաբնակ երեւանցու կարեւորությունը եւ իրականացնում է նրանց ցաքուցիր անելու ծրագիրըՙ մայրաքաղաքի կենտրոնական մասերը յուրայինների հետ մեջ-մեջ անելու նպատակով»: Պատգամավորն ասածը փորձեց հիմնավորել իրեն ուղղած 1500 կոնդեցիների գրավոր բողոքով, որը վերաբերում է անձնագրային տարիքի կոնդեցիներինՙ իրենց իսկ տներում չգրանցելուն: Այս հարցի պատասխանը կտրվի գրավորՙ վարչապետի ծառայողական գործուղումից վերադառնալուց հետո:
Արտաքին գործերի նախարարի վերադարձից հետո էլ կիմանանք, թե ինչու են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ քաղաքացիներից պահանջում անձնագրի ռուսերեն ներդիրՙ նոտարի հաստատմամբ եւ հանրապետության անցակետերում ինչու է ՌԴ ներկայացուցիչը հետաքրքրվում հանրապետությունը լքելու մեր նպատակով: Առայժմ ԱԺ նախագահը դաշնակից երկրի նման վերաբերմունքը գնահատեց անպատեհ:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ