«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2004-09-14 | #161, 2004-09-15 | #162, 2004-09-16


ԳՈՒՅՆ-ԱՐՏԱՑՈԼԱՆՔ

Ցուցահանդես բացակա ներկայությամբ

«Ակադեմիա» պատկերասրահում սեպտեմբերի 11-ին բացվեց Արա Գուրզադյանի գեղանկարչական աշխատանքների «Հայացք հայացքի ետեւում» ցուցահանդեսը:

«Նորերս մենք կորցրինք մեր ընկերոջն ու բարեկամինՙ ուսուցչին, խոշոր մտածող, նկարիչ եւ քաղաքացի Արա Գուրզադյանինՙ իսկական մտավորականին:

Արա Գուրզադյանը մեր արդի մշակույթի մեջ զբաղեցնում է այն որմնախորշը, որ հատկապես նրան էր պատկանում եւ ուրիշ ոչ¬ոքի:

... Նրա կտավների խորհրդավոր արծաթագույն մակատեսքը հագեցած է հարուստ ելեւէջներով, շողշողացող մետաղի միախառնվող առկայծումներով: Ես հիշում եմ նրա վաղ աշխատանքները, որոնցում արդեն զգացվում էր ձեւածավալների վերացարկման նրա ձգտումը. դրանք յուրօրինակ արաբեսկներ էին, որոնք հեռավոր կերպով հիշեցնում էին Արշիլ Գորկու եւ Խոան Միրոյի վաղ գործերը: Արդեն այդ ժամանակ Արան հակված էր վերացարկված մտածողության: Նրա աշխատանքների վերջին շարքը, ուր կատարելապես արդեն ինքն էր, առանձնանում էր անհատական կնիքով: Նա մշակել էր իր անկրկնելի ոճը: Եվ Արա Գուրզադյանը զարմանալի, ապշեցուցիչ ձեւով նման էր իր գեղանկարչությանը...», գրում է Հենրիկ Իգիթյանն արվեստագետի ծննդյան օրվա առթիվ հրատարակված «Հայացք հայացքի ետեւում» պատկերագրքում:

Իմ այս գրությունը իր մտերիմների սկսած ու անավարտ մնացած զրույցի շարունակության մի բեկոր է ընդամենը մի մարդու հետ եւ նրա մասին, որի գոյությունը շատերիս հիմա թվում է անհավանական, իր ներկայությունը մեր կողքինՙ երազի պես... Մի խոսակցության ժամանակ արվեստաբան Պողոս Հայթայանը խոր ափսոսանքով ասաց. «Վերջին տարիներին այդ մարդը գյուտ էր ինձ համար, ո՜նց թռավ-գնաց հասկի պես...»:

Երբ Արտո Չաքմաքչյանը Երեւանում էր, մեր մշակութային կյանքի մասին խոսելիս հարցրի, թե գիտե՞ր Արա Գուրզադյանին, ասաց. «Մոնրեալում ձեռքս ընկավ «Ռուբիկոն» հանդեսը, երբ կարդացի, մտածեցիՙ ահա իրական մարդը: Հայտնի փիլիսոփա, իմ գրքիս առաջաբանի հեղինակ Կարպիս Քորդյանն ասացՙ այս մարդուց այնպիսի իմպուլսներ եմ ստանում, չեմ համբերում, պիտի գրեմ իրեն: Երբ Երեւան եկա, այցելեցի խմբագրություն, որ իրեն տեսնեմ, այնպես վատ եղա, երբ ասացին, որ նա արդեն չկա...»: Արձանագործը պատմում էր Արշիլ Գորկու շիրիմին իր այցելության մասինՙ ամերիկյան աննշան մի գյուղում, անշուք շիրիմ, անշուք տապանաքար: Ցավ էր զգում, «պարտք ունեմ, ասաց... բայց Գորկին այնտեղ չէ, գերեզմանը հուշարձան է միայն, Գորկին միշտ ինձ հետ է»: Այդպես է միշտ, երբ մարդու թողած հետքը ժամանակների համար է:

Արա Գուրզադյանի հոգեւոր ներկայությունն այսօր մեզ հետ է: Եվ սրանք բառեր չեն, սա իրական զգացողություն է, ապրում, վիճակ, որի մասին վկայում են նրանք, ովքեր բախտ են ունեցել շփվելու նրա հետ, ճանաչելու ու հասկանալու նրան: Մեր իրականության մեջ անփոխարինելի հարստություն էր բարձր իմացականության, հոգեւոր մեծ կենսափորձով, կամային հատկանիշներով, արժանապատվորեն զուսպ, առաքինի նկարագրի իր գոյությունը: Աներեւույթ մի զորությամբ հիմա էլ նա շարունակում է իր հոգեւոր էներգիայի զարմանալի ձգողականությամբ իր շուրջը համախմբել հոգեւոր նույն դաշտի ու բարոյականության մարդկանց:

Արան ուսուցիչ էր բառի ամենախոր իմաստով: Հենրիկ Իգիթյանը հիշում էր, որ տարիներ առաջ իր մոտՙ Գեղագիտական կենտրոն եկավ ու համաձայնեց ամենացածր աշխատավարձով աշխատելՙ երեխաներին էսթետիկական կրթություն տալու: Իսկ Պողոս Հայթայանն անհավանական մի բան ասաց. պատկերացրեց, թե ինչպիսին կլիներ մեր իրականությունը, եթե Արա Գուրզադյանի պես նախարարներ ունենայինք... Եթե կյանքն այդպիսիններինը լիներ: Ավա՜ղ, նմաններն ապրում են, ստեղծագործ նվիրումի տքնանքով, զուսպ, լուռՙ կյանքի կոշտ պարտադրանքների դեմ: «Գերմանացի մի փիլիսոփայի եմ թարգմանում, Գերմանիայում իմացել, զարմացել էին, չգիտեմ էլ հրատարակվելու է, թե չէ», ասում էր մի օր, ինչ-որ տեղ գուցե հոգնած գրքերի ծանրաբեռ գրասեղանից. բարդագույն հեղինակների թարգմանություններ բնագրից, դժվարամարս տեքստերի խմբագրական բծախնդիր աշխատանքներ, հոդվածներ, գրքերի առաջաբաններ, դասախոսական աշխատանք, ներքին ահռելի կուտակումներ, անիրականի ու իրականի սահմանային վիճակների պրկումներ: «Նկարչությունն էլ որ չլիներ, չգիտեմ ի՞նչ կանեի, միակ բանն է, որ հանգստացնում, լիցքաթափում է»: Արայի նկարչությունն ասես ինքնաթարգմանություն լինի, ներքնագրությունՙ նշանի, գույնի, գծերի, պատկերի միջոցով, որտեղ այնքան տեսանելի է անհանգիստ, անընդհատ ստեղծագործական պրոցեսում գտնվող նվիրաբերվող իր հոգու տարածական ճախրըՙ տարբեր ժամանակների մշակութային շերտերով, աներեւակայելի տեսիլքներով, փակուղիներով ու ելքերովՙ արեւալույսի, արծաթափայլի բռնկումներով:

... 2001 թ. մայիսի 5-ին նույն վայրում Արա Գուրզադյանի գեղանկարչական աշխատանքների («Մակերեսներ») ցուցադրության ժամանակ այս նույն սրահը լեցուն էր գրեթե նույն մարդկանցով, ինչ սեպտեմբերի 11-ին: Ո՞ւմ մտքով կանցներ, թե մոտ 3 տարի հետո նորից ենք հավաքվելու այստեղՙ իր նկարների հոգեհույզ-լույս մթնորոլտում ու... ինքը մեզ հետ չի լինելու:

«Ձեզանից որեւէ մեկը եթե կանգնած լիներ այստեղ երկու խոսք ասելու Արա Գուրզադյանի մասին, կարծում եմՙ բառերը խեղդվելու էին կոկորդում: Ցավի եւ կորստի զգացողությունը խանգարում է տեսնել իրական Արա Գուրզադյանին, այն մարդուն, որ լեցուն էր գաղափարներով եւ դրանք իրողություն դարձնելու մղումներով: Անկեղծ ասած, այսօրվա ինչ-որ չափով հոգեզուրկ Հայաստանում նման կերպարի հանդիպելն ինձ համար հայտնություն էր, որովհետեւ իմ կյանքի տարիներին ունեցել եմ փայլուն մտավորական ընկերներ, բայց բոլորովին չէի հավատում, որ 50 տարեկանից հետո կհանդիպեմ մի մարդու, որը պիտի ինձ ապշեցներ իր իմացական ունակություններով: Դա Արա Գուրզադյանն էր, որը չես իմանում ավելի ֆիզիկո՞ս էր, ավելի փիլիսոփա՞, ավելի գեղագե՞տ, նկարի՞չ, թե՞ մանկավարժ: Բայց ինչ-որ մի վերին թելադրանքով իր ունակությունները նա կենտրոնացրել էր նկարչության եւ մանկավարժության մեջ: Երկար տարիներ դասավանդում էր գեղագիտական կենտրոնում, որի հետեւում կարծես թե թաքցնում էր այն գործերը, որ ծրագրում էր անել: Եվ ահա ծնվեց «Ռուբիկոն» հանդեսը, որը մեր իրականության մեջ երեւույթ էր, եւ ոչ միայն հայի, այլեւ եվրոպացու եւ առհասարակ մարդու համար:

Արայի հետ մեր հանդիպումը մեկ օր տեւել է 6-7 ժամ, եւ այդ ընթացքում ես մանրամասն նայել եմ նրա նկարները: Այսօրվա նկարչությունը նա տեսնում էր համաստեղծական դաշտում, տարբեր դարաշրջաններ, տարբեր մշակույթներ, երեւույթներ, նշանային համակարգեր: Եվ այս ամենը կարողանում էր ընդհանրացնել մեկ նկարի մեջ: Սա, իհարկե, ավանգարդյան այսօրվա նկարչության լեզվամտածողության տեսակներից մեկն է: Բայց Արա Գուրզադյանի նկարչության մեջ մի արտակարգ, լուսավոր բան կա, կարծես թե նա աստղաբույլերի եւ ասուպների հետ է, իր հոգու, ոգու թռիչքներն անսահման են եւ այդ անսահմանությունից ծնված նկարները շատերի համար անակնկալ էին, որովհետեւ շատ երկար պատրաստվում էր, եւ ես զգում էի, որ ինքը ինչ-որ տեղ ուզում է անակնկալի բերել իր պրոֆեսիոնալ ընկերներին: Եվ դա հաջողվեց իրեն նախորդ ցուցահանդեսի ժամանակ:

Այսօր մենք մղկտալուց զատ, պիտի ուրախանանք, որ ունեցել ենք այդպիսի հայորդի, որ մեր նորանկախ երկրի հոգեւոր դաշտի ամենակարեւոր սերմնացաններից մեկն է եղել եւ նա ինչքան էլ հասցրեց, բավական է մեզ հուշելու, թե ո՞ր ճանապարհով պիտի գնանք:

Ուզում եմ խոստովանել, որ անցած մեկ տարում Արա Գուրզադյանի կերպարը «հետապնդում է» ինձ եւ դարձել եմ մի տեսակ նրա գերին, բայց ուրախ եմ, որ այդպիսի գերության մեջ եմ: Որովհետեւ այս տարիքում ես ունեցա ինձնից կրտսեր գործընկեր, որի մեջ տեսնում էի ապագա մշակութային Հայաստանի մի զորավոր անձ, եւ մենք հիմա պետք է լիցքավորվենք իրենով ու շարունակվենք», Պողոս Հայթայանի խոսքը ցուցահանդեսի բացման օրը կարծես անավարտ մնացած զրույցի շարունակություն լիներ :

... Ցուցասրահից դուրս եկավ վերջին այցելուն, դռները փակվեցին, խոսակցությունները մարեցին: Ապակիների մեջ շարունակվում էր բեկվել գույների լռությունը, ներսումՙ արծաթալույսի ու ոսկեփայլի զրույցը: Երեկոյանում էր:

«Մարդու իմաստն ու նշանակությունը, նրա տիեզերական անհրաժեշտությունն ու էպիկական անպետքությունը տեսնողին հաճախ թվում է, թե մարդը չի դիմանա:

Ամեն սերունդ գալիս է տեսնելու, որ մարդը չի դիմանա:

Գալիս է ապրելու մարդու հերթական պարտության էպոսը:

Այն պարտության, որի վերջում հաղթանակը չեն տոնում, այլ ընդունում են իբրեւ վկայություն:

Հաղթանակը դիմացողի վկայությունն է, որ արձանագրվում է միայն նրա կողմից, ով դաժան պայքար է մղել ինքն իր դեմ: Ով ծանոթ է պարտության հետ աշխատելու արվեստին: Ում հաջողվել է կատարելությունը նվաճելու ճանապարհին տառապանքը փոխակերպել բերկրանքի ու դիմանալ մեծ գայթակղությունների որոգայթում հասունացող տեսողության ցավին», այս խոսքերը, որ գրել է Արա Գուրզադյանը Ուիլյամ Ֆոլքների «Շառաչ եւ ցասում» հայերեն թարգմանության առաջաբանում, այնքան բնորոշ է իր կենսափիլիսոփայությանն ու ապրած երկրային կյանքին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4