«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2004-09-14 | #161, 2004-09-15 | #162, 2004-09-16


ՀԱԶԱՐԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆ

Սեպտեմբերի 18-19-ին կնշվի Կեչառիսի վանքի 1000-ամյակը

Հայաստանի միջնադարյան նշանավոր վանական ու գիտամշակութային կենտրոններից է եղել գեղատեսիլ Ծաղկաձորում գտնվող Կեչառիսի վանքը: Վանական համալիրի գլխավոր Սուրբ Գրիգոր մեծադիր եկեղեցին հիմնադրել է Բագրատունյաց պետության մեծ իշխան Գրիգոր Ապիրատը 1003 թվականին: Եկեղեցու բարձրադիր գմբեթը քանդվել է 1828 թ. երկրաշարժից, բայց վերջին տարիներին այն հիմնավորապես նորոգվեց ազգային բարերար Վլադիմիր Հարությունյանի հոգածությամբ: Եկեղեցու հանդիսավոր օծումը կատարվեց 2000 թ. հուլիսին ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդի: Այժմ վանքի տարածքն ամբողջովին բարեկարգ է: Ծաղկաձորում է գտնվում նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդարանը:

Սեպտեմբերի 18-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի կունենա «Կեչառիս-1000» գիտաժողովը: Զեկուցողները կանդրադառնան Կեչառիսի պատմությանը, ճարտարապետությանը, վիմագրությանը, մշակութային հարուստ ժառանգությանը: Իսկ հաջորդ օրըՙ սեպտեմբերի 19-ին Կեչառիսի Ս. Գրիգոր տաճարում տեղի կունենա Սուրբ պատարագ Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ: Պատարագիչն է Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանը: Այնուհետեւ կկայանա հուշամեդալների հանձնման հանդիսավոր արարողություն, մատաղի օրհնություն, համերգ, ժողովրդական տոնախմբություն:

Կ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4