Լույս է տեսել հայտնի իրավագետ, Ռուսաստանի Դաշնության Հումանիտար գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Էկոլոգիայի ու կենսագործունեության անվտանգության միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Ռոբերտ Ավագյանի մեծածավալ աշխատությունը` «Սեւանա լճի իրավական պաշտպանությունը» (Երեւան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2003, 777 էջ):
Հեղինակը խնդիրն ուսումնասիրել է «Սեւանա լիճ հանրապետության էկոլոգիական իրավիճակ» համատեքստում: Այսպիսի մոտեցումը, ըստ Ռ. Ավագյանի, «է՛լ ավելի է սրում Սեւանա լճի առկայության անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության, հետեւաբարՙ ողջ հայության համար, անհրաժեշտ դարձնում օրենսդրական, ենթաօրենսդրական, դատախազական եւ այլ ակտերի անշեղ կիրառման պրակտիկան»:
Մինչդեռ հանրապետությունում տարեցտարի մեծ մասշտաբներով աճել է առհոսող ջրերի ընդհանուր ծավալը, մեծացել է նաեւ օդային ավազան արտանետվող վնասակար նյութերի ծավալը: Հեղինակը մեջբերում է հետեւյալ վիճակագրությունը. եթե 1969 թ. արդյունաբերական կեղտաջրերի ծավալը կազմել է 400 մլն մ3, ապա 1980 թ.ՙ արդեն 800 մլն մ3, իսկ որոշ գնահատականներովՙ 1140 մլն մ3: Միայն 1979 թ. օդային ավազան են արտանետվել 189 հազար տոննա խիստ վնասակար նյութեր, ընդ որում Երեւանումՙ 32,4 հազար տոննա: Դեռեւս 1980 թ. տվյալներով, Հայաստանում օգտագործվել էր բնական պաշարների 75 տոկոսը:
Գրքում հատուկ տեղ է հատկացված ձկնային պաշարների պահպանությանը: Եվ դա հասկանալի է, քանի որ փաստորեն վերացել է Սեւանի իշխանը, եւ այսօր արդեն խոսվում է սիգ ձկան պաշարների պաշտպանության մասին: Լսելով դեռեւս 1997 թ. հուլիսին «Սեւանա լճի ավազանում բնապահպանության օրենսդրության կատարման եւ արդյունագործական ձկնորսության կազմակերպման ու իրականացման օրինականության վիճակի ուսումնասիրության արդյունքների հարցը»` ՀՀ դատախազության կոլեգիան արձանագրել է, որ. «Անցած ժամանակաշրջանում Սեւանա լճի պետական կարեւորագույն խնդիրը ոչ միայն չի ստացել իր լուծումը, այլեւՙ աղետալի սահմանագծի է հասել»:
Գրքում տրված է ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Սեւանա լճի մասին» եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքների կարեւորությունը լիճը պահպանելու գործում:
Իր գիտական գործունեության պատկառելի տարիները Սեւանա լճի իրավական պաշտպանության հիմնահարցերին նվիրած վաստակաշատ գիտնականի աշխատությունը եւս ծանրակշիռ ներդրում է այս ասպարեզում:
ԱՐՄԵՆ ԲՈՇՆԱՂՅԱՆ, ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության ավագ դատախազ