«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2004-09-15 | #162, 2004-09-16 | #163, 2004-09-17


ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԻ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ ԱՆՈՒՄ Է «ՄՈՒԼՏԻ-ԱԳՐՈ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

«Գյուղատնտեսության բնագավառում այսօր կարեւոր օր է, նվեր Հայաստանի մեղվաբույծներին», այսպես որակեց ոլորտի պատասխանատունՙ գյուղնախարար Դավիթ Լոքյանը: Երեկ մայրաքաղաքի Ավան թաղամասում տեղի ունեցավ մեղվաբուծական գիտաարտադրական կենտրոնի բացումը: Այն 2002թ.-ին գրեթե ամբողջությամբ փլուզված վիճակում սեփականաշնորհվել է «Մուլտի-Ագրո» ընկերությանը, որը շուրջ 200 հազար դոլարի ներդրմամբ վերակառուցել է նախկին նույնանուն միավորումը: Այն կարեւոր առաքելություն ունի մեր երկրում գյուղատնտեսության մեղվաբուծական ճյուղի զարգացման գործում: Կենտրոնը ներառում է լաբորատորիաՙ անհրաժեշտ դեղորայքի արտադրության հնարավորությամբ, ԱՊՀ երկրներից ներ է կրում որակյալ դեղամիջոցներ մեղվաբույծներին օգնելու համար (այս տարի միայն աշխատանքային պայմանագրեր են կնքվել շուրջ 2,7 հազար մեղվաբույծների հետ):

«Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ մեղվաբուծությունը մեր երկրում զարգացման լուրջ հեռանկարներ ունի: Ու թեեւ «Մուլտի-Ագրոյի» արտադրած մեղրը սպառվում է միայն հայաստանյան շուկայում, Գագիկ Ծառուկյանի խոսքով, հնարավոր է մոտ ապագայում դրա արտահանման կազմակերպումը: Մեր երկրում մեղրի գինն ավելի բարձր է, քան միջազգային շուկայում, այդուհանդերձ, «Մուլտի գրուպի» հիմնադիր նախագահը վստահ է. «Հայկական մեղրը բարձր որակի շնորհիվ իր տեղը միջազգային շուկայում գտնելու է, իսկ գնային խնդիրը հնարավոր է կարգավորել»:

Ինչպես նշեցինք, մեղվաբուծական գիտաարտադրական կենտրոնը «Մուլտի-Ագրո» ընկերության մասն է կազմում եւ ստեղծվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից: Ինչպես կոնցեռնի մյուս բոլոր ձեռնարկությունները, այս մեկը եւս զարգացման մեծ ներուժ ունի: «Մուլտի-Ագր» կենտրոնը ունի 750 մեղվաընտանիք, որից 145-ը գտնվում է մեղրիի բազայում, որտեղ, նմանապես, լուրջ ներդրումներ են արվել, լուծվել է ոռոգման ջրի հարցը, տնկվել է մոտ 1000 ծառ, կանաչապատվել: Այս տարի «Մուլտի-Ագրոն» 14 տոննա մեղր է արտադրել, որից 7 տոննանՙ ապրանքային, որը շուկայականից ցածր գնով վաճառվում է ընկերության խանութներում:

«Մուլտի-Ագրոն» ղեկավարում է Գագիկ Ծառուկյանի մայրըՙ Ռոզա Ծառուկյանը: Թերեւս այս ընկերության հաջողությունների զգալի մասը նրա անձով է պայմանավորված: Ասվածի ապացույցը գործարար ջիղն է, որ հորդում է այս կնոջից, բծախնդրությունը եւ բանիմացությունը: «Եվս 40 տարի դեռ պետք է աշխատեմ», ասում է Ռոզա Ծառուկյանը: Կարելի է վստահ լինել, որ այդ տարիները մեր երկրի տնտեսությանը բերելու են նոր հաջողություններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4