Միացյալ Եվրոպան, ի տարբերություն ԱՄՆ-ի, ժողովրդավարությունը ռումբերով կամ բանակով չի արտահանում
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Եվրոհանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին Երեւանի «Տարածաշրջանային եվրոպական ակադեմիայի» ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ միայն Եվրոպան է ժողովրդավարություն արտահանել: «Մենք ժողովրդավարությունն արտահանում ենք քաղաքական առաջարկներով եւ ժողովրդավարության փաստացի ընդարձակումով: Ժողովրդավարությունը ռումբերով չեն արտահանում կամ բանակով: Այն դրսից չի կարող պարտադրվել, կարող է միայն առաջարկվել», նշեց իտալացի դիվանագետը:
Պրոդին, որը սեպտեմբերի 16-ից 19-ը տարածաշրջանային այցով ժամանել էր Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան, նշեց, որ Եվրոհանձնաժողովը (Եվրոմիության գործադիր մարմինն է- խմբ.) պատրաստվում է հարավկովկասյան երեք հանրապետությունների վերաբերյալ զեկույցներ պատրաստել: Հունիսի 14-ին Հարավային Կովկասի երկրները ներգրավվեցին Եվրոմիության նոր հարեւանության քաղաքականության մեջ, ինչը նշանակում է Եվրոպայի եւ Կովկասի հարաբերությունների նոր մակարդակ:
Կիրակի օրը ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ապա արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Պրոդին հստակ նշեց, որ թեեւ նոր հարեւանության նախաձեռնությունը տարածաշրջանային է, սակայն Եվրոպան կովկասյան երեք հանրապետություններից յուրաքանչյուրի հետ նախընտրում է ունենալ առանձին մոտեցում: Եթե, օրինակ, ժողովրդավարությունը կաղում է Ադրբեջանում, ապա դրա պատճառով Վրաստանը որեւէ ձեւով չպետք է տուժի:
Եվրոհանձնաժողովի նախագահը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե երեք հանրապետություններից ո՞րն է ավելի մոտ եվրոպական չափանիշներին, քանի որ, ըստ նրա, Եվրոմիության եւ Կովկասի համագործակցությունը նոր է սկսվում:
Պրոդին շեշտեց, որ տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, հետեւաբարՙ անհրաժեշտ է վերջակետ դնել Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտություններին: Մյուս կողմից նա նշեց, որ Եվրոմիությունը միջնորդ չէ եւ չունի բանակ: Պրոդին ուսանողներին վստահեցրեց, որ հայ ժողովրդի կրած տառապանքների վերջը գալու է: «Խնդիրը մեծ բանակ ունենալու մեջ չէ, այլ բարեկամների շրջանում ապրելու, որը կլինի ոչ կայսերական, ոչ գաղութատիրական տարածաշրջան», ասաց նա:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Բաքվում, Թբիլիսիում եւ Երեւանում հանդիպումներ է ունեցել երեք երկրների նախագահների, այլ պաշտոնյաների հետ: «Եվրոպական նոր հարեւանության նախաձեռնությունն առաջարկ է տարածաշրջանի երեք պետությունների համար: Վերջին կոչը նույնն էՙ խաղաղություն եւ բարգավաճում, բայց յուրաքանչյուր երկիր ինքը կորոշի իր ապագան: Մեր միասին աշխատելու գործողությունների ծրագիրը կտարբերվի երկրից երկիր, եւ առաջնայնությունները նույնը չեն լինի», ասաց Պրոդին: Նա դժվարացավ կանխատեսել. երեք երկրները ե՞րբ կարող են անդամակցել Եվրոմիությանը:
Եվրոմիությունը ընդարձակվում է, անդամ պետությունների միջեւ, փաստորեն, չկան սահմաններ: Շրջանառության մեջ է դրվել տարադրամի ընդհանուր միավորըՙ եվրոն, հավանաբար շուտով կընդունվի եվրոպական սահմանադրությունը: Ո՞ւր է գնում եւ ի՞նչ է դառնալու Եվրոմիությունը: Ուսանողներից մեկի այս հարցին Պրոդին պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի, բայց կարող եմ ասելՙ ի՞նչ չի ստացվի վերջում: Գերտերություն դառնալու գաղափարը բացառվում է: Օրինակ, Եվրոմիությունը չի նմանվի ԱՄՆ-ին այն իմաստով, որ Եվրոպան կլինի ժողովուրդների եւ ազգերի պետությունների միություն, այսինքնՙ միշտ կլինեն Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան»:
Պրոդին ասաց, որ Թուրքիան անպայման անդամակցելու է Եվրոմիությանը, սակայն մինչ անդամակցությունն այդ երկիրը պետք է համապատասխանի այսպես կոչված Կոպենհագենի չափանիշներին: Ուսանողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս կարող է բարբարոս անցյալ ունեցող Թուրքիայի նման երկիրը մաս կազմել քաղաքակիրթ Եվրոպային, Պրոդին պատասխանեց. «Դուք կարծում եք, այն արյունը, որ թափվել է Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ, ավելի պակա՞ս է եղել, քան այն արյունը, որ թափվել է այստեղ: Միլիոնավոր մարդիկ են մահացել, բայց Գերմանիան եւ Ֆրանսիան այսօր գնալով ավելի են միավորվում»:
Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանելով «Ազգի» հարցին, թե Կոպենհագենի չափանիշներին համապատասխանելուց հետո կարո՞ղ է Եվրոպան Թուրքիայի անդամակցության ճանապարհին նախապայման դնել հայ-թուրքական սահմանը բացելու անհրաժեշտությունը, Պրոդին ասաց. «Հոկտեմբերի 6-ին Եվրոհանձնաժողովը կներկայացնի զեկույց, թե Թուրքիան համապատասխանո՞ւմ է Կոպենհագենի չափանիշներին: Բայց դա «այո» չէ: Մենք զեկույցը տալիս ենք անդամ պետություններին եւ միայն նրանք են իրավասուՙ բանակցությունները սկսե՞լ, թե՞ ոչ: Եվ միայն նրանք կորոշեն, թե ինչ պայմաններով սկսել բանակցություններ. դա կարող է լինել պարզ «այո», դա կարող է լինել «այո, բայց...»: Այսինքնՙ հնարավոր է նախապայմանների լայն տեսականի: Կարող է քննվել նաեւ սահմանների խնդիրը»:
Պրոդին ասաց, որ իրեն անձամբ դուր չի գալիս, տխրեցնում է հայ-թուրքական սահմանի փակ լինելը: «Ես ինչ հնարավոր է կանեմ, որպեսզի սահմանը բացվի, երկու պետությունների հարաբերությունները սահմանափակ չլինեն», ասաց նա:
Մեր կողմից հավելենք, որ նոյեմբերի 1-ին ավարտվում է Եվրոհանձնաժողովի նախագահի պաշտոնում Պրոդիի առաքելության ժամկետը: