«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2004-09-17 | #164, 2004-09-18 | #165, 2004-09-21


ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ

Ռուսական հեռուստատեսության առաջին ալիքը կիրակի օրը ցուցադրեց մի ռեպորտաժ, որում ասվում էր, թե միջազգային ահաբեկիչները արաբական երկրներից Չեչնիա հասնելու համար օգտագործում են Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքը: Ավելի վաղՙ սեպտեմբերի 14-ին, Կրեմլի իշխանությունները «մասամբ» փակել էին ռուս-ադրբեջանական սահմանային մի շարք անցակետերՙ այդ որոշումը պայմանավորելով Հյուսիսային Կովկասում վերջին շաբաթներին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններով:

Հյուսիսային կովկասում հակաահաբեկչական գործողությունների վարչության օպերատիվ շտաբի պետ, գեներալ-մայոր Իլյա Շաբալկինը հայտարարել է, որ արաբ վարձկան Քամալ Բուրախլյան ձերբակալվել է Ռուսաստանի տարածքից Ադրբեջան անցնելու պահին: Վերջինս Ադրբեջան էր մեկնում բուժման կուրս անցնելու նպատակով:

«Ցավոք, շատ եւ շատ չեչեն գրոհայիններ, ինչպես նաեւ վարձկաններ, շատ հաճախ վիրավորվելուց հետո Ադրբեջանի տարածքն օգտագործում են բուժման նպատակով», ասել է Շաբալկինը:

Ըստ ռուսական եւ ադրբեջանական մամուլի որոշ հրապարակումների, չեչեն եւ արաբ գրոհայիններն Ադրբեջանի հիվանդանոցներում եւ առողջարաններում բուժման ու վերականգնման կուրս են անցնում Բաքվի իշխանությունների գիտությամբ եւ թողտվությամբ: «Մարդասիրական» այդ ակցիայի հովանավորն Ադրբեջանի առողջապահության նախարար Ալի Ինսանովն է:

Հիշեցնենք, որ չեչեն գրոհայինները, աֆղան մոջահեդները եւ արաբ վարձկանները, այդ թվումՙ Շամիլ Բասաեւը, որ պատասխանատվություն է ստանձնել Բեսլանի ահաբեկչության համար, 1992-93 թթ. ադրբեջանական բանակի կազմում կռվում էին Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4