Ավարտվեց «Արմմոնո-2» միջազգային փառատոնը
Երեկ պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում կայացավ «Արմմոնո-2» միջազգային մոնո ներկայացումների հանդիսավոր փակման արարողությունն ու դիպլոմների հանձնումը: Փառատոնի կազմակերպիչ եւ տնօրեն Հակոբ Ղազանչյանը շնորհակալություն հայտնեց 13 երկրներից ժամանած արվեստագետներին ու փառատոնի մասնակիցներին, որոնք 6 հրաշալի օրեր պարգեւեցին թատերասեր հանդիսատեսինՙ ներկայացնելով 28 մոնո ներկայացում: Փառատոնի ժյուրին նույնպես ընկել էր ծանր կացության մեջ եւ դժվարանում էր ընտրել լավագույնին:
Փառատոնի աշխարհագրությունը սկիզբ է առնում Ճապոնիայից եւ ավարտվում Ամերիկայով, ինչը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ Հայաստանը հաստատում է իրեն, որպես միջազգային նախագծի կենտրոն, ասաց պրն Ղազանչյանը: Մոնո ներկայացումների փառատոների միջազգային ասոցիացիայի պրեզիդենտ եւ ժյուրիի նախագահ Վալերի Խազանովը, անդամներ Նինա Մազարովան եւ Մարգարիտա Յախոնտովան ներկայացրին փառատոնի մրցանակակիրներին: Դրանք էինՙ Ռաշի Բունին (Հնդկաստան), Հովհաննես Բաբախանյանը (ՀՀ), Աննա Նաումովան (ՌԴ), Լալա Մնացականյանը, Սերգեյ Դանիելյանը (ՀՀ), Իրինա Կլիշչեւսկայան (Ուկրաինա), Վասիլ Զաֆիրչեւան (Մակեդոնիա), Մայքլ Ալթմանը(Գերմանիա), Լյուդմիլա Ուսովան (ՌԴ): Ժյուրիի որոշմամբ, կանացի լավագույն դերակատարման մրցանակը չշնորհվեց, իսկ լավագույն տղամարդու դերակատարների մրցանակին արժանացան Ալեքսեյ Վերտինսկին (Ուկրաինա) եւ Զիահ Սոկոլովիչը (Սլովենիա): Հատուկ մրցանակի արժանացավ Մարկ Ռազովսկին (ՌԴ)ՙ հեղինակային ներկայացման համար:
Փառատոնի Գրան պրի մրցանակը բաժին հասավ Կարինե Խոդիկյանի «Երկրորդ կտակը» ներկայացմանը (բեմադրիչՙ Հակոբ Ղազանչյան), դերակատարներՙ Էլիզաբեթ Հեսս (ԱՄՆ) եւ Բեատե Էհլերս (Գերմանիա): Հովհաննես Բաբախանյանին շնորհվեց նաեւ լավագույն ներկայացման համար հատուկ մրցանակը: Ներկայացումը հրավիրվել է մասնակցելու Մոսկվայի միջազգային մոնո փառատոնին: Եվս մեկ հատուկ մրցանակ շնորհվեցՙ Պարսկաստանից Ֆարիբա Խադեմիին:
ՀԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, տեղեկացրեց, որ ՀԹԳՄ «Արտավազդ» հուշամեդալին է արժանացել Անդրանիկ Խեչումյանըՙ նրա հայրենասիրության եւ թատրոնի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ