Մի քանի օր առաջ «Գեւորգյան» պատկերասրահում բացվեց Նինայի (Խեմչյան) գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Նինան հայաստանյան իր մասնագիտական կրթությամբ այսօր ապրում եւ ստեղծագործում է Փարիզում եւ կարողացել է (ինչպես ներկայացրին ցուցահանդեսի բացման օրը) ֆրանսիական մայրաքաղաքի քմահաճ մթնոլորտում պրոֆեսիոնալ ցուցադրել իր արվեստը: Նա ունեցել է մի շարք ցուցահանդեսներ Ֆրանսիայում եւ նրա սահմաններից դուրս (Բելգիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում):
Հենրիկ Իգիթյանը Նինային ներկայացրեց իբրեւ այնպիսի արվեստագետի, որի համար Հայաստանից դուրս գալն արդյունավորվել է իր արվեստը կատարելագործելու առումովՙ բնավ չնմանվելով նրանց, ովքեր արտասահմաններում երբեմն մեկ-երկու սրճարան-խանութում մի կերպ մի քանի նկար են ցուցադրում կամ վաճառումՙ օրվա հացի փող վաստակելով ու գլուխ գովում, թե բելգիաներում են ցուցադրվում: Իր կարծիքով, գնահատելին դրսում իրենց հաստատած արվեստագետներն են, որով եւ արդարացվում է նրանց մեկնելը Հայաստանից:
«Գեւորգյան» սրահի, Իգիթյանի բնորոշմամբ կիրթ մթնոլորտում ցուցադրված նկարներն արդիական ոճով արված գործեր էին. զանազան դիրքերով, իրար վրա կուտակված, խուճապահար, մարդկային մերկ ֆիգուրներՙ ներկայացված տարաչափ ֆորմաների հարթությունների վրա: Նորույթ էր տարբեր չափերի գնդերի (հավանաբար մետաղյա) կավճագույնի վրա փորագրված մարդկային դեմքերը, պատկերները, տրամադրություններ, որ մեկ հայացքով անընդգրկելի էին: Նայել այդ աշխատանքները պետք էր տարբեր դիրքերից, այնուամենայնիվ, ամենախոսունը դրանց վերնագրերն էին...
Մ. Բ.