Հասմիկ Պապյանը Երեւանում էր
Այն, ինչ տեղի ունեցավ Երեւանում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում 2004 թվականի սեպտեմբերի 10-ին, կատարողական արվեստի իսկական հրավառություն կարելի է համարել: Հանրահայտ երգչուհի, աշխարհի հեղինակավոր օպերային թատրոնների բեմերը զարդարող Հասմիկ Պապյանը հիացրեց օպերային արվեստի գիտակներին ու սիրահարներին: Հիացմունքը, արվեստի այս հրավառությունը պայմանավորված չէր սոսկ Հայաստանում օպերային արվեստի վերջին տարիների անգույն ու տխրադալուկ իրականությամբ: Հասմիկ Պապյանի այս գալա-համերգը պատիվ կբերեր աշխարհի շատ բեմերի:
Եվ հիմա, երբ Հասմիկ Պապյանը Ջոակինո Ռոսսինիի Պամիրայի շուրթերով մրմնջացել է աղոթքը Կորնթոսը կործանումից փրկելու համար, երբ Ջուզեպպե Վերդիի ճակատագրի ուժը եւս մեկ անգամ իր լինելությունն է ապացուցել, երբ Ջակոմո Պուչչինիի Մանոն Լեսկոն կանացի իր հզորության հավաստիքն է տվել մեզ, եւ, վերջապես, երբ ավարտվել է գալա-համերգից հետո բեմում ցուցադրված ճերմակ ու կարմիր վարդերի պատերազմը, կարելի է վստահությամբ ասել. Հասմիկ Պապյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայ օպերային արվեստի մահամերձ հիվանդության մասին խոսակցությունները սոսկ տեղական, հայաստանյան իմաստ ունեն: Մեր մեծագույն արտիստներից մեկիՙ Տաթեւիկ Սազանդարյանի սանուհին եւս մեկ անգամ ապացուցեց, որ մենք օպերային աշխարհում կարող ենք մեր ուրույն տեղն ունենալ: Եվ եթե 15 տարին մեկ (գոնե 15 տարին մեկ) մեր օպերային թատրոնը ցանկանում է կատարողական արվեստի մի իսկական տոն կազմակերպել, պարտավոր ենք ընդունել, որ իրենքՙ օպերային թատրոնի ղեկավարները այնքան ուժ են գտնում, որ Երեւան են հրավիրում Հասմիկ Պապյանին:
Հասմիկ Պապյանի այս մենահամերգը կարելի է մենախոսություն համարել, սքանչելի կնոջ, արվեստի կնոջ մենախոսություն: Իր գեղեցկությամբ ապշեցուցիչ լիրիկա-դրամատիկական սոպրանոն, ամենանուրբ հղկվածության հասած արտիստական խաղը, ավելորդություններից զուրկ դիմախաղը, ձեռքերի շարժումները երեւանցի ունկնդրին ու հանդիսատեսին ստիպեցին կլանված հետեւել մարդկային հոգու ամենանուրբ զգացմունքներին, ապրել այն բոլոր կանանց ողբերգություններն ու սքանչացումները, որ մեզ պարգեւեց Հասմիկ Պապյանը: Արվեստաբանները դեռ ճշմարիտ գնահատական են տալու այս բացառիկ արտիստուհու արվեստին: Նրանք գուցե իրենց մեջ ուժ գտնեն Հասմիկ Պապյանի կատարողական արվեստն ըստ արժանվույն գնահատելուՙ չվախենալով այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքից: Կգա այդ ժամանակը:
Գուցե գա նաեւ այն ժամանակը, երբ իրար հետեւից եկող-գնացող հայ մշակույթին սոսկ խլահավի փետուր ավելացրած եւ Հայաստանի բոլոր մրցանակները, դիպլոմները, կոչումները տուն տարած մշակույթի մեր պատասխանատուները հիշեն, որ Հասմիկ Պապյանը դեռեւս Հայաստանի ժողովրդական արտիստուհու կոչնագիր չունի (անգամ «վաստակավոր»-ների ցուցակում չկա): Հասմիկ Պապյանն այս ամենի կարիքը, առավել եւսՙ պահանջը, չունի: Մշակույթի պատասխանատուներն ունեն: Երաժշտասերները ճանաչում են Հասմիկ Պապյանին, գնահատում նրան...
Միլանի «L՛opera» թերթը Հասմիկ Պապյանին համարելով «Նեղոսի ճշմարիտ աստղ», գրում է. «Մեծագույն հաջողություն էր ունենալ Հասմիկ Պապյանին «Աիդա»-ի գլխավոր դերում: Այս արտասովոր դրամատիկ սոպրանոն օժտված է բացառիկ վոկալ ուժով եւ իշխում է ողջ երգչական կազմի վրաՙ փաստելով իր «Նեղոսի ճշմարիտ աստղ» լինելը: Նաեւ հայ երգչուհին չի թաքցնում վոկալ նրբերանգներըՙ ամենանրբին պիանոյից մինչեւ մեծագույն դրամատիկ լարվածություն»:
Վաշինգտոնի օպերային թատրոնում Բելինիի «Նորմայի» ներկայացումից հետո Լոնդոնի «Opera Now» հանդեսը 2004 թվականի հունվար-փետրվար համարում գրեց. «Հասմիկ Պապյանն ի ծնե օժտված է այն ձայնով, որ դժվար է աշխատանքով ձեռք բերել: Սա մի հզոր գործիք է ջինջ, մաքուր, անսահման հնարավորություններով, ճշգրիտ տոնայնությամբ, տարբեր ելեւէջներով, զարմանալիորեն կենդանի ու ահավոր մեծ պաշարով: Իրինա Միժուրայի հետ զուգերգը (Նորմա-Ադալջիզա) երկնային էր, լիակատար համաձուլում, լիարժեք հավասարակշռություն եւ կատարյալ համահունչ հնչեղություն»:
Հասմիկ Պապյանի երգչական որակը միշտ էլ նկատելի շքեղություն ունի: Դա վերաբերում է արտիստուհու կերտած բոլոր կերպարներին: Բելլինիի կրքոտ քրմուհին, Վերդիի եթովպացի ստրկուհին, Վիոլետան, Մանոն Լեսկոն, Անուշը, Աբիգայլը Հասմիկ Պապյանի ներկայացմամբ նոր որակ են համաշխարհային օպերային արվեստում: Այս մասին բազմիցս վկայել ու վկայում են աշխարհի ճանաչված արվեստագետները:
Եվ բնավ պատահական չէ, որ Հասմիկ Պապյանի խաղընկերներն են համաշխարհային այնպիսի մեծություններ, որպիսիք են Պլասիդո Դոմինգոն, Ելենա Օբրազցովան, Գրեյս Բամբին, Նիկոլայ Գյաուրովը, Դոլորա Զայիկը: Իսկ դիրիժորներ Ռիկարդո Մուտին, Վալերի Գերգիեւը, Մաուրիցիո Արենան եւ շատ ուրիշներ հաճույքով ղեկավարում են Հասմիկ Պապյանի համերգները:
Այս տարի մայիսին եւ հունիսին Հասմիկ Պապյանը հանդես եկավ Մադրիդի «Ռեալ» թատրոնումՙ «Պիկովայա դամա» օպերայի ներկայացման ժամանակ: Նրա խաղընկերն էր Պլասիդո Դոմինգոն (Հերման): Ու այս հանճարեղ երգչի կողքին հրաշալի հնչեց Հասմիկ Պապյանի Լիզան, որի մասին գրեցին աշխարհի շատ ու շատ հեղինակավոր արվեստագետներ...
Գեղագանգուր, հայերենից հայերենի թարգմանելու կարիք ունեցող Հայաստանի մշակույթի պատասխանատուները գոնե այս ու նաեւ շատ բաներ պետք է իմանան Հասմիկ Պապյանի մասին, մի հայուհու մասին, որը հանդես է եկել աշխարհի ամենահռչակավոր օպերային բեմերում, աշխարհի լավագույն դիրիժորների ղեկավարությամբ եւ օպերային արվեստի լավագույն ուժերի հետ: Եվ պիտի իմանան միշտ, որպեսզի միայն 15 տարին մեկ նրան պաշտոնական հրավերով Երեւան չբերեն:
... Հասմիկ Պապյանի Երեւանից մեկնելու նախօրյակին կրկին անգամ բախտ ունեցա նրա հյուրը լինելու: Այս անգամ մեր հանդիպմանը ներկա էին նաեւ Հասմիկի ամուսինըՙ գերմանացի դրամատուրգ Կոնրադ Կուհնը, նրանց երեքամյա հրաշք աղջիկ Սիրանույշը եւ Հասմիկի եղբայրըՙ Հրանտը: Երեւանյան հարմարավետ սրճարաններից մեկում մեր զրույցը նախատեսվածից շատ ավելի ձգվեց, ու ժամանակը... կրկին չբավարարեց: Անկրկնելի բանաստեղծություն (Հասմիկ Պապյան) կարդացածի, անթարգմանելի երաժշտություն (Հասմիկ Պապյան) լսածի հանգույն ես հափշտակությամբ լսում էի 3-ամյա Սիրանույշի անուշ ծլվլոցը, Կոնրադի ընտիր հայերենը («Հասմիկին եմ շնորհակալ այս հայերենիս համար», ասաց Կոնրադը, ով տարիներ առաջ հայերենով է խնդրել մեր Հասմիկի ձեռքը) եւ, անշուշտ, Հասմիկի խոսքը:
Շնորհակալություն հայտնենք ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Աշոտ Քոչարյանին, ով կարողացավ Հասմիկ Պապյանի այս համերգը կազմակերպել պաշտոնական հրավերով:
- Անցած տարի, երբ Վաշինգտոնում ես Նորմա էի երգում, համերգին հրավիրեցի նաեւ մեր նախագահի մամլո քարտուղարինՙ Աշոտ Քոչարյանին: Համերգից հետո վերջինս ասաց, որ ես անպայման պետք է մենահամերգ ունենամ Երեւանում: Եվ նա ամեն ինչ արեց, որ այս համերգը կայանա:
Իսկ դա այնքան էլ հեշտ խնդիր չէ գոնե Հասմիկ Պապյանի համար, որի աշխատանքային օրացույցը «լրացված» է մինչեւ... 2008 թվականը: Պետք էր «պատուհան» գտնել: Եվ դա արվեց հուրախություն բարձրարվեստ երաժշտության սիրահարների:
... Սեպտեմբերի 10-ի փառահեղ համերգն ավարտվեց, երգչուհին մամլո ասուլիս հրավիրեց, ժուռնալիստները «հաշվեցին Հասմիկ Պապյանի բոլոր ոսկորները», նրա եւ նրա համերգի մասին գրեցին, երբեմն չափազանցելով: Այն միտքն արտահայտվեց, թե Հասմիկ Պապյանը խռոված է հեռացել Հայաստանից, հիմա էլ նեղացած է... Բայց ինքըՙ Հասմիկը, այդպես չի մտածում.
- Խռովելու համար շատ մեծ պատճառներ են պետք: Գոնե ես հենց այնպես չեմ կարող խռովել: Այս օրերին ես լսեցի եւ կարդացի, որ ես խռոված եմ գնացել Հայաստանից: Ոչ, այդպես չէ: Հայրենիքից, ծնողից չեն խռովում: Ճիշտ է, ինձ համար երբեմն եղել են դժվար պահեր, բայց ես աշխատել եմ դրանց կողքով անցնել, վիրավորական շատ բաներ չհիշել: Մարդուն կարելի է նաեւ բարությամբ պատժել: Ճիշտ է, իմ արտիստական կարիերայի սկզբում ինձ չուզեցին օգնել, բայց ես դրանից չչարացա, ինքս ինձ կարողացա տեր կանգնել:
Հասմիկ Պապյանի հետ շատ բան ունեինք հիշելու, շատ բան հիշեցինք, շատ բան ճշտեցինք: (Անչափ հետաքրքրական այս զրույցը գուցե կարողանամ ամբողջությամբ ներկայացնել):
... Սեպտեմբերյան այս օրերին գոնե ինձ համար Հասմիկ Պապյանի մենահամերգը հայ մշակութային կյանքի ամենավառ ու ամենակարեւոր իրադարձությունն էր:
... Սեպտեմբերի 10-ին համերգադահլիճ էր ուզում մտնել ձմերուկավաճառ մի մարդ, մեկը, ով չէր կարողացել տոմս գնել: Չգիտեմ, ո՞վ է ավելի շատ գնահատում Հասմիկ Պապյանի արվեստըՙ գիտությունների դոկտորներն ու պրոֆեսորները, թե՞ այս մարդը, բայց համոզված եմ. Հասմիկ Պապյանը մեզ շատ է պետք, գուցե ավելի շատ, քանՙ ինքն իրեն: Մեծ աշխարհում մեր անկյունն ունենալու, մեր անունը չկորցնելու համար մենք դարավոր մշակույթ ենք ստեղծել եւ իրավացիորեն հպարտացել մեր եղածով: Հասմիկ Պապյանն այդ հզոր մշակույթի կարեւոր մասն է: Սա պիտի հասկանան նաեւ մեր մշակույթի պատասխանատուները, եթե անգամ աշխատելու են եկել երեք ժամով:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ