«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2004-09-17 | #164, 2004-09-18 | #165, 2004-09-21


ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ, ԲԱՅՑ ԴԵՌԵՎՍ ՈՉ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ

Այսօր սեպտեմբերի 21-ն է: Երկրի գլխավորՙ Անկախության տոնը: Տոն, որ յուրաքանչյուր պետության համար արժանապատվության եւ հպարտության խորհրդանիշ է: Հայաստանում նույնպես անցած 13 տարիներին ձեւավորվել է անկախության տոնը պետականորեն նշելու ավանդույթը: Բնականաբար, այդ օրը հիշատակվում են այն ծանր զրկանքներն ու թանկ զոհերը, որ տվեցինք սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու եւ արժանավայել ապրելու համար: Հիշատակվում են նաեւ ձեռքբերումներն ու հաջողությունները: Բնական է եւ հասկանալի: Անուրանալի են ինչպես կորուստները, այնպես էլ ձեռք բերածը:

Այդուհանդերձ, պետականորեն նշվող Անկախության տոնը դեռեւս չի դարձել համաժողովրդական: Ժողովրդի ընկալմամբ տոնն այնքանով է տոն, որ ոչ աշխատանքային օր է: Իսկ աշխատանք չունեցողների համար անգամ այդ գիտակցումն էլ չկա: Նրանց համար սեպտեմբերի 21-ը շարքային օր է մյուս օրերից չտարբերվող: Ընդամենը հեռուստատեսությունից տեղեկանում են, որ այսքան տարի առաջ հռչակվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը եւ որ Երեւանի կենտրոնական հրապարակում կկայանան հանդիսություններ, եւ կարեւորըՙ հրավառություն: Սակայն տոնական օրվա տոնական հանդիսությունների շարքում նրանց այս տրամադրությունները չեն նկատվում: Գուցե իսկապե՞ս չարժե այդ օրը դժգոհել կյանքից եւ դժվարություններից: Գուցե չարժե՞ նաեւ լուրջ ուշադրություն դարձնել այդ դժգոհություններին: Այս հարցերին միանշանակ դրական պատասխան կարելի էր տալ, եթե չլիներ մի շատ կարեւոր հանգամանք: Եթե մարդկանց, այդ նույն մարդկանց, որոնք Հայաստանի Հանրապետության իրական կերտողներն են, բայց այդ պետության իրական տերերը չեն, եթե նրանց դժգոհությունները լսվեին մյուսՙ ոչ տոնական օրերին: Եթե այդ դժգոհություններն անցած 13 տարիներին իշխանությունները փորձեին ըմբռնել եւ ազնվորեն ձգտեին դրանց բավարարելու լուծումներ գտնել: Ցավոք, ներկա եւ հատկապես նախորդ իշխանությունները նման ձգտում չցուցաբերեցին: Անկախության տարիները բնակչության մեծ մասի համար զուգակցվեցին խավարի ու ցրտի, հացի հերթերի ու գործազրկության, կենսամակարդի կտրուկ անկման եւ սոցիալական անարդարության, բնակչության մեծամասնության աղքատության պատկերի վրա իշխանավորների եւ նրանց շրջապատի ցոփ ու շվայտ կյանքի հետ:

Անշուշտ, ազատությունն ու անկախությունը ձեռք են բերվում զրկանքներով եւ կորուստներով: Սակայն դրանք չպետք է լինեն միայն ժողովրդի մեկ հատվածի հաշվին, ի հակադրություն մյուս, շատ ավելի սակավաթիվ հատվածի: Եվ ամենակարեւորը: Զրկանքները, կորուստները, հերոս զավակների թափած արյունը, մի խոսքով այն ամենը, ինչ վճարել ենք անկախության համար, ինքնանպատակ չի եղել: Դրանց վերջնանպատակը, ինչպես արդեն նշեցինք, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելն ու արժանավայել կյանքով ապրելն է եղել:

Երբ «Անկախություն» կոչվող իսկապես անգնահատելի տոնը լցվի «արժանավայել կյանք» կոչվող բովանդակությամբ, այն ժամանակ արդեն տոնական այս օրը չի ստվերվի դժգոհություններով եւ բացի համապետական լինելուց, կդառնա նաեւ համաժողովրդական:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4