Երեկ ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ 2004 թ. մարդկային զարգացման զեկույցի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկան արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիզ Գրանդեն: Այս տարվա զեկույցի թեման է «Մշակութային ազատությունը այսօրվա բազմազան աշխարհում»: «Մշակութային ազատությունը մարդկային զարգացման կենսական մասերից է, քանի որ առանց ուրիշների հարգանքը կորցնելու եւ այլընտրանքներից զրկվելու ինքնություն հաստատելը լիարժեք կյանքով ապրելու գրավականներից է, գրված է զեկույցում: Մարդիկ ազատություն են տենչում` իրենց կրոնը ազատորեն դավանելու, մայրենի լեզվով խոսելու, ազգային կամ հոգեւոր ժառանգությամբ հպարտանալու համար` զերծ մնալով ծաղրանքի կամ պատժի ենթարկվելու վախից կամ ընտրության հնարավորությունները զոհաբերելուց: Մարդիկ ազատություն են տենչում` հասարակության լիիրավ անդամ լինելու եւ միաժամանակ ընտրված մշակույթին խարսխված մնալու համար: Այս թվացյալ պարզ գաղափարը անսպառ խռովության աղբյուր է դարձել»:
Վարդան Օսկանյանն իր ելույթում նշեց, որ զեկույցն ապացուցում է, որ այս բազմազան աշխարհում մշակութային հակասությունը կարող է նպաստել երկրների միասնականությանը, զարգացմանը եւ ժողովրդավարության բարձրացմանը: Զեկույցում գրված է, թե մշակութային ազատությունն ինքնաբերաբար չի գոյանում, հենց այնպես, ինչպես ինքնաբերաբար չեն ապահովվում առողջապահությունը, կրթությունը: Մշակութային ազատության խթանումը պետք է հայտնվի կառավարությունների օրակարգի կենտրոնում, անգամ այն դեպքում, երբ հետապնդման եւ խտրականության ակնհայտ արտահայտություններ տվյալ պետությունում չեն նկատվում: Պրն Օսկանյանը հավաստեց, որ Հայաստանն ամբողջությամբ համաձայն է այս զեկույցի եզրակացություններին: «Հայաստանի Հանրապետությունը տարիների ընթացքում կարողացել է ճիշտ քաղաքականություն վարել, այն է` չարհամարհել փոքրամասնություններին` միաժամանակ նրանց ներգրավելով երկրի բոլոր ոլորտներում տեղի ունեցող գործընթացներում»:
Արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ հայերիս համար այս խնդիրներն առավել կարեւոր են ոչ միայն ազգային առումով, այլ համազգային: Հայաստանում ազգային փոքրամասնությունները քիչ են, սակայն աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքներ կան: «Ես կցանկանայի, որ մենք այս հարցերին նայենք տարածաշրջանի, Կովկասի տեսանկյունից», ասաց նա:
Զեկույցում ասվում է, որ մշակութային ազատության ընդլայնումը մարդկային զարգացման կարեւոր նպատակներից է եւ 21-րդ դարում պետք է հատուկ ուշադրության արժանանա: Պրն Օսկանյանը նշելով, որ զեկույցը բավականին հետաքրքրական է, հույս հայտնեց, որ այն լայն տարածում կգտնի մեր հասարակությունում եւ հիմք կդառնա ազգային օրենսդրության համար:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ