Սովետական մեր «բագաժը» դատարկվել է արդեն
Աթենքից դեռեւս չորս տարի առաջ հաստատ պատրաստվում էի հանդես գալ ծավալուն վերլուծական հոդվածով եւ երկար ժամանակ վերնագիր էի փնտրում: Չգիտեմ ինչո՞ւ, միտքս պտտվում էր «Բաց նամակ» վերնագրի շուրջ, թեեւ չգիտեի, թե նամակս ո՞ւմ էի ուղղելու. «Հայ ժողովրդին», «Հայաստանի նախագահին», թե «չգիտեմ ում»: Այն ժամանակ չգիտեի, թե ով կարող է օգնել Հայաստանում սպորտի զարգացմանը: Խնդրում եմ ուշադրություն դարձնել «Հայաստանում սպորտի զարգացմանը» ձեւակերպմանը: Չեմ ասում «Հայկական սպորտի զարգացմանը», քանզի որպես այդպիսին, գոնե մինչեւ 2000 թվականը, իհարկե, իմ կարծիքով, ոչ հայկական սպորտ է եղել, ոչ ռուսական, ոչ վրացական, ոչ էլ առավել եւս ադրբեջանական, քանի որ հարեւան այդ հանրապետությունում տոն տվողները եղել են ազգությամբ հայերը, ռուսները եւ ուրիշները, բայց բնավ ոչ ազերիներ: Մինչեւ 1991 թ. եղել է խորհրդային, այն էլ քաղաքականացված սպորտ, որի գերագույն նպատակը եղել է կոմունիստական գաղափարախոսության տարածումն ու գովազդը: Եվ դրա համար, պետք է խոստովանել, արվել է եւ շատ լավը եւ, իհարկե, շատ վատ բաներ, ընդհուպ քիմիայի չարաշահումը:
Եկեք թվարկենք այն լավը, ինչ խորհրդային տարիներին արվել է սպորտի զարգացման եւ մարզիկների վարպետության ու արդյունքների բարձրացման համար. այն ժամանակ բավարար վարձատրություն թե՛ մարզիչներին եւ թե՛ մարզիկներին, սպասարկող անձնակազմին, գիտության զարգացմանը, ստեղծվում էին մարզումների, հատկապես օլիմպիական խաղերին նախապատրաստության համար, ուղղակի գերազանց պայմաններ եւ որպես դրա լավագույն ապացույց վկայակոչեմ Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր բազան, ըստ որում Խորհրդային Միության եւ ոչ թե Հայաստանի, որը շահագործման հանձնվեց 1967 թ, Մեխիկոյի օլիմպիական խաղերին լավագույն ձեւով նախապատրաստվելու համար, բազմաթիվ մրցումներ...
Ես բոլորովին համաձայն չեմ այն պնդումներին, թե հայկական սպորտը աշխարհին պարգեւել է օլիմպիական 13 չեմպիոն: Նրանք բոլորն էլ, սկսած լուսահոգի Հրանտ Շահինյանից եւ վերջացրած 13-րդ չեմպիոնովՙ ըմբիշ Արմեն Նազարյանով, խորհրդային սպորտի ներկայացուցիչներ են, սպորտի այբուբենը սովորել են Խորհրդային Միությունում, ավարտել են սպորտի խորհրդային դպրոցը, մարզվել եւ օլիմպիական խաղերին նախապատրաստվել են Խորհրդային Միության բարձրակարգ մարզիչների գլխավորությամբ:
Սպորտին մոտ կանգնած մարդիկ, կարծում եմ, կհամաձայնեն ինձ հետ, որ իսկապես, Բարսելոնի օլիմպիական խաղերումՙ 1992 թ., Հայաստանի մարզիկների աննախադեպ հաջողությունը խորհրդային սպորտի բարձունքների անքակտելի մասն է կազմել: Շատերը հնարավոր է չհամաձայնեն ինձ հետ, եթե նույնը ասեմ 1996 թ. Ատլանտայում մեր երկու ըմբիշներիՙ Արմեն Նազարյանի եւ Արմեն Մկրտչյանի հաղթանակների մասին: Սակայն հիշենք, թե մարդը, տվյալ դեպքում երեխան, քանի տարեկանից է հաճախում մարզադպրոց եւ ովքեր են եղել մարզիչները: Արմեն Նազարյանը 96-ին շարունակում էր խորհրդային սպորտի ավանդույթները, եղել է խորհրդային սպորտի դպրոցի սան, գումարած հայ ժողովրդի, կարող եմ վստահ ասել, ամենահերոսական ժամանակահատվածի ոգով ներշնչված: Պատերազմներին մասնակցում են բանակները, հերոսանում են անհատները:
Հետո եկավ 1997 թ.: Սա պատմական տարեթիվ է իր բոլոր բացասական հետեւանքներով: Մարզական հասարակայնության, սակայն սպորտի հետ անմիջական կապ չունեցող մեծ մասը Աթենքի օլիմպիադայում մեր մարզիկների անփառունակ ելույթների գործում մեղադրում է հանրապետական սպորտկոմիտեի նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, մի մասն էլ, ավելի հեռուն գնալով, մեղադրում է նրան բարձր պաշտոն տվողին: Կարելի է համաձայնել, կարելի է նաեւ չհամաձայնել, քանզի Իշխան Զաքարյանը, հատկապես իմ երիտասարդ ու ոչ երիտասարդ գործընկերների կողմից քննադատության է ենթարկվում օլիմպիական մեդալ չշահելու համար, հիշելով, որ նա Սիդնեյի օլիմպիադայից հետո, նույն օլիմպիադայում կրած անհաջողության համար (ընդամենը մեկ բրոնզե մեդալ), քննադատության նետերն ուղղեց ՀԱՕԿ-ի նախկին նախագահ Բենուր Փաշայանի ու ՀԱՕԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Չոբանյանի դեմ, խոստանալով նաեւ, որ Սիդնեյում ՀԱՕԿ-ի փողերը (70 հազար ԱՄՆ դոլար) գողացած ու անհայտ ուղղությամբ ճողոպրած հայկական պատվիրակության շեֆ-միսիա նույն Չոբանյանին Ինտերպոլի միջոցով Հայաստան կվերադարձնի եւ դատ ու դատաստանի առաջ կկանգնեցնի: Դեռ դա էլ ոչինչ: Մարդիկ հիշեցին, որ երբ պարոն Զաքարյանը ընտրվեց ՀԱՕԿ-ի նախագահ, խոստացավ Աթենքի օլիմպիադային մասնակցել ավելի մեծ թվով մարզիկներով (Հայաստանից Սիդնեյ մեկնեցին 28 մարզիկներ) եւ վաստակել ավելի շատ մեդալներ: Ես համոզված եմ, եթե չլինեին Աշոտ Դանիելյանի մրցանակային երրորդ տեղը եւ դրա հետեւանքները, ապա Արսեն Մելիքյանն էլ կզրկվեր իր բրոնզե մեդալից: Ինձ հիմք է տալիս այդպես մտածելու ուղիղ մեկ տարի հետո Թուրքիայում ծանրամարտի առաջնության ժամանակ տեղի ունեցած հայկական թիմի խայտառակությունը: Թող ոչ հռետորական թվա խոսքս եւ ոչ էլ հոռետեսական, եթե ասեմ, որ այդ խայտառակության մեջ մեղավոր էին ոչ միայն Հայաստանի սպորտի եւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարները, որոնք ահա չորս տարի է նույն աղբյուրից են ջուր խմում, այլեւ մենքՙ լրագրողներս, երբ ուղտի ականջում քնած որոշում էինք 2001 թ.10 լավագույն մարզիկներին: Այդ տարի Անթալիայում արգելված դեղամիջոցներ օգտագործելու մեջ մեղադրվեցին չորս ծանրորդներ, որոնցից երկուսըՙ Գագիկ Խաչատրյանը եւ Հակոբ Փիլոսյանը որակազրկվեցին ցմահ, իսկ երկուսն էլՙ Արսեն Մելիքյանը եւ Ռաֆայել Չախոյանը երկու տարով: Երկու տարին դեռ ոչինչ: Մարզական ֆունկցիոներները ինչպես են հանգիստ քնում, երբ ցմահ որակազրկված երկու հիանալի մարզիկները փաստորեն կորցրեցին ամեն ինչՙ թե տարիների քրտնաթոր աշխատանքի արդյունքները եւ թե անգամ ապրելու միջոցը: Շատ լավ իմանալով, որ մեր առաջատար ծանրորդները դատապարտված են միջազգային ֆեդերացիայի կողմից, միեւնույն է, նույն թվականի դեկտեմբերի 30-ին հիշյալ մարզիկներն արժանացան նախագահական պարգեւների: Իսկ հունվարին ամեն ինչ ի վերջո ջրի երես ելավ, սակայն մենքՙ լրագրողներս, միայն արձանագրելով եղածը, կուլ տվեցինք վիրավորանքը:
Ինչո՞ւ, չեմ կարող ասել: Գուցե չխանգարելու Հայաստանում սպորտի զարգացման գործընթացին, գուցե հավատալով խոստումներին: Ինձ թվում է կար մեկ այլ պատճառ եւս: Բանն այն է, որ որքան էլ հավատանք մարդու ֆիզիկական հնարավորությունների անսահմանությանը, միեւնույն է, մարդն առանց քիմիայի չի կարող բարձրացնել նման ծանրություններ: Արդյոք պատահակա՞ն էր, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան անելանելի վիճակից դուրս գալու համար միանգամից փոխեց քաշային կարգերը բարեփոխումների անվան տակ: Այդպես լավ էր. անցյալը մնաց պատմություն, նախկին ռեկորդները փաստորեն պահպանվեցին որպես 20-րդ դարի մեծագույն նվաճումներ, իսկ 21-րդ դարը սկսվեց նոր ռեկորդներով եւ... ուրիշ ոչինչ չփոխվեց: Իմ կարծիքով ծանրամարտը որպես սիրողական սպորտ դատապարտված է. ուշ թե շուտ դուրս է մնալու օլիմպիական խաղերի ծրագրից: Եվ ոչ միայն այն պատճառով, որ առեւտուր անելու եւ կաշառակերության համար պարարտ հող է, այլ այն պատճառով, որ շատ երկրներում, հատկապես տնտեսապես զարգացած երկրներում այդ մարզաձեւն արդեն հարգի չէ: Համոզվելու համար բավական է մի հայացք գցել օլիմպիական ծանրամարտի աշխարհագրության վրա:
Լավ, մեզՙ լրագրողներիս խաբեցին: Իսկ հանրապետության ղեկավարները ինչո՞ւ չանդրադարձան այդ խնդրին: Չէ՞ որ առաջին հերթին ամոթանքի մեծ բաժինը կրեցին ոչ թե մարզիկները, այլ մարզիկներ ծնող ժողովուրդը: Չէ՞ որ դա լուրջ բիծ է. դրանից դեռ առաջ որակազրկվեց Հայաստանի հավաքականը եւ միայն բարերարների փողերով մարվեց խոշոր տուգանքը: Նույնը կրկնվեց նաեւ 2001-ին: Պատմության դասերը մեր ֆեդերացիան այդպես էլ չյուրացրեց եւ ահա 2003 թ. կրկնվեց չկրկնվելիքը: Աշխարհի առաջնության մեր միակ մրցանակակիրըՙ Գեւորգ Դավթյանը նույնպես որակազրկվեց հայտնի պատճառով, իսկ մենքՙ լրագրողներս նրան տեղ տվեցինք 10 լավագույնների ցուցակում, այն էլ երկրորդ տեղը շնորհելով:
Այն պարգեւները, մեդալներն ու պատվոգրերը, գումարներն ու կոչումները, որ հանձնվում ու շնորհվում էին բրեժնեւյան ոճով, ըստ որում մեծի մասամբ ոչ արժանիներին, ի՞նչ եք կարծում, խթանո՞ւմ էին սպորտի զարգացմանը: Իհարկե ո՛չ, հակառակը: Վաղինակ Գալստյանը 2001-ին աշխարհի չեմպիոն դարձավ (փառք ու պատիվ նրան), հաջորդ տարին Եվրոպայի առաջնությունում գրավեց 11-րդ տեղը, Արամ Մարգարյանը աշխարհի չեմպիոն հռչակվեց շնորհիվ այն բանի, որ Թեհրանում կայացած առաջնությունում թուրք ըմբիշ Հարուն Դոգունըՙ այս օլիմպիադայում Մարտին Բերբերյանի առաջին մրցակիցը, արգելված խթանիչներ օգտագործելու համար որակազրկվեց: Հիշենք նաեւ, որ Արամ Մարգարյանը մի քանի տարի բնակություն էր հաստատել Ուկրաինայում եւ հանդես էր գալիս Ուկրաինայի հավաքականի կազմում: Ի դեպ, բռնցքամարտիկ Ալեքսան Նալբանդյանը երկար տարիներ Ռուսաստանի հավաքականի անդամ էր եւ 1999 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց հենց Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո:
Մեր մարզիչները, այն նույն մարզիչները, որոնց կարելի է մեղադրել Սիդնեյի օլիմպիադայում կրած անհաջողության մեջ, ասում են, որ ամեն ինչ արվել է օլիմպիական թեկնածուների նախապատրաստության համար: Ես դրանում չեմ կասկածում, քանի որ հույսը դրվել էր հենց հենակետային կոչված մարզաձեւերիՙ ծանրամարտի, հունահռոմեական ըմբշամարտի, ազատ ոճի ըմբշամարտի եւ բռնցքամարտի վրա: Ու եթե այդպես է, ուրեմն մարզիչները կամ լավ չեն աշխատել, կամ նրանց մասնագիտական, որպես մարզիչ-մանկավարժ, մակարդակը ցածր է: Ու զարմանում ես, թե ինչո՞ւ են մինչեւ հիմա մնացել իրենց պաշտոնում: Թերեւս կան նաեւ այլ պատճառներՙ մարզիչների համար արդարացուցիչ, որոնց մասին կխոսենք հետո: Օլիմպիադայից անմիջապես առաջ հանրապետական սպորտկոմիտեի նախագահի տեղակալ, ՀԱՕԿ-ի գործադիր տնօրեն պարոն Հարություն Յավրյանին հարցրեցի, թե ինչո՞ւ 2000 թ. օլիմպիադան տապալած հենակետային մարզաձեւերի գլխավոր մարզիչները չազատվեցին իրենց պաշտոնից, զրուցակիցս ասաց, որ նրանքՙ օլիմպիական չեմպիոններ Օգսեն Միրզոյանը, Լեւոն Ջուլֆալաքյանը, ինչպես նաեւ Հրանտ Ենոքյանը երիտասարդ են, եւ նրանց մեկ անգամ էլ է հնարավորություն տրվել իրենց դրսեւորելու:
Դրսեւորեցին... Դրսեւորեցին հատկապես նախաօլիմպիական տարվա աշխարհի առաջնություններում, 2003 թ., որոնք համարվում էին վարկանիշային: Ըմբշամարտում առաջին տասը տեղերը գրավողները օլիմպիական վարկանիշ էին ստանում, իսկ մեր մարզիկներից ոչ մեկը 10-ի մեջ չմտավ: Կարծում եմ հարկ չկա այստեղ տալ ռուսաստանցի Մամեդ Աղաեւի անունը, որը շարքային լեգեոներ էր եւ չգիտես ինչպե՞ս եւ ինչո՞ւ հայտնվել է Հայաստանի հավաքականի կազմում, հատկապես, որ Սիդնեյում էլ ոչինչ չարեց, իսկ Աթենքում իր վարքով խայտառակեց մեզ բոլորիս: Ծիծաղելի էՙ գառնեցիները համարում էին իրենց դպրոցի սան, լոռեցիներըՙ իրենց:
Ես Աթենքի օլիմպիադայի բոլոր մանրամասներին չեմ անդրադառնա, քանի որ թե մամուլում, թե ռադիոյով եւ հեռուստատեսությամբ ասվել է շատ բան, թեեւ ոչ բոլորը: Սակայն անհնարին է չասել, որ մեր ձախողումները (խայտառակությունը) տեղի ունեցան ոչ թե ձյուդոյի տատամիի վրա, այլ դրանից երեք օր առաջ, օգոստոսի 11-ին: Մենքՙ հայաստանցի հայերս, մեր հայրենիքը չենք սիրում եւ ոչ էլ հարգում ենք մեր պետական դրոշն ու մեր պետական օրհներգը:
ԼԵՎՈՆ ԱՆԱՆԻԿՅԱՆ
(Շարունակելի)