Լոզանի կազինոյում ավարտին է մոտենում շախմատի միջազգային փառատոնը: Երկրորդ տուրում Հակոբյանն անսպասելիորեն ոչ-ոքի խաղաց շախմատասերներին անհայտ շվեյցարացի Յասպաուլ Բագրիի հետ: Դրանից հետո Վլադիմիրը բարկացավ եւ սկսեց հաղթել բոլոր մրցակիցներինՙ անկախ նրանց կոչումից ու դիրքից: 5 տուրից հետո Հակոբյանը կես միավորով հետ էր մնում շվեյցարացի Ֆաբրիցիո Պատուզոյից, որը շահել էր բոլոր պարտիաները: Հայ գրոսմայստերը հաղթեց նաեւ նրան եւ վերջին տուրից առաջ 5,5 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը: Վստահ, առանց պարտությունների է խաղում նաեւ Տիգրան Պետրոսյանը: 6 տուրից հետո նա Հակոբյանից հետ մնաց կես միավորով: Պետրոսյանի հետ երկրորդ տեղը բաժանում են գրոսմայստերներ Վլադիմիր Բուրմակինը, Վլադիմիր Լազարեւը (երկուսն էլՙ Ռուսաստան), Յանիկ Պելետյեն, Ժոզեֆ Գալահերը (Շվեյցարիա), Միլոշ Պավլովիչը (Սերբիա), Գենադի Գինդբուրգը (Գերմանիա): Նկատի ունենալով, որ շվեյցարական մրցակարգի կանոններով առաջատարները եզրափակիչ փուլում պետք է հանդիպեն միմյանց հետ, պայքարը մրցանակային տեղերի համար շատ սուր կլինի: Բայց մրցանակակիրներից մեկն արդեն հայտնի է: Տիգրան Պետրոսյանը, որի 20 տարին լրացավ մրցաշարի ժամանակ, լավագույն արդյունքն է ցույց տվել պատանի շախմատիստների մեջ:
ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լոզան