Ելնելով ժողովրդագրական ասպարեզում ստեղծված առկա իրավիճակից նպատակահարմար է առաջիկայում կատարելագործել ժողովրդագրական քաղաքականությունը եւ իրագործել օրենսդրական հիմունքներով, պետական կենտրոնացված միջոցների եւ այդ նպատակով գոյացող հիմնադրամի հաշվին, հետեւյալ սկզբունքներով.
1. Վարձու աշխատանքի բոլոր բնագավառներում տղամարդկանց համեմատությամբ կանանց ընձեռել օրական մեկ ժամ տեւողությամբ ավելի կարճ աշխատօր:
2. Հետծննդյան շրջանում վարձով աշխատող կանանց համար, անկախ այն բանից, թե նրանք ընդգրկված են պետական հիմնարկներում կամ մասնավոր անձանց մոտ, սահմանել երկու տարի տեւողությամբ վճարովի արձակուրդՙ անկախ երեխայի համար վճարվող նպաստի չափերից: Կանանց հատկացվելիք գումարի չափը սահմանել վերջին հինգ տարիների ընթացքում նրա ստացած աշխատավարձի միջինով, նկատի առնելով, որ յուրաքանչյուր տվյալ պահին այն աշխատավարձի ընդունված նվազագույն մակարդակից պակաս չլինի:
3. Հետծննդյան շրջանում, օրենսդրական հիմունքներով սահմանված ֆիզիոլոգիական արձակուրդի ընթացքում, վարձու աշխատանքը շարունակելու ցանկություն ունեցող կանանց լրիվ աշխատավարձը պահպանելու հետ շարունակել վճարել նաեւ վերը հիշատակվող նպաստը: Յուրաքանչյուր երեխայի ծնունդից հետո վարձու աշխատանքը շարունակելու ցանկություն չունեցող կանանց աշխատանքային ստաժը համարել շարունակվող չորս տարի ժամանակովՙ ֆիզիոլոգիական արձակուրդից հետո առանց վճարի:
4. Մինչեւ չափահաս դառնալը ծնված ամեն մի երեխայի նպաստի նվազագույն չափը սահմանելիս ելնել ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամուտը պաշտոնապես ընդունված ապրուստի նվազագույն սահմանի վրա պահելու սկզբունքից:
5. Ընտանիքներում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխայի նպաստը սահմանել 40-50 տոկոսով աճող գործակիցներով ավելի բարձր նորմա, քան սահմանված է նախորդ երկու երեխայի համար:
Աղետի եւ սահմանամերձ գոտիներում առայժմ ընդունել 1,5-2 անգամ ավելի բարձր նորմաՙ ծնվող երեխաների հաջորդականությանը համապատասխան աճող գործակիցներով: (Երեք եւ ավելի երեխաներ ունեցողները ծննդաբերող կանանց ընդհանուր թվի չափազանց քիչ տոկոսն են կազմելու):
6. Հանրապետությունում յուրաքանչյուր նորածնին հատկացվող միանվագ նպաստի չափերն ավելացնել եւ ընտանիքում ծնվող առաջին երեխայի համար սահմանել 5-6, հաջորդ երեխայի համար 7-7,5 անգամ ավելի բարձր նվազագույն վճարման նորմա, իսկ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ծնվող երեխայի համար միանվագ նպաստը բարձրացնել 30-35 տոկոսով, աճող գործակիցներով:
7. Մինչեւ երեխայի չափահաս դառնալը, հանրապետական միջին մակարդակի համեմատ, երեք անգամ ավելացնել պատերազմի հետեւանքով ծնողներից զրկված, միայն մեկ ծնող ունեցող եւ հաշմանդամ դարձած մարդկանց երեխաների նպաստի չափերը:
8. Ծովի մակերեւույթից 1500 մետրից ավելի բարձրություններում բնակվող կանանց, յուրաքանչյուր երեխայի համար, սահմանված նպաստի չափերն ավելացնել 45-50 տոկոսով (խոսքը վերաբերում է ինչպես ֆիզիոլոգիական արձակուրդի, այնպես էլ միանվագ նպաստի չափերին): Այն տարբերակել ըստ ծնվող երեխաների հաջորդականության, յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդի համար նպաստ ավելացնել աճող գործակիցներով եւ բնակավայրի գոտիականությանՙ 1501 մետրից սկսած յուրաքանչյուր 200 մետր բարձրության համար նպաստի չափերն ավելացնել 15-20 տոկոսով:
9. Ծովի մակերեւույթից 1700 մետրից ավելի բարձրություններում բնակվող երեք եւ ավելի երեխա ունեցող կանանց թոշակի իրավունք արտոնել 55-60 տարեկանում, տարբերակման հիմքում դնելով երեխաների թիվը, աղետի եւ սահմանամերձ գոտիներում բնակությունը:
10. Նախկինում վարձու աշխատանքներում ընդգրկված կանանց կենսաթոշակի նվազագույն չափը սահմանել երկու անգամ բարձր գործակիցներով, քան վարձու աշխատանքներում երբեւիցե չընդգրկվածներինը:
11. Վարձու աշխատանքի կարգավիճակին հավասարեցնել երեք եւ ավելի երեխաներ ունեցող մայրերին, երեխաների թվին համապատասխան ավելացնել կենսաթոշակըՙ աճող գործակիցներով: Վաղ կենսաթոշակի անցնելու եւ այլ կարգի արտոնությունները, որ հատկացվել են ՀՀ օրենքով չորս եւ ավելի երեխաներ ծնած եւ մեծացրած մայրերին, հավանաբար ճիշտ կլինի հատկացնել երեք եւ ավելի երեխաներ ունեցող կանանց: Մանավանդ վերջիններիս թիվը կշարունակի նվազել:
12. Հատկապես աղետի եւ սահմանամերձ գոտիներում առայժմ, նոր կազմավորվող ընտանիքներին, պետական հողային ֆոնդից հատկացնել հողաբաժին, ինչպես նաեւ տնամերձ հողամաս, բնակարանաշինության համար տրամադրել համապատասխան վարկ եւ շինանյութ ավելի արտոնյալ պայմաններով:
13. Առայժմ աղետի եւ սահմանամերձ գոտիներում երեք եւ ավելի երեխաներ ունեցող մայրերին արտոնել միջմարզային տրանսպորտից ձրի օգտվելու իրավունք, զգալի դարձնել նախադպրոցական հիմնարկներում (հատկապես երկարօրյա) տարբերակված մոտեցումը:
14. Սահմանամերձ գոտիներում անհատական բնակարանային շինարարություն իրականացնող ընտանիքներին տրամադրել վարկՙ աղետի գոտու համար սահմանված պայմաններով: Վարկի մարման տեւողությունը երկարացնել, իսկ մարման տոկոսադրույքը նվազեցնել յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդի կապակցությամբ նվազող գործակիցներով:
15. Լեռնային շրջաններում գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ զբաղվող ընտանիքներին, հարկային քաղաքականությամբ, արտոնել զեղչված չափերով ռենտավճար եւ եկամտահարկ վճարելու իրավունք: Նպատակային վարկ հատկացնելիս նվազեցնել մարման տոկոսադրույքը, երկարացնել ժամկետներըՙ նկատի առնելով ամեն անգամ նոր երեխայի ծնունդը:
16. Հեռանկարում հանրապետության բնակչության մահացության մակարդակը հիմնականում կապված կլինի նրա նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու հետ: Վերջինիս տակ պետք է հասկանալ ոչ միայն արտաքին եւ ներքին գլոբալ գործոնների բացասական ազդեցության կասեցումը, այլեւ զուտ սոցիալական բնույթի հետեւյալ խնդիրների մասնակի լուծումը.
ա) բնակչության բժշկական սպասարկման նոր, առաջադիմական, այդ թվում մասնավոր, խառը, պետական ձեւերի համալիր արմատավորման խթանումը: Այսպես, օրինակ, Հայաստանում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժումը վիրահատության միջոցով եւ այդ ուղղությամբ կադրերի պատրաստումը: Նման բուժումը Հայաստանում հատկանշական է նաեւ այլ հիվանդությունների գծով մասնագետ կադրերի առկայությամբ: Այդ տեսակետից հեռանկարն ավելի ոգեւորիչ կլինի:
բ) բժշկական գիտությանը հատկացվող միջոցների ավելացումը,
գ) առողջապահության ցանցի տարածքային կառավարման կատարելագործումը,
դ) կադրերի որակավորման բարձրացումը եւ այլն:
17. Մանկամահացությունը կրճատելու նպատակով խստորեն մտահոգվել հղի, ծննդաբերող կանանց եւ երեխաներին սպասարկող առողջապահական հաստատությունների ցանցի վերականգնման եւ կարգավորման հարցերով: Մինչեւ 15 տարեկան երեխաներին, կարիքի դեպքում, ապահովել ձրի դեղամիջոցներով:
18. Հետծննդյան շրջանում երկու տարի վճարովի արձակուրդ եւ մինչեւ չորս-հինգ տարի աշխատանքային ստաժը պահպանելու պայմաններում նախադպրոցական հիմնարկներում, ներառյալ մինչեւ չորս եւ հինգ տարեկան երեխաների ընդգրկվածությունը պակասեցնելու հաշվին, բարելավել սպասարկման մակարդակը մանկապարտեզներում, պետության հաշվին ավելացնել դրանց հատկացվող միջոցները: Դա թելադրվում է ավելի առողջ եւ ամրակազմ երեխաներ մեծացնելու անհրաժեշտությամբ, որում ինքըՙ հասարակությունը, պետք է շահագրգռված լինի:
19. Պետական բյուջեի լարվածության պայմաններում մայրության եւ մանկության պաշտպանությանը սատար կարող են կանգնել արհմիությունները, ինչպես նաեւ վարձու աշխատանքի բոլոր օղակները: Խնդիրը վերաբերում է արտադրական օղակներումՙ շահույթներից, բյուջետային հիմնարկներում աշխատավարձի ֆոնդից տնտեսած գումարներից, հատուկ ֆոնդերից միջոցների գոյացմանը եւ դրանց նպատակային իրացմանը:
20. Հանրապետությունում կարելի է ստեղծել հատուկ «մայրության հիմնադրամ», խրախուսել ծնունդը, սատար կանգնել մայրերին, իմաստավորել մայրությունը: Ժողովրդագրական քաղաքականության իրականացմանը կարող են իրենց նպաստը բերել նաեւ ձեռներեց մարդիկ, բաժնետիրական ընկերությունները, բանկերը, առեւտրական օբյեկտները, ստեղծագործական միավորումները, եկեղեցին, հանրապետությունում գործող զանազան ընկերություններն ու կազմակերպությունները:
Վ. Ե. ԽՈՋԱԲԵԿՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս