ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար եւ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն արդեն երկրորդ օրն է վայելում ազատությունը Շուշիի բանտում ավելի քան 4 տարի պահվելուց հետո: Բաբայանը մեղավոր էր ճանաչվել 2000 թ. մարտի 22-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ եւ դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման:
Բաբայանին ազատ արձակելու մասին խոսվում էր արդեն երկու տարի: Սակայն Ղուկասյանի սեպտեմբերի 17-ի հրամանագիրն անակնկալ էր եղել Բաբայանի շրջապատի եւ հարազատների համար: Ուշագրավ է, որ նախկին գեներալը ներման խնդրագիր չի ներկայացրել եւ բանտից ազատվել է մորՙ ԼՂՀ նախագահին ուղղված խնդրագրով: Սա կարող է նշանակել, որ Բաբայանն ինչպես դատարանի դահլիճում մոտ 3,5 տարի առաջ, այնպես էլ այսօր իրեն մեղավոր չի ճանաչում Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի մեջ:
Ինչո՞վ է պայմանավորված նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ դատապարտված Բաբայանին ազատ արձակելու հրամանագիր-որոշումը: Գեորգի Պետրոսյանը ԼՂՀ նախագահի խորհրդականն է եւ ներման հանձնաժողովի անդամ: «Կարծում եմ, որ երկու հիմնական հանգամանք է հաշվի առնվել: Առաջինն առողջական վիճակն է: Համապատասխան բժշկական քննությամբ հաստատվել է, որ դատապարտյալը պետք է երկար ստացիոնար բուժում ստանա, ինչն անհնար է բանտի պայմաններում: Երկրորդՙ ներման խնդրանքով նախագահ Ղուկասյանին դիմել է մայրը: Հիմնականում այս երկու հանգամանքը հաշվի առնելով, փաստորեն, մարդասիրական մոտեցում ցուցաբերվեց», ասաց Պետրոսյանը:
Բաբայանը պետական, քաղաքական, ռազմական գործիչ էր: Հաշվի առնելով այս հանգամանքը, կարո՞ղ ենք ասել, որ Շուշիի բանտից նրա ազատումը նախ քաղաքական որոշում էր: «Ես չեմ զբաղվում քաղաքական որոշումների մեկնաբանությամբ, ես ասացի այն, ինչ ընձեռված է ինձ որպես ներում շնորհելու հանձնաժողովի անդամի», ասաց Պետրոսյանը:
Գրիշա Հայրապետյանն Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչն է: Նա Բաբայանին բանտից ազատելու որոշումը համարում է ողջունելի եւ արդարացված, քանի որ «հանձնաժողով է աշխատել», իսկ «երկրի նախագահը կայացրել է որոշում»: «Կան լուրեր, որ Բաբայանը լուրջ հիվանդություն ուներ եւ, կարծում եմ, մարդասիրական պահը լուրջ դեր է խաղացել», ասաց Հայրապետյանը: Ըստ Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցչիՙ «դժվար է ասելՙ Բաբայանին ազատ արձակելու որոշումը Ստեփանակերտի՞նն է, թե՞ Երեւանինը»:
Հետաքրքրական է, ինչպիսի՞ն է եղել Ռոբերտ Քոչարյանի արձագանքը Սամվել Բաբայանին Շուշիի բանտից արձակելու անակնկալ լուրին:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ