Հայաստանին հնարավոր չէ վախեցնել կամ անհանգստացնել հայտարարություններով, թե նա դուրս է մնում էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերից
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Լեռնային Ղարաբաղը գին չունի, երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը: «Եթե որեւէ մեկը տարածաշրջանային էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերը կապում է ԼՂ հարցի հետ, կարող ենք միանշանակ ասել, որ մենք դրանց միջեւ կապ չենք կարող դնել, որովհետեւ Ղարաբաղը գին չունի եւ այն չենք կարող փոխարինել ոչ երկաթգծով, ոչ նավթամուղներով, ոչ ճանապարհներով», ասաց Օսկանյանը:
«Հայաստանին հնարավոր չէ վախեցնել կամ անհանգստացնել հայտարարություններով, թե նա դուրս է մնում էներգակիրների եւ տրանսպորտային տարածաշրջանային նախագծերից, եւ դրա համար մենք պետք է գնանք զիջումների, արագացնենք լուծումը: Այդ փաստարկը մենք բացարձակապես չենք ընդունում եւ դրանով Հայաստանին վախեցնել հնարավոր չէ: Գուցե 1992-ին հնարավոր էր: Այսօր առանց դրա էլ Հայաստանը կարող է ոչ միայն գոյատեւել, այլեւ զարգանալ եւ հաջորդ հարյուր տարիներին կզարգանա առանց այդ երկաթգծերի, նավթամուղների», ասաց Օսկանյանը:
Ըստ փորձագետների հաշվարկների, եթե կովկասյան տարածաշրջանի բոլոր նավթամուղները, գազատարները, երկաթուղիները անցնեին Հայաստանի տարածքով, ապա որպես տարանցիկ երկիր դրա դիմաց մեր հանրապետությունը լավագույն դեպքում տարեկան կարող էր ստանալ ոչ ավելի, քան 50 մլն դոլար, ինչը կազմում է երկրի բյուջեի ընդամենը տասը տոկոսը:
Օսկանյանը հայտնեց, որ Հայաստանը պատրաստ է ներգրավված լինել տարածաշրջանային ծրագրերին, եթե «մյուս կողմից նման ցանկություն լինի»: Մասնավորապես արտգործնախարարը դարձյալ ասաց, որ Երեւանը պատրաստ է գործարկելու Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգիծը, որը հայ-թուրքական սահմանի շրջափակման պատճառով 1993 թ. ի վեր չի գործում: Ըստ «Ազգի» ունեցած վստահելի դիվանագիտական աղբյուրների, հայկական կողմը Թուրքիային առաջարկել է գործի դնել այդ երկաթուղին, ընդ որում, Երեւանը տարանցման դիմաց համաձայն է հարկ չգանձել:
Այսօր Նյու Յորք է մեկնում արտգործնախարարըՙ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանին: Ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսված է Օսկանյանի հանդիպումն իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլի հետ: Օսկանյանն ասաց, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվելՙ առանց նախապայմանների հասնել դրական արդյունքների. «Խնդիրը մնում է նույնըՙ տեղաշարժ արձանագրել հայ-թուրքական հարաբերություններում, թեկուզ եւ փոքր քայլերով. երկաթգծի բացում, սահմանում ինչ-որ փոխադարձ փոխանակումներ, վերջիվերջո սահմանի բացում եւ ծայրագույն նպատակՙ դիվանագիտական հարաբերությունների հաստատում»:
Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանի արտգործնախարարի հետ նոր հանդիպման պայմանավորվածություն չկա: «Կարծում եմ, որ որոշ ընդմիջում կլինի մինչեւ նախագահներից նոր ցուցումներ ստանալը: Մեր գնահատականը հետեւյալն է. արտգործնախարարներն ավարտել են բանակցությունների առաջին փուլը, տեղի է ունեցել չորս հանդիպում: Առայժմ սպասում ենք լրացուցիչ ցուցումների վերեւից: Եթե այդ ցուցումները լինեն, կարող ենք ասել, որ արտգործնախարարների մակարդակով բանակցությունները կմտնեն երկրորդ փուլ, որը որակական առումով ավելի բարձր հարթակի վրա կլինի եւ ավելի մոտ հարցի կարգավորմանը, քան առաջին փուլը», ասաց Օսկանյանը:
Նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու հանգուցյալ Հեյդար Ալիեւը բանակցային գործընթացը հասցրել էին որոշակի փուլի: Հարցին, թե Ադրբեջանը պահպանո՞ւմ է բանակցությունների շարունակականությունը, արտգործնախարարը պատասխանեց. «Շարունակականության հնարավորությունը չի մերժվել: Չեմ կարող հաստատել, որ շարունակականությունը պահպանվում է: Համենայն դեպս, շարունակականության մի ինչ-որ տարբերակ քննարկվում է, եւ այն Ադրբեջանը չի մերժել»:
«Ազգի» հարցին, թե արտգործնախարարների չորս հանդիպումների արդյունքում ստեղծվե՞լ է բանակցային հիմք, Օսկանյանը պատասխանեց. «Ինչ-որ մի հիմք արտգործնախարարների պատկերացմամբ ստեղծվել է եւ դա փոխանցվել է նախագահներին: Որոշ ակնկալիքներ կային, որ նախագահները համաձայնություն կտան կամ որոշ ուղղումներ կմտցնեն, հատուկ ցուցումներ կտան արտգործնախարարներինՙ այդ ուղղությամբ շարունակելու: Նման ակնկալիք կար, բայց դա (Աստանայում) նախագահների հանդիպման արդյունքում չիրականացավ: Դա, իհարկե, չի նշանակում, թե նախագահները մերժեցին: Քոչարյանն ու Ալիեւը դրական գնահատեցին արտգործնախարարների աշխատանքը եւ կարծում եմ, որ այն, ինչ ներկայացվել է նախագահներին, մնում է նրանց տեսադաշտում եւ նրանք դրա շուրջ թերեւս շարունակեն իրենց քննարկումները: Եզրակացության գալուց հետո երեւի արդեն հստակ ցուցումներ կլինեն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին, եւ արտգործնախարարներինՙ այդ ուղղությամբ շարունակելու կամ չշարունակելու, կամ ինչ-որ ուղղումներ մտցնելու»:
Վարդան Օսկանյանը ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար հայ սպաներին Բաքու չթողնելու փաստը նկատելով ասաց. «Երկու բանակների միջեւ վստահությունը վերականգնելու լավ առիթ էր: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը տեղի տվեց եւ ճնշման ենթարկվեց ինչ-որ փոքրամասնության պահանջներին, ապա մեզ լրջորեն մտահոգում է փաստըՙ արդյոք Ադրբեջանի նոր իշխանությունները կկարողանա՞ն լուրջ փոխզիջումների գնալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»:
Վարդան Օսկանյանը մտահոգիչ եւ անընդունելի որակեց ԵԽԽՀ Ղարաբաղի հարցով նախկին զեկուցող Թերի Դեւիսի զեկույցը. «Այդ զեկույցն այսօր որեւէ իրավական կարգավիճակ չունի, դեռեւս քննարկման առարկա է, զեկուցողը փոխվել է: Նոր նշանակվածը պետք է իր զեկույցը պատրաստի, նա կարող է հենվել Դեւիսի զեկույցի վրա, կարող է արհամարհել»: Օսկանյանը մտահոգիչ համարեց նոր զեկուցող Աթքինսոնի առ այսօր արված հայտարարությունները, որոնք, ի դեպ, հայանպաստ չեն: