ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Սթիվեն Մանը հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ին Աստանայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ միջնորդների հանդիպման նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքի առկայության բացահայտումն էր: Այս մասին հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, վկայակոչելով BBC-ին:
«Մենք երկու կառավարություններին ասում ենք. ժամանակը ձեր օգտին չի աշխատում: Ավելի վատ կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Տարածաշրջանային զարգացումը շրջանցում է Հայաստանը, կառուցվում են խողովակաշարեր, ճանապարհներ, երկաթգծեր, Հայաստանը ձեռքից բաց է թողնում այն օգուտները, որ կարող էր ստանալ տարածաշրջանի հետ տնտեսական ինտեգրումից: Երկիրը բարձր գին է վճարում բանակի համար, որին հարկադրված է պահել: Ադրբեջանի զգալի մասն օկուպացված է, երկրում փախստականների թիվը հասնում է համարյա 1 միլիոնի: Որքան երկար է տեւում հակամարտությունը, այնքան ավելի շատ է ձեռք բերում մշտական իրավիճակի կարգավիճակ, ինչը չի բավարարում այդ երկրին», ասել է Մանը հարցազրույցում:
Ամերիկացի դիվանագետն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման պատասխանատվությունն ընկած է Հայաստանի եւ Ադրբեջանի վրա եւ «այդ արմատական հարցից փախչել հնարավոր չէ»: «Մինսկի խմբի մանդատը չի ենթադրում լուծում գտնել եւ այն կողմերին պարտադրել», ասել է նա: Մանի կարծիքով, երկու երկրներում մեծանում է երիտասարդների սերունդ, որը հակառակ կողմին թշնամի է համարում: «Դա շատ վատ է: Պատային իրավիճակում զարգանում է արմատականությունը: Եթե երկար ժամանակ առաջընթաց չի արձանագրվում, այնքան ավելի շատ հնարավորություններ կան, որ հինգ, տասը, տասնհինգ տարի անց արմատականները կկարողանան օգտագործել իրավճակը», ասել է նա: